Փողով հազիվ 5000 դրամի առեւտուր է լինում. Հրազդանում խանութները փակվում են

Փողով հազիվ 5000 դրամի առեւտուր է լինում. Հրազդանում խանութները փակվում են

Կոտայքի մարզի որոշ գյուղերում առևտուրը նվազել է, խանութները՝ դատարկվել, գյուղացիների պարտքերի ցուցակներն ամփոփվում են ոչ թե մեկ, այլ մեկ տասնյակից ավելի տետրերում: Այս ամեն հետ մեկտեղ փակվում են փոքր առեւտրի օբյեկները: Գյուղերին չեն զիջում նաեւ քաղաքները: Օրինակ՝ Հրազդան քաղաքում մեկ տարվա ընթացքում 3-4 խանութ է փակվել: Խանութը փակելու պատճառներրից մեկը առեւտուր չլինել է. «Ընտանիք պահելը հիմա դժվար է, մարդիկ ապրանքը պարտքով են տանում, ամիսներ շարունակ պարտքերը չեն վերադարձնում, իսկ խանութն էլ դատարկվում է, չենք կարողանում գոնե մատարակարի փող տալ, պարտք էլ չենք տալիս, փողով հազիվ 5000 դրամի առեւտուր է լինում», -ասում է տիկին Մարինեն / անունը փոխված է/, ով մի քանի օրից կփակի խանութը:



Մեր բնակիչներից շատերը հենց լսում են, որ մի խանութում թեկուզ 50 դրամ էժան ապրանք են վաճառում անգամ, անմիջապես հարցնում են. «Ինչո՞ւ է էժան, կամ արդեն սեզոն անցել ա էժան են տալիս, կամ էլ փակվում է»: Այցելեցինք տվյալ խանութ: Խանութն իսկապես փակվում է: Վաճառողուհին ասաց, որ եւս մի քանի օր էլ կգործի, մնացած ապրանքը ինչ գնով առել են, այն գնով էլ վաճառում են, գոնե կարողանան մնացած ապրանքների պարտքերը փակել. «Կգրենք՝ տրվում է վարձով, եթե ցանկացող լինի, թող աշխատացնի», -ասաց խանութի սեփականատերը:



Ի դեպ, Հրազդանում ամեն քայլափոխի կարող ես հանդիպել մեկ կամ երկհարկանի շինություններ, վրան գրված՝ տրվում է վարձով: Ստացվում է որ ժամանակին մարդիկ գումար են ունեցել, շինարարություն արել՝ հույս ունենալով, որ տարիներ հետո եկամուտ կունենան, հիմա անգամ վարձով չեն կարողանում տալ: Փոխարեն Հրազդանում «զարկ» է տվել փողոցային առեւտուրը: Օրվա հացի գումար վաստակելու համար մարդիկ դռնեդուռ են ընկնում, ապրանք վաճառում, կամ էլ փողոցի բանուկ հատվածներում նստած առեւտուր անում:



Նելլի Կարապետյան