ՀՀ ԱԳՆ-ն և Ոստիկանությունը քնա՞ծ են կամ՝ տեղեկատվական բադիկներ «Առավոտից»

ՀՀ ԱԳՆ-ն և Ոստիկանությունը քնա՞ծ են կամ՝ տեղեկատվական բադիկներ «Առավոտից»

«Առավոտ» թերթն այսօր գրել էր. «Արդեն երկրորդ օրն է՝ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները ահազանգում են, որ Ռուսաստանի տարբեր երկրամասերում ազգությամբ հայերին ոստիկանության բաժանմունքներ են տանում հենց փողոցից` անձը հաստատելու, ինչպես որ նախօրեին արվում էր Խորենացի փողոցում: Մեր զրուցակիցների պատմելով՝ ռուսաստանցի ոստիկանները կին, երեխա, մեծ ու փոքր չեն նայում` հենց փողոցից տանում են: Մեր շատ հայրենակիցներ անգամ չեն էլ իմանում, թե խոսքն ինչի մասին է, եւ միայն ոստիկանական բաժանմունքներում են նրանց տեղյակ պահում, որ իրենց` ոստիկանությունում գտնվելը Հայաստանում այս օրերին ընթացող իրադարձությունների հետ է կապված... Ասում են, քանի որ Հայաստանում «տեռորիստական» ակտ է տեղի ունեցել, մենք պարտավոր ենք ստուգելու բոլոր հայերին»:



Այս ամենը «Առավոտ» թերթը ներկայացրել է որպես իր զրուցակիցների և նրանց ծանոթ-բարեկամ-հարևանների պատմած «մաքրամաքուր» ճշմարտություն, ինչին հավատալ, մեղմ ասած, դժվար է: Ավելի հավանական է թվում, որ այս ամենը «տեղեկատվական բադիկ է», որի նպատակը ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող զինյալ խումբը արտերկրում ահաբեկչական խումբ, իսկ նրա գործողությունները՝ ահաբեկչություն ներկայացնելն է: Նկատենք, որ այսկերպ ձեռքի հետ էլ արդարացվում են ոստիկանության մեղմ ասած, անկանոն գործողությունները, որոնց արդյունքում հարյուրավոր քաղաքացիներ էին բերման ենթարկվում Երևանում:



Ակնհայտ է, որ նման չճշտված և պաշտոնական աղբյուրներով չամրագրված «տեղեկությունները» սարսափելի վնաս են հասցնում թե երկրի, թե ժողովրդի անվանը դրսում, իսկ ներսում առավել հավանական դարձնում արյունահեղությունը, ինչը ոչ մի պարագայում չպետք է թույլ տալ, եթե նույնիսկ Ռուսաստանում բոլոր հայերին ձերբակալեն:



Դիմում եմ ՀՀ Արտաքին գործերի նախարարին և ՀՀ Ոստիկանապետին՝ ձեր խողովակներով արագ պարզեք, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանում և հանդես եկեք համապատասխան հայտարարություններով, այլապես տպավորություն է ստեղծվում, թե դուք եք ձեր գնահատականներով նման կարծիք ստեղծել ՌԴ ԱԳՆ-ում և իրավապահ մարմիններում:



Մինչ Երևանում ՊՊԾ գնդի գրավումը, սոսկալի ահաբեկչություններ տեղի ունեցան Ղազախստանում, բայց ռուս իրավապահները, չգիտես ինչու, չսկսեցին ահաբեկչության կասկածանքով զանգվածաբար բերման ենթարկել ղազախ միգրանտներին, թեև Ղազախստանի նախագահն անձամբ էր այդ ակտերը ահաբեկչություն որակել:



Եթե նույնիսկ «Առավոտի» այս հրապարակումը ՊՊԾ գնդի ներսում գտնվողների և նրանց համախոհների ներքին սպառման համար է, ապա պետք է ասել, որ դրանից նրա վտանգավորությունը չի նվազում: Այսպիսի անհաջող կատակը կարող է բոլորովին այլ հետևանք ունենալ և Ռուսաստանի իրավապահների «օրինակին» հետևեն աշխարհի ամենատարբեր անկյուններում, որտեղ հայեր կան: Նման հրապարակումները դուռ են բացում արտաքին միջամտությունների համար, որոնց ողբերգական հետևանքները հայտնի են բոլորին:



Էդիկ Անդրեասյան