Վովայի վարորդների վերաբերյալ հումորը

Վովայի վարորդների վերաբերյալ հումորը

Մարդիկ կան, որ հումոր անելու համար գցում-բռնում, դզում- փչում են, հետո էլ իբր հումոր են անում, ու դու ծիծաղելու փոխարեն, հարց ես տալիս՝ բա խի տենց եղավ: Մեր ոստիկանապետ Վովա Գասպարյանը այդ առումով հումորի բնածին տաղանդ ունի: Երբ նա որևէ հայտարարություն է անում կամ ելույթ  ունենում,  կրակին հալած յուղ էլ լինի, անջատում ու բերանս կիսաբաց լսում եմ: Տնեցիները գիտեն թուլությունս ու անգամ, եթե դրսում եմ լինում, զանգում են՝ արի՜, Վովան է խոսում: Քիչ առաջ  էլ մի հայտարարություն արեց, լուրջ-լուրջ, որն առավոտ շուտ լիցքային վարժության դեր խաղաց օրգանիզմիս համար ու երանելի հիշողություն առաջացրեց: Ոստիկանապետը անհանգստանում է վարորդների բարոյահոգեբանական վիճակի համար, որով էլ պայմանավորված է մեր քաղաքացիների անվտանգությունը: Լսեք թե ինչ է ասում. «…  վարորդի  բարոյահոգեբանական վիճակով է պայմանավորված  մեր քաղաքացիների անվտանգությունը, իսկ նման հոգեբանական վիճակում   վարորդի երթևեկելը կարող է հանգեցնել անցանկալի, անգամ ողբերգական հետևանքների»: Որ վարորդը կարող է առանց աչք թարթելու, ղեկին շամփուրի նման հագցված, արևի տակ տասնյակ ժամերով «ժարիտ մսի նման ճտճտալ» ու վառված-չորացած միս դառնալ, դա ոչինչ: Որ տուն գնալուց ձեռքի կոպեկները զնգզնգացնելով հաշվում է, թե իրեն բա՞ն մնաց, որ «կնգա մոտ սևերես չմնա», դա էլ ոչինչ, որ «անշարժ փեդի նման գիշերը» դիակի նման  մեկնվում է կնոջ կողքին, դա էլ  ոչինչ, որ առավոտը ծեգը ծեգին վեր է կենում ու կնոջ ճյուղի նման չորացած ձեռքերի մատների չանչն է ստանում, էդ էլ ոչինչ: Իսկ աստիճանների շեմի վրա ականջները փակում է, որ կնոջ վերջին «օրհնությունը» չլսի, բայց օդի տատանումն այնքան ուժգին է լինում, որ կնոջ խոսքը բերում-լցնում է ականջը՝ թաղեմ գծատիրոջդ, որ ողջ սուտկան տուն չես գալիս ու բերածդ էս կոպեկներն են: Ա՜ռ ու տար շեֆիդ աչքը կոխիր, ետ դառ, տեսնեմ՝ պարտքերդ ո՞վ ա փակելու, երեխայիդ վարձը ով ա տալու, կնիկդ  ու՞մ գտնի, որ գիշերը հետը քնի: Վերջին խոսքերի վրա խոցվում է վարորդը, բերանից մի երկու հայհոյանք է թռչում ու իրեն համարյա նետում է անորոշության երախը կամ մեքենայի մեջ, որն ամփոփում է նրա  հայհոյանքից լպստված մարմինը: Սրանք, իհարկե, մանր բաներ են, որոնք չեն ազդում վարորդի բարոյահոգեբանական վիճակի վրա, ու նա «բարձր» տրամադրությամբ սկսում է իր աշխատանքային օրը:



Հետաքրքիր է՝ այսքանից հետո ի՞նչը կարող է խաթարել վարորդի բարոյահոգեբանական վիճակը: Նույնն է՝ ոնց որ մեռածի համար սկսես անհանգստանալ: Այ հենց այս պահն էր, որ լացելու աստիճան ծիծաղեցրեց ինձ, ու ես անցած մի պատմություն հիշեցի: Լենինգրադում էի: Եղբայրս այնտեղ էր սովորում:  Նրա «խազյայկան», որը տղայի կողմից մատնված էր անտերության, ո մահացավ ծերանոցում: Փաստորեն թաղումը կազմակերպվեց այնտեղ, որտեղ մենք էին ապրում: Պառավի տղան ու հարսը եկել էին ու արևածաղիկ էին չրթում, մերթընդմերթ էլ խոհանոցում պիվա ըմպում ու իրար հայհոյում: Երբ մեռնողին փոս պիտի իջեցնեին, տեսանք, որ փոսում ջուր կա: Տղան սկսեց լացը՝ չէ՜, մամայիս էդ ջրի մեջ չդնեք: Կինը ռուսական ձևով աչքերը ոլորեց ու ասաց՝ մամադ դրանից չի մեռնի: Տղան հանգստացավ, որ մայրը դրանից չի մեռնի ու լռեց: Հիմա բերեմ ու մեր ոստիկանապետին ասեմ՝ վարորդները էդ ակցիաներից բարոյահոգեբանական վիճակի մեջ չեն ընկնի, այդ վիճակի մեջ կընկնեն գծատերերը: Բերեք իրերն իրենց անունով կոչենք ու այս հարցը հումորային չդարձնենք… Իսկ քաղաքացիների անվտանգության համար ինչու՞ եք անհանգստանում, մեկ է, «նենց-նենց, մանրից մաղվում են»: Հիմա ասեք՝ Վովայի հումորը վա՞տն էր…



Հասմիկ  ԲԱԲԱՋԱՆՅԱՆ