ՀՅԴ-ն կարող է միայնակ մնալ իր «այո»-ով

ՀՅԴ-ն կարող է միայնակ մնալ իր «այո»-ով

Դատելով ՀՀԿ ԳՄ վերջին նիստից հետո հայրենի յաման ընդդիմադիրների ղրղզումներից, կարելի է միանշանակ ասել, որ «ոչ»-ի ճակատի գնացքը ճանապարհ ընկավ վերջապես: Մենք դույզն-ինչ չենք կասկածում, որ դա տեղի ունեցավ հատուկ հասցեից, հատուկ հրահանգով, որ հնչեցվեց հատուկ շուրթերից: Շարմազանովի հայտարարություններն այն մասին, որ սահմանադրական բարեփոխումներին այլընտրանք չկա, եւ որ «այո»-ի գնացքն արդեն շարժվել է, հենց այդ հրահանգն էր, որովհետեւ «այո»-ի ճակատում ոչինչ էլ չի շարժվել, եթե չհաշվենք Դաշնակցության առայժմ ներքին քննարկումներն ու «այո»-ի քարոզչության ուղղությամբ կազմակերպչական աշխատանքների նախապատրաստությունները:



ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից հետո այսօր միանգամից ակտիվացան հակաբարեփոխականները, որոնք այս պահին արդեն «ոչ»-ի լայն տեսականի են հանել շուկա եւ, միմյանց առաջկտրուկ անելով, իսկական մարդաորս են սկսել: Իրենց ապրանքն են ցուցադրում ՀԱԿ-ը, «Չեք անցկացնի» շարժումը եւ Հիմնադիր խորհրդարանի հենքի վրա ձեւավորված «Հանրային փրկության» ճակատը, որոնք հասցրել են պաշտոնական հայտարարություններ տարածել առ այն, որ մեռնելու են, բայց բարեփոխումներին «ոչ» են ասելու:



Անկեղծ ասեմ՝ հարգում եմ Սերժ Սարգսյանի կազմակերպչական տաղանդը: Ինչպե՞ս է նա կարողանում նույն հասարակության ներսում պայքարել երկու ճակատով՝ ասել եւ «այո», եւ «ոչ», ձեւավորել եւ «այո»-ի, եւ «ոչ»-ի ճակատ, քաղաքական դաշտը վերածել շախմատի տախտակի, խաղալ եւ սպիտակ, եւ սեւ խաղաքարերով:



Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, եկեք մի հայացք գցենք «ոչ»-ի ճամբարի քաղաքական առեւտրականների վրա ու փորձենք հասկանալ, թե նրանցից ով թեկուզ տեսական շանս ունի՝ գործող սահմանադրությամբ գալու իշխանության կամ, այսպես ասած, իշխանափոխություն կատարելու: Ոչ ոք: Եվ կամ՝ անբնական չէ՞, երբ «Հիմնադիր խորհրդարան» հորջորջվող կառույցը դեմ է խորհրդարանական կառավարման մոդելին այնքան, որ պատրաստ է մեռնել, որպեսզի բարեփոխումները չանցնեն:



Լավ, ե՞րբ պիտի հայրենի ընդդիմադիրները դադարեն ջայլամի պես մտածելուց եւ վերջապես հասկանան, որ չի կարելի սրբերի շարքը դասվել՝ սրբապատկերների ֆոնին սելֆի անելով: Եվ, առհասարակ, փրկիչը մեկն է լինում, իսկ նրանք երեքով փրկության երեք ճակատ են բացել եւ դեռ ուզում են, որ մարդիկ հավատան իրենց: Ձեր շուրթերով, հարգարժան յաման ընդդիմադիրներ, այսօր ՀՀԿ-ն է բարբառում: ՀՀԿ-ն «այո»-ի ճամբարում այնպիսի դեմքերի է նշանակել, որոնք իրենց ֆիզիանոմիայով անգամ «ոչ» են նշանակում, էլ ուր մնաց, թե «այո» քարոզեն: Եվ ՀՀԿ-ն, որ սովոր է «պապայով» իշխանական բուրգի ավարտուն հավերժությանը, հենց ձեր միջոցով է քարոզում այդ չարաբաստիկ «ոչ»-ը, որպեսզի հետո, երբ հարցը դրվի հանրաքվեի, նաեւ ժողովրդի քվեով հավերժացնի ձեւավորված համակարգը:



