Առաջին ծննդյան օրը

Առաջին ծննդյան օրը

Վաղը Վահան Հովհաննիսյանի ծննդյան օրն է, 59-րդը՝ ժամանակացույցով, եւ առաջինը` իր բացակայությամբ: Բնության գծած սահմանագլխին ենք` այս կողմում Վահանի հետ էինք, այն կողմում լինելու ենք առանց Վահանի: Եվ պետք չէ կրկնել ծեծված խոսքը, թե չենք հավատում, որ Վահանը մեզ հետ չէ: Ինչպե՞ս կարելի է չհավատալ, չզգալ այն, ինչ պակասեց Վահանի հեռանալով: Լույս էր ու հանկարծ մթնեց: Կարո՞ղ ես չզգալ:
Օգոստոսի 16-ին Վահանը կդառնար ընդամենը 59 տարեկան: Քչերին է տրվում լինել միանգամից պատմաբան, հնագետ, զենքի քաջ գիտակ, մանկավարժ, հրապարակագիր, գրող եւ քաղաքական գործիչ: Կյանքը, սակայն, Վահանին ստիպեց հիմնավորապես զբաղվել քաղաքականությամբ: Ամեն ինչ շուռ եկավ 88-ի պայքարով ու ԽՍՀՄ-ի փլուզումով, երբ ռեալ հնարավորություն ստեղծվեց վերջապես իրականություն դարձնել ուսանողական տարիների երազանքը` Հայաստանը տեսնել անկախ ազգային պետություն, իսկ հայ ժողովրդին` խորհրդային իշխանության կեղծ դոգմաներից ազատ, մտածող ու արարող:



Հայաստանի անկախության առաջին տարիները, սակայն, հարթ չէին Վահան Հովհաննիսյանի եւ իր կուսակցության` ՀՅԴ-ի համար, որին անդամագրվել էր դեռ 89-ին: 1995-ին Վահան Հովհաննիսյանը եւ նրա ընկերները բանտում էին, իսկ կուսակցության գործունեությունը՝ կասեցված: Այդ ամենը, սակայն, պատճառ չդարձավ, որ նա դույզն-ինչ նահանջի եւ համակերպվի անկախությանը զուգահեռ ի հայտ եկած խորթ երեւույթների հետ: Վահան Հովհաննիսյանն այդ տեսակը չէր: Նրա քաղաքական գործունեության ամենաբուռն շրջանն սկսվեց 1998-ից եւ տեւեց մինչեւ վերջ, երբ Հայաստանի դեսպանն էր Գերմանիայի Դաշնությունում:



1999 թվականից սկսած՝ չորս գումարումների ԱԺ պատգամավոր էր, երկու անգամ ընտրվել է ԱԺ փոխնախագահ, ղեկավարել ԱԺ ՀՅԴ խմբակցությունը, խորհրդարանական հանձնաժողովներ, հայկական պատվիրակություններ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում եւ Եվրանեսթում, որի ղեկավար մարմնի` Բյուրոյի անդամ էր: Ավելորդ է ասել, որ իր գործունեության բերումով ուներ բազմաթիվ բարեկամներ եւ ոչ քիչ թվով հակառակորդներ, բայց թե մեկ եւ թե մյուս կողմի հետ Վահանը միշտ անկեղծ էր, կոռեկտության մեջ՝ անմրցելի, իսկ շփումների ժամանակ ի հայտ եկող նուրբ հումորով` անզուգական: Ու դա էր թերեւս պատճառը, որ Վահանին հավասարապես սիրում ու նրա հանդեպ ակնածանք էին տածում թե գաղափարակիցները եւ թե գաղափարական հակառակորդները:



Վահանը գրում ու ստեղծագործում էր նաեւ: Նրա պրպտուն միտքն ամենուր էր, նա ջանում էր գտնել համայն մարդկության մեջ իր ժողովրդին վերապահված դերակատարությանն առնչվող բոլոր «ինչուների» պատասխաններն ու բացահայտել մեր անելիքը մարդկության ապագայի համար: Անցյալը, Վահանի բառով` «կորսված հնարավորությունների» մի ժամանակաշրջան է եղել: Նրա երազանքն էր` ինչ-որ պահից սկսած, նորոգել ու շտկել կորուսյալ աշխարհը` բոլոր ազգերի հետ միասին: Այս պրպտումների արդյունքը դարձավ նրա «Մանդիլիոն» վեպը, որ գործիչն ընթերցողի սեղանին դրեց հրաժեշտից առաջ, եւ որը կարծես դարձավ բանալի ու պատգամ` հնագույն ժամանակների գոյության պայքարների ընկալման եւ մեր օրերում դրանց մեկնաբանության համար: