Պարոն Գասպարյան, բայց դուք՝ ոստիկաններդ, ի՞նչ սորտ եք

Պարոն Գասպարյան, բայց դուք՝ ոստիկաններդ, ի՞նչ սորտ եք

Վրաստանից վերադառնալս ու փոստատարի՝ դուռս թակելը մեկ եղավ:



-Էս ո՞ւր էիր, մեռա տանել-բերելով:



-Ի՞նչը:



-Ակտերդ: Առ, ստորագրիր, որ ստացար:



Երկու ակտ մեկ երեկոյի ընթացքում: Վատ չէ: Եվ դա այն դեպքում, երբ մի քանի ժամ առաջ ընդամենը Վրաստանի ճանապարհներին արագ երթևեկելու և բեռնատարին վազանցելու համար վրացի ոստիկանները ինձ կանգնեցրել և բանավոր զգուշացրել էին.



- Մի արա, սիրուն չի:



Այդքան բան:



Բացեցի առաջին ակտս ու ի՞նչ տեսնեմ: Պուշկինի փողոցում (միակողմանի) կանգնած եմ անցումից հետո: Այսինքն, մեքենաների հոսքի կողմից հետիոտնի ու վարորդների տեսադաշտը չեմ փակում: «Արմենիա» ինշուրանս էի տարել ավտոնեքենաս, որ վթարից հետո կրկին նկարեն և եզրակացություն տան վնասի չափի մասին: Ու իմ աչալուրջ ոստիկանության տեսախցիկը նկարել է այդ ողջ արարողությունը՝ ինձ ու ինշուրանսի տղայի հետ միասին: Ախր ինչի՞ համար:



Երկրորդ ակտը ավելի խայտառակ մի բան էր: Ամիրյան փողոցում կանգնել եմ հատուկ դրա համար նախատեսված ներս ընկած մասում՝ մեքենայի առաջամասով դեպի մայթը: Միայն ես չեմ այդպես կանգնել: Կան այլ մեքենաներ ևս: Փոխարենը երկու ջիպ առոք-փառոք զբաղեցրել են երթևեկության աջ գոտին, բայց, չգիտես ինչու, տուգանել են ինձ: Ինչո՞ւ...



Եվ նորից հիշեցի վրացի ոստիկանների աշխատանքը: Այ նրանց կասես ոստիկան: Բարձրահասակ, ձիգ, համազգեստը վրաներով կարած այնպես, որ ամենամեծ ցանկության դեպքում էլ միջից չես կարող հանել: Դե իսկ մինչև տուգանելը նախազգուշացնելն էլ վերջն է:



Իսկ մերո՞նք: Նստած տեղները ճարպոտել են: Փողը գալիս է մշտարթուն տեսախցիկներից, պաշտոնների բարձարացման գործընթացը գնում է իր հունով, մի խոսքով՝ մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագուն բուրաստան: Ի՞նչ փույթ, որ այդ անտեր փողը Հայաստանում աշխատելը դժվար է, ո՞ւմ տանձին է, որ ամեն տուգանք վճարելը երեխայի, թոռնիկի, ծնողի բերանից կտրել է նշանակում: Ի՞նչ փույթ, թե Արցախում պատերազմ է, ու այնտեղից հիվանդ տեղափոխելիս կարող է Եղվարդում մի քիչ արագ երթևեկած լինես: Մուծվիր և վերջ: Ինչո՞ւ...



Այսպես էլ մարդկանց ղաչաղ են դարձնում: Հասցրել են այնտեղ, որ մարդիկ իրենց երկրում, որտեղ 98 տոկոս հայություն կա, ազգային ազատագրական շարժում են սկսում: Էդ տեսախցիկները մի պահ պահեք ձեզ վրա, կողքից տեսեք ձեզ ու ձեր աշխատանքը: Սիրուն չի, հեչ սիրուն չի:



Պարոն Գասպարյան, եթե բոլոր ոստիկաններին էլ ազատեք աշխատանքից և համակարգում մենակ մնաք, միևնույն է, նույն մեթոդներով եք աշխատելու: Բան պետք է փոխվի, պետք է դադարեք լինել դահիճ՝ պատժիչ պետության մեջ: Միլիցայությունը ոստիկանություն դարձնելու այլ ճանապարհ չկա:



Էդիկ Անդրեասյան