Տա Աստված, իհարկե, որ առաջիկայում փրկության բազմաթիվ ճակատներից, իշխանափոխություն անելու սուտ խոստումից բացի, գոնե մեկ հատիկ լուրջ փաստարկ բերվի հօգուտ «ոչ»-ի: Մենք դրա համար միայն ուրախ կլինենք, մինչդեռ շատ տխուր է, երբ տարիներ շարունակ ժողովրդին իշխանափոխություն խոստացող փրկիչները հասել են այն կետին, որ «ոչ» են ասում մի բանի, որը շանս է տալիս իրական իշխանափոխության:
Օրերս Սերժ Սարգսյանը նախագահականում շարան-շարան երամներ էր ընդունում, որոնց հետ, իբր, քննարկում էր սահմանադրական բարեփոխումների հետ կապված խնդիրներ: Մինչ այս պահը, սակայն, միայն ՀՅԴ-ն է հստակ հայտարարել բարեփոխումներին «այո» ասելու իր որոշման մասին, որոշում, որ ձեւավորվել է ոչ թե նախագահական այցելելու արդյունքում, այլ հանդիսանում է այդ կուսակցության գաղափարախոսության անկապտելի մասը: Իսկ ինչո՞ւ են լռում մյուսները, որոնք շատ ավելի ներկայացուցչական կազմով են եղել նախագահականում: Խոսքը ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՀՇ-ի, «Ազատ դեմոկրատների» եւ մյուսների մասին է, որոնք դեռ շարունակում են պոչ խաղացնել «այո»-ի եւ «ոչ»-ի արանքում. այ, եթե սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն ընդունի մեր այս առաջարկը, մենք «այո» կասենք: Տո լավ է… Ավելի ազնիվ կլիներ խոստովանելը, թե ձեր ականջին ինչ է ասել Սերժ Սարգսյանն այդ հանդիպումների ժամանակ: Եթե պետք է «այո» ասեք, ապա ո՞ւր է ձեր համագործակցությունը ՀՅԴ-ի եւ մանավանդ ՀՀԿ-ի հետ:



Ո՞ւր է «այո»-ի ճակատը: Այս մասով հայտնի է միայն, որ, ամենայն հավանականությամբ, հանրաքվեի ժամանակ Հովիկ Աբրահամյանն է գլխավորելու «այո»-ի շտաբը: Եվ այս թեական ինֆորմացիայի հիման վրա էլ Շարմազանովը հայտարարում է, որ «այո»-ի գնացքը շարժվել է: Դու անձամբ, ասա, մատդ մատիդ խփե՞լ ես այդ գնացքը ճանապարհ դնելու համար: Ես, պարոն Շարմազանով, շատ կզարմանամ, եթե պարզվի, որ Մելիք-Ադամյան փողոցում մի հանձնախումբ է ձեւավորվել, որն զբաղվում է եւ հետո էլ պետք է զբաղվի «այո»-ի քարոզչությամբ:



Մնում է համակերպվել այն մտքի հետ, որ «այո»-ի ճակատը կգործի միայն Հանրապետության փողոցում՝ ՀՅԴ-ի եւ նրա համակիր քաղաքական շրջանակների ջանքերով: Այս ուժերին լուրջ ճակատամարտ է սպասվում իշխանություն-ընդդիմություն բլոկի դեմ, որ «ոչ-ի ճակատ» անվանումն է ստացել: