Եթե Ալիեվը սահմանադրական բարեփոխումներ առաջարկեր…

Եթե Ալիեվը սահմանադրական բարեփոխումներ առաջարկեր…

Եթե մի կողմ դնենք այն ձեւականությունները, որոնց առկայությամբ ՀՀ գործող Սահմանադրությունը, իբր, կիսանախագահական կառավարում է ապահովում Հայաստանում, ապա դժվար չի լինի նկատել, որ ՀՀ Սահմանադրությունը շատ էլ չի տարբերվում Ադրբեջանի սահմանադրությունից, որն այդ երկրում տոտալ բռնապետություն է ապահովում Ալիեւների կլանի համար:



Ո՞րն է տարբերությունը երկու երկրների սահմանադրությունների, եթե Ադրբեջանի սահմանադրության մեջ գրված է, որ Ալիեւն ինչքան ուզենա, կառաջադրվի, իսկ ՀՀ Սահմանադրության մեջ, թեեւ նման բան չի գրված, բայց ՀՀ նախագահն ինչքան ուզենա, կվերարտադրվի իշխող համակարգի տեսքով: Մեզ դեռ ժամանա՞կ է պետք այս բանում համոզվելու համար: Քսանհինգ տարվա փորձը մեզ չի՞ հուշում, արդյոք, որ մեր ունեցած բոլոր սահմանադրություններն էլ ծառայել են նախագահական միապետությանը եւ ոչ թե ժողովրդին: Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը բավականին ինքնատիպ գնահատական տվեց Հայաստանի, այսպես կոչված, «կիսանախագահական» կառավարման համակարգին: Պատասխանելով լրագրողի հարցին, թե քանի՞ տոկոս կհավաքեք, նա ասաց․ ինչքան ուզենանք՝ «կխփենք», 60, 70, 80… 90: Եվ պատկերացրեք՝ սա կատակ չէ, ոչ էլ բառախաղ կամ խաբեություն: Սա դառը ճշմարտությունն է, որ գործող Սահմանադրությունն է մեզ տվել: Այնպես որ, կինը չի կարող կիսահղի լինել, երկիրը՝ կիսանախագահական: Ռոբերտ Քոչարյա՞նն է կիսանախագահ եղել, թե՞ Սերժ Սարգսյանը, այդ ի՞նչ կարող է անել Ալիեւը, որ չեն կարող անել մեր «կիսանախագահները»:



Իսկ հիմա մի պահ պատկերացնենք, որ միաժամանակ սահմանադրական բարեփոխումներ են առաջարկվում հայերին եւ ադրբեջանցիներին: Ադրբեջանում, բնականաբար, բոլորն ուրախությունից կթռչկոտեն, իսկ Հայաստանո՞ւմ… Քիչ է ասել, թե Հայաստանում համաժողովրդական սուգ է հայտարարվել մեզ պատուհասած սահմանադրական բարեփոխումների պատճառով: Էս ի՞նչ փորձանք էր՝ մտածում ենք հայավարի, եւ տեղից ելնողը հայտարարում է, որ դեմ է բարեփոխումներին: Նման բան մեկ էլ Հայաստանում է հնարավոր՝ հակաբարեփոխման շարժում: Եվ գիտե՞ք ովքեր են հակաբարեփոխականները: Թվարկեմ՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ, ՕԵԿ, Հիմնադիր խորհրդարան, «Ոչ թալանին», «Ոտքի, Հայաստան», «Չենք վճարելու 150 դրամ», «Դուրս մեր գրպանից», «Ո՛չ կարմիր գծերին», «Ո՛չ արագաչափերին», «Ո՛չ տեսագրող սարքերին», «Կարգին պապիկներ», «Կարգին տատիկներ», մի վագոն կորած-մոլորած մարդ-կուսակցություններ եւ այս բոլորի քարոզչության տակ հայտնված մի ողջ ժողովուրդ: Դեմ են եւ վերջ՝ ոչ մի բարեփոխում, մեզ այսպես էլ վատ չեն կերակրում:



Ի՞նչ ասեմ, կերակրվեք «կիսանախագահական» թերմացքով՝ մտածելով, որ ընդդիմություն եք մի քանի պատգամավորով, որ հաջորդ նախագահական ընտրություններում որեւէ մեկիդ կհաջողվի հաղթել համակարգի ներկայացուցչին եւ Հայաստանն ու հայ ժողովրդին հանել տեղապտույտի այս փոսից:



