Արան եկավ, գող-գող գնաց

Արան եկավ, գող-գող գնաց

Հայաստանի քաղաքական դաշտում իվանիշվիլիական հավակնություններ դրսեւորող Արա Աբրահամյանը որոշել է տեւական ժամանակ կիսագաղտնիության քողի տակ գործունեություն ծավալել: Պատճառը ոչ միայն առաջին անհաջող ասուլիսն ու աղմկոտ հայտնությունն էր քաղաքական երկնակամարում, որպեսզի ժամանակի ընթացքում ադապտացվի քաղաքական անցուդարձին, այլեւ որոշակիության պակասը: Դրա համար էլ Աբրահամյանի միքանիօրյա հայաստանյան այցի մասին հայտարարություններ չեղան, միջոցառումներ կազմակերպվեցին, նա հանրությանը չներկայացավ, ընդամենը մի կցկտուր, անորոշ հայտարարություն եղավ․ «Երեւանում նոյեմբերի 24-ին կայացել է «Ազգային միասնություն» շարժման նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը, որտեղ շարժման կազմկոմիտեի նախագահ է ընտրվել Արա Աբրահամյանը: Նիստին մասնակցել են ներկայացուցիչներ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից։



Շարժման նպատակն է Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով համապատասխան գործունեության իրականացումը, Հայաստան-Սփյուռք տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդումը, Արցախի տնտեսական անվտանգությանը միտված ծրագրերի իրագործումը եւ տարբեր երկրներում ներկայացված հայ գաղթօջախների միջեւ հարաբերությունների զարգացումը»: Հայտարարությամբ տեղեկացրել էին նաեւ, որ նիստին նախորդել են Արա Աբրահամյանի հանդիպումները Երեւանի եւ մարզերի «շահագրգիռ» խմբերի հետ՝ «գործարարներ, մեդիա դաշտի ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, հասարակական-քաղաքական գործիչներ» եւ այլն։



«Կազմկոմիտեն որոշեց Շարժման գաղափարներն ու ծրագրերը տարածելու եւ հանրության լայն շրջանակներին ներգրավելու համար ստեղծել մարզային գրասենյակներ եւ համապատասխան կառույցներ։



Նախատեսվում է, որ Շարժումն իր առաջիկա մեծ համաժողովը կկազմակերպի հաջորդ տարվա ապրիլին, իսկ մինչեւ այդ՝ կազմկոմիտեն կձեւավորի իր աշխատանքային գրաֆիկը։ Շարժման ընդգրկունությունն ապահովելու համար որոշում կայացվեց նաեւ կառույցներ ստեղծել արտերկրում, մասնավորապես՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Արգենտինայում, Իսրայելում, Չինաստանում, Ղազախստանում, Իրանում եւ Ֆրանսիայում»: Մեզ հայտնի դարձավ, որ Արա Աբրահամյանը մասնավորապես հանդիպել է Ռամկավարների ղեկավար Էդվարդ Անտինյանի, ՕԵԿ անդամների, Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանի, ինչպես նաեւ քոչարյանամերձ լրատվականների ղեկավարներ Անդրանիկ Թեւանյանի, Երվանդ Բոզոյանի հետ: Մեր տեղեկություններով, Ա. Աբրահամյանն այս կուսակցություններին առաջարկել է լուծարվել եւ մտնել իր ձեւավորելիք կուսակցության շարքերը: Նա պատրաստվում է «Ազգային միասնություն» շարժումը հետո կուսակցություն դարձնել: Եվ հավաքի ժամանակ ասել է, որ ունի Պուտինի «դաբրոն» ու մասնակցելու է գալիք խորհրդարանական ընտրություններին։ Ավելին՝ ռեալ հնարավորություններ ունի հաջորդ խորհրդարանում 50+1 տոկոս հավաքելու:



Ուշագրավ է, որ կողմերը դեռեւս չեն ցանկանում խոսել այդ հանդիպման մասին, Էդվարդ Անտինյանը չպատասխանեց մեր հարցերին, իսկ Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանն էլ հորդորեց բավարարվել այն ինֆորմացիայով, որը հրապարակվել է։ «Այդ հանդիպումները չեն մեկնաբանվում, երբ մեր կազմկոմիտեն ձեւավորվի, դրա մասին արդեն կասվի»,- ասաց նա՝ հավելելով. «Ինչ որ առաջիկայում կատարվի, մենք հերթականությամբ կտեղեկացնենք, մի անհանգստացեք»: