Բարեփոխումներին ասեք՝ «ոչ», և իշխանափոխություն կլինի

Բարեփոխումներին ասեք՝ «ոչ», և իշխանափոխություն կլինի

Ո~վ, հայ ժողովուրդ



Դու մեկ էլ ե՞րբ ես այսքան փրկիչ ունենալու: Հավատա փրկությանդ և սահմանադրական բարեփոխումներին ասա՝ «ոչ»: Փրկիչներդ այդ են թախանձում քեզնից: Ասա՝ «ոչ», որ իշխանափոխություն տեղի ունենա, այլապես չես փրկվի: Կատակ չեմ անում:



Ո~վ, հայ ժողովուրդ



Մի՞թե այդքան դժվար է հասկանալ, որ այս բարեփոխումները մերժելուց հետո կգա 2018 թվականը, Սերժ Սարգսյանը կհեռանա և իշխանափոխություն կլինի: Քո փրկիչներն, ահա, այնպես են վիզ դրել, իսկ դո՞ւ... Հիշիր, թե ինչպիսի հերոս ընկերներ մեռան այդ բաղձալի իշխանափոխության համար, մեռան, չկորան... Ու հիմա եկել են դուռդ և թախանձում են «ոչ» ասել:



Ո~վ, հայ ժողովուրդ



Իշխանափոխությունը երբեք այսքան մոտ չի եղել: 2018 թվականին դու կունենաս բոլորովին նոր նախագահ, բոլորովին նոր երկիր: Փրկիչներդ խոստանում են, որ մեկ գիշերվա մեջ, ինչպես Խաչատուր Աբովյանն է ասել, «ղզլբաշի» չար շունչը մեր երկրիցը կհալածվի:



Ո~վ, հայ ժողովուրդ



Ավելորդ հարցեր մի տուր, թե ով է լինելու այդ բոլորովին նոր նախագահը: Հիմա ժամանակավրեպ է փրկիչների մեջ գզվռտոց գցելը: Առայժմ թույլ տուր, որ նրանք քեզ փրկեն: Իսկ դրա համար պետք է սուսուփուս «ոչ» ասել բարեփոխումներին, այդկերպ հանրաքվեն վերածել իշխանափոխության հանրաքվեի և սպասել 2018 թվականին, որ փրկիչներդ Սերժ Սարգսյանին հեռացնեն նախագահական նստավայրից և իշխանափոխություն անեն, այն է՝ իրենք դառնան նախագահ:



Ո~վ, հայ ժողովուրդ



Հիշիր, թե ինչպես ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ, Ռոբերտ Քոչարյանը եկավ և իշխանափոխություն տեղի ունեցավ: Հիշիր 2008-ը, երբ Ռոբերտ Քոչարյանը հեռացավ, Սերժ Սարգսյանը եկավ, և դարձյալ իշխանափոխություն տեղի ունեցավ: Այդպես էլ կգա 2018-ը, Սերժ Սարգսյանը կհեռանա, մեկ ուրիշը կգա և կրկին իշխանափոխություն կլինի: Բացառված չէ, իհարկե, որ այդ ուրիշը փրկիչներիցդ մեկնումեկը չլինի: Բայց դա քո պրոբլեմը չէ, ով հայ ժողովուրդ, այլ փրկիչներիդ: Ոչինչ, նրանք սովոր են... Մի երկու օր ցույց կանեն, հետո այդ բոլորովին նոր նախագահի հետ տասը տարով պայմանագիր կկնքեն ներքաղաքական ճակատում ապուշի դեր կատարելու համար և կգնան տներով:



Ո~վ, հայ ժողովուրդ



Հնարավոր է՝ փրկիչներդ այդ ամենն այնքան վարպետորեն անեն, որ դու չզգաս էլ, թե ինչպես իշխանափոխություն եղավ: Պետք է փիլիսոփայորեն մոտենալ հարցին: Իշխանափոխությունը դա դոգմա է, մի բան, որին պետք է ուղղակի հավատալ, մանավանդ, երբ փրկիչներն են այդ մասին ասում: Այ, դուք Շեպետովկայում չեք եղել, չէ՞: Դա հո չի՞ նշանակում, որ այդպիսի քաղաք չկա: Ուրեմն պետք է հավատալ, և իշխանափոխությունը կլինի:



Մնում է՝ «ոչ» ասել: Հեչ որ չէ՝ հանուն փրկիչների, որոնք այս 25 տարվա մեջ երկու խոշոր իշխանափոխություն են արել, սակայն համառորեն շարունակում են փրկչի իրենց համեստ, բայց պատվաբեր դերը խաղալ:



Ո~վ, հայ ժողովուրդ



Ասա՝ «ոչ», օգնիր նրանց՝ մնալ քո փրկիչը: