ԱՊՊԱ կամայականություններ

ԱՊՊԱ կամայականություններ

ԱՊՊԱ-ի մասին օրենքի կետն ասում է, որ, եթե քաղաքացու վարած տրանսպորտային միջոցին վնաս է հասցվել մեկից ավելի ավտոմեքենաների կողմից, ապա տվյալ քաղաքացին կարող է դիմել նրանցից մեկի կամ մյուսի ապահովագրական ընկերությանը և փոխհատուցում ստանալ: Իսկ թե նրանք ինչ կորոշեն իրար մեջ, դա արդեն տուժող քաղաքացուն չի վերաբերում:



Սրանից ավելի դեմոկրատիկ և խելացի բան նույնիսկ դժվար էլ կլիներ մտածել: Բայց, ինչպես հետո պարզվում է օրենքի հետագա ընթերցումից, ուրախանալու առանձին պատճառ չկա, որովհետև հաջորդիվ կարդում ես, որ ապահովագրական ընկերությունը կամ «Բյուրոն» կարող են լրացուցիչ քննություն նշանակել՝ պարզելու համար բուն մեղավորին:



Նկատեցի՞ք հակասությունը երկու կետերի միջև: Տեսեք՝ մի կետով ինձ ասում են եթե քո մեքենային վնաս են պատճառել տարբեր ԱՊՊԱ ընկերություններ ունեցող մեկից ավելի մեքենաներ, դու կարող ես դիմել նրանց ապահովագրական ընկերություններից մեկնումեկին և պահանջել փոխհատուցում: Իսկ մյուս կետով ամրագրել են, որ ընկերությունները կարող են լրացուցիչ փորձաքննություն նշանակել և քեզ գցել հոգեմաշ սպասումենի և անլուր տվայտանքների գիրկը: Ինչո՞ւ: Փոխհատուցման համար նախատեսված 5 օրը որտեղ, երեք ամիսը որտեղ: Եվ որևէ երաշխիք էլ չկա, որ մի որոշակի խելամիտ ժամկետում կտեղավորվեն: Բանն այն է, որ ապահովագրական ընկերությունը կամ «Բյուրոն» յուրաքանչյուր կետանցված օրվա համար այս օրենքով պարտավոր է վճարել փոխհատուցման ենթակա գումարի ընդամենը 0.1 տոկոսի չափով տույժ, այսինքն կոպեկներ, որոնցով որևէ կերպ չես բուժի տուժողի նյարդերը և չես փոխհատուցի ավտոմեքնայի պարապուրդից կրած վնասը:



Իսկ հիմա պատկերացրեք այս նույն օրենքը ԱՊՊԱ ընկերությունների կամ «Բյուրոյի» ձեռքում, որոնք կծծի սատկում են և ամեն կերպ ջանում «քցել» քաղաքացուն, ով պետք է ստանա փոխհատուցումը: Մտնում ես նրանց օֆիսները՝ բարևդ մոռանում ես: Բայց երբ գալիս է փոխհատուցման գումարի չափը հնչեցնելու պահը, այնպես են կուչուհուփ գալիս, որ քիչ է մնում դու ձեռքդ գրպանդ տանես՝ իրենց փող տալու համար: Ի՞նչ «սորտ» են սրանք:



Այս տարիների ընթացքում (ինչ ներմուծվել է ԱՊՊԱ-ն), ես այդ ԱՊՊԱ-ներին երևի թե մի քանի հարյուր հազար դրամ եմ տվել: Չեմ ունեցել ոչ մի «արկած», իմ պատճառով իրենք ոչ մի լումա չեն ծախսել և միայն աշխատել են: Բայց հիմա, երբ եկել է ժամանակը ինձ փոխհատուցելու, իրար վրա են գցում, փորձաքննություն են նշանակում ու դեռ չգիտեմ էլի ինչեր են անելու: «Դուք հանգիստ մնացեք, պալյուբոմու ձեզ կփոխհատուցեն: Մենք գրավոր տեղյակ կպահենք»,- սա եմ վերջին անգամ լսել իրենցից: Ե՞րբ կլինի դա՝ միայն իրենց է հայտնի ու մեկ էլ Աստծուն: Իսկ որ ես այդ օրերին տուժելու եմ մեքենաս չօգտագործելու պատճառով, արդեն իրենց չի հետաքրքրում:



Էլ ի՞նչ երկարացնեմ: Ամեն ինչից երևում է, որ սա Տիգրան Սարգսյանի ժամանակ ընդունված օրենք է, որի նպատակն ամենևին էլ քաղաքացուն մարդատեղ դնելը չէ: Շատ խելք պետք չէ գեղեցիկ խոսքերով մարդուն ապահովագրելու և փոխհատուցումը նրա քթից հանելու համար: Ուստի մեր կառավարությանը կխնդրեի նորից անդրադառնալ այս հարցին:



Հ.Գ. Հարգելի կառավարություն և ԱԺ պատգամավորներ, հուսամ տեղյակ եք, թե ինչ է սպասվում այն քաղաքացուն, ով մեքենան կվարի առանց ԱՊՊԱ-ի կամ կուշացնի ԱՊՊԱ-ն: Խնդրում ենք համարժեք տույժեր սահմանեք նաև այն ընկերությունների համար, որոնք չեն ուզում վճարել կամ ուշացնում են փոխհատուցումը: Այդպես ավելի արդար կլինի:



Էդիկ Անդրեասյան