Դավիթ Հարությունյանի եղբայրն ընդդեմ Արթուր Բաղդասարյանի

Դավիթ Հարությունյանի եղբայրն ընդդեմ Արթուր Բաղդասարյանի

«Շոտլանդական վիսկի ընկերությունն» ընդդեմ «Հայասի» ընկերության» գործը դեռ նախնական դատավարության փուլում է գտնվում, հերթական նիստը նշանակված է ապրիլի 8-ին:



Մենք  գրել էինք, որ «Հայասին» ոչ միայն ֆինանսական, այլեւ իրավական խնդիրներ ունի․շոտլանդական վիսկի արտադրող ընկերությունը դատի է տվել «Հայասիին», քանի որ վերջինս «Շոտլանդական վիսկի» ապրանքանիշով խմիչք է արտադրում։ «Շոտլանդական վիսկի ասոցիացիան» դիմել է դատարան՝ պահանջելով «Հայասիին» արգելել «ապօրինի գործունեությունը, կեղծ արտադրանքը շրջանառությունից հանել եւ ոչնչացնել, իրավախախտումները կանխել, վնասները հատուցել»: Դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, արգելանք է դրել «Հայասիի» ապրանքների վրա։ Գործի քննությունն անցնում է անաղմուկ, պատճառը  գուցե այն է, որ գործը լսվում է ոչ թե Երևանում, այլ Աշտարակում:



Գործի էությունից առավել հետաքրքիր են ներգրավված կողմերը: Եթե «Հայասին» կապվում է «Հայկական վերածնունդ» դարձած նախկին ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի անվան հետ, ապա «Շոտլանդական վիսկին» դատարանում ներկայացնողը եւս պակաս հայտնի մարդ չէ, իշխանությունները ընդդիմադիր «Հայկական վերածննդի» ղեկավարի դեմ հանել են իրենց իրավական ծանր հրետանի համարվող Դավիթ Հարությունյանի փաստաբան եղբորը՝ Հայկ Հարությունյանին: Hraparak.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող ընկերությանը հաղթելու շանսերը. «Ես չեմ կարող այդ հարցին ճիշտն ասած պատասխանել, որովհետև ընդհանրապես մեկնաբանություններ չեմ կատարում մինչև գործի քննության ավարտը, որպեսզի որևէ կերպ չազդի գործի քննության վրա»: Պարոն Հարությունյան, Արթուր Բաղդասարյանի անունը տվյալ դատական գործի մեջ Ձեզ խանգարու՞մ է, թե՞ օգնում. «Նորից եմ ասում, որևէ մեկնաբանություն այլ հարցերի վերաբերյալ տալ չեմ կարող».- պատասխանեց Հայկ Հարությունյանը:



Ի դեպ, գործը վստահվել է երիտասարդ դատավոր Գևորգ Նարինյանին, կհաջողվի՞ նրան պաշտպանել «դատավորի անկախությունն» ու չենթարկվել ճնշումների նման ուժեղ «հակառակորդների» կողմից, ցույց կտա ժամանակը: Չի բացառվում, որ դատավորի վճիռն ուղիղ կախված լինի հետագա քաղաքական գործընթացներից, օրինակ թե ինչպես կպահի իրեն «վերածնված» ՕԵԿ-ի ղեկավարն արդեն սկսված նախընտրական պրոցեսում, հակառակ դեպքում՝ Արթուր Բաղդասարյանի քաղաքական վերածնունդը կկանխեն դատարանով