Իսկ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը, ով կողմ է «կիսանախագահական» կառավարման ձեւին, առաջարկել այս բարեփոխումները, որոնցով նախատեսվում է Հայաստանը դարձնել խորհրդարանական երկիր: Ի դեպ, ոմանք պնդում են, որ հենց այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն է առաջարկել բարեփոխումներ անել, ստվեր է գցում գործընթացի վրա: Բայց կարիք չկա, կարծում եմ, ոչ զարմանալու եւ ոչ էլ, առավել եւս, նեղվելու: Պարզապես պետք է հավատալ, որ Սերժ Սարգսյանն էլ կարող է տեսնել ու հասկանալ, որ այս կիսահղի վիճակն այլեւս կործանման է տանում երկիրը, որ հաջորդ նախագահը, եթե ոչինչ չփոխվի, ընտրվելու է փողատերերի, կրիմինալի, թաղային թափթփուկների եւ նմանների աջակցությամբ ու ստիպված է լինելու նրանց կիսանախագահը դառնալ, նրանց անվտանգության երաշխավորը դառնալ՝ փոխանակ մտածելու երկրի զարգացման մասին:
Ինչո՞ւ է ոմանց թվում, թե Սերժ Սարգսյանը չի նկատում ավազակապետություններին հատուկ այն բացասական երեւույթները, որ բուն են դրել Հայաստանում՝ իր նախորդների ժամանակներից սկսած: Եվ վերջապես՝ մի՞թե կարելի է բացառել այն, որ հենց թիվ մեկ պաշտոնյային են ամենից լավ երեւում գործող համակարգի փտածությունն ու, որպես դրա արդյունք, երկրի զարգացման հնարավորությունների բացակայությունը: Այս մասին, իհարկե, այսօր բացահայտ չի խոսվում, բայցեւ դժվար չէ հասկանալ, որ իշխող կուսակցությունն օբյեկտիվորեն սպառել է իրեն, որ միմյանց հաջորդող ՀՀԿ-ական կառավարությունները տապալվում են մեկը մյուսից ավելի խայտառակ ու արագ, որ ԱԺ-ն վերածվում է «քուչի բեսեդկայի», որ ընտրություններով ոչինչ փոխել չկարողացող ժողովուրդը, այլ ելք չգտնելով, լքում է երկիրը: Սրա վերջը պետք է գար մի օր, չէ՞:



Ահա եւ առաջարկվում են բարեփոխումներ, բարեփոխումներ վերեւից, որովհետեւ այսպես շարունակել այլեւս չի կարելի, հնարավոր չէ: Մի երկրում, որտեղ չկա քաղաքական բանավեճ, իսկ եղած բանավեճն էլ միմյանց հայհոյելուց այն կողմ չի անցնում, անհնար է պատկերացնել, որ կգա մեկը եւ գործող Սահմանադրությամբ շատ ավելի լավ կկառավարի, քան իր նախորդը: Սա ուտոպիստ-հակաբարեփոխականների երազների ժանրից է: Այս բարեփոխումներով, սակայն, մեզ շանս է տրվում իրական քաղաքական դաշտ ստեղծելու, իրական կոալիցիա եւ պատասխանատու կառավարություն ձեւավորելու, տնտեսական եւ ֆինանսական խնդիրները հաշվետու-հաշվառուի իրական հարաբերությունների հենքի վրա կարգավորելու, ստացվող վարկերի եւ հավաքագրվող գումարների ճակատագիրը նեղ շրջանակներում տնօրինելու արատավոր պրակտիկայից խուսափելու… Մենք, ինչ է, ուզում ենք, որ այս ամենը մնա հին ձեւով, որ Սերժ Սարգսյանը, հանկարծ, ՀՀԿ նախագահի աթոռի՞ց չղեկավարի Հայաստանը: Սերժ Սարգսյանն այսօր էլ Մելիք-Ադամյան փողոցից է ղեկավարում Հայաստանը, թեեւ շատ հարցերում նույնիսկ Մելիք-Ադամյանի ծերուկներին ոչինչ չի ասում իր մտադրությունների մասին: Այսօր արդեն միահեծան իշխանություն ունեցող Սերժ Սարգսյանը 2018-ին կարող է իշխանության բերել իր մարդուն, բայց հետո, երբ բողոքենք, ասել՝ ես առաջարկել էի բարեփոխել, իսկ դուք չկամեցաք: Ահա եւ կարեւորվում է հարցը՝ իսկ մեր հակաբարեփոխական ընդդիմությունը (Քոչարյանին չհաշված) որեւէ ռեսուրս կամ թեկնածու ունի՞ 2018-ին սոլիդ կերպով ներկայանալու համար, թե՞ սպասում են, որ դրսից, ինչու չէ՝ նաեւ ներսից, մեկն իրենց ֆինանսավորի եւ խաղացնի, որպես ՀՀ նախագահի թեկնածուի:



Մենք պետք է հասկանանք, որ ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել սահմանադրական բարեփոխումների այս շանսը: Անտարբերությունը, քամահրանքը, քննարկումներից կամակոր ձեւով հրաժարվելը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական ուժի կամ անհատի պասիվ պահվածք: Դա նույնն է, թե հայտարարես, որ քեզ չի մտահոգում ընտանիքիդ ապագան: Սահմանադրությունը Լեւոնինը, Ռոբերտինը կամ Սերժինը չէ: Այն բոլորինս է, բայց այնպես է ստացվում, որ լավ սահմանադրություն ունենալու հարցում ավելի շատ «շահագրգռված են» Լեւոնը, Ռոբերտը կամ Սերժը, քան մենք՝ բոլորս միասին վերցրած: Եվ նրանք էլ, օգտվելով մեր անտարբերությունից, միայն իրենց համար են սահմանադրություն գրում, իրենց ճաշակով բարեփոխում եղած սահմանադրությունը կամ փոխում սահմանադրական կարգը: Ժամանակը չէ՞ այդ բնագավառում նրանց մենաշնորհին վերջ տալու: