Հնարավոր չէ՝ մարդը պաստառով կանգնի, ոստիկանը նրան բերման ենթարկի

Հնարավոր չէ՝ մարդը պաստառով կանգնի, ոստիկանը նրան բերման ենթարկի

Երեկ առավոտյան աշխատանքի գալիս ավտոբուսում լսեցի, թե ինչպես է վարորդը 100 դրամ վճարողներին սպառնում. «էսօր վերջին օրն է, վաղվանից կտեսնեք ինչ տեղի կունենա»:



 Մեր հարցին, թե ինչ տեղի կունենա, ընկճված վարորդը գաղտնազերծեց՝ դիսպետչերն իրենց հավաքել, ժողով  է արել ու հանձնարարել է այսօրվանից ավելի կոպիտ գործել, մինչեւ վերջ պահանջել 150 դրամը, հակառակ դեպքում «վերեւներում» որոշել են, որ ոստիկաններ կդնեն քաղաքային տրանսպորտում: Եվ 150-ի փոխարեն 100 դրամ վճարողին ոստիկանները բերման կենթարկեն, ինչից վախեցած՝ մյուսները կվճարեն գումարը: Փորձեցինք Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանից ճշտել այս սցենարի իսկությունը: Նկատենք, որ այս մասին ակնարկ կա նաեւ ոստիկանության տարածած խայտառակ հաղորդագրության մեջ, որտեղ սպառնում են վարորդների «հոգեվիճակը» խաթարողներին պատասխանատվության ենթարկել: 



- Պարոն Կարապետյան, վարորդներն սպառնում են ուղեւորներին, որ շուտով ոստիկանները տրանսպորտում ծառայություն կիրականացնեն ու օրենքի պահանջին չենթարկվող ուղեւորներին բերման կենթարկեն:  



- Ոստիկաններն իրենց գործառույթն իրականացնում են իրենց գործառույթների շրջանակում, այն է՝ պահել հասարակական կարգը եւ չթողնել որեւիցե մեկն օրենք խախտի, այլ բան անելու իրավունք չունի: Հերյուրանքներ կարան ասեն, ոստիկանն իր գործառույթներն է իրականացնում: Երթուղայինի մեջ, եթե խախտվի հասարակական կարգը, ոստիկանը կփորձի օրենքի սահմաններում գործել, ուղղակի ինքը,  որ 150 դրամ վճարելը պետք է հսկի, ես դա ծիծաղելի եմ համարում:



 - Ոստիկանների գործառո՞ւյթն եք համարում խաղաղ ցուցարարներին իրենց սահմանադրական իրավունքն  իրացնելու համար բերման ենթարկելը, խաղաղ բողոքի ակցիային խոչընդոտելը:



- Քաղաքացիներին հրավիրել են ոստիկանության Կենտրոնի բաժին՝ նախորդ օրը հարուցված քրեական գործի շրջանակում: Մի քանի անգամ իմ տեղակալը ցուցարարներին ասեց, բացատրեց, որ չի կարելի խախտել հասարակական կարգը, դուք օրինազանց եք, դուք մի խախտեք օրենքը, այլապես օրենքով նախատեսված պատիժներ կկիրառվեն: Ոստիկանությունը երեկ ներողամտություն ցուցաբերեց, ակցիայի բավականին մասնակիցներ չեն ենթարկվում օրինական պահանջների, այդ պահին կարող էինք անել, ուղղակի չարեցինք:  Ոստիկանության մոտեցումները բարյացակամ էին, բայց տեսեք՝ հանգեց քրեորեն պատժելի արարքի: Կոտրեցին ոստիկանության մեքենան, ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տվեցին: Արժե՞ր. իհարկե ոչ: Եթե ոստիկանի նկատմամբ կատարվել է իրավախախտ հանցագործություն, ուրեմն պետք է օրենքի սահմաններում իրավախախտը պատասխան տա:  Այսօր ուղղակի մարդիկ հրավիրվել են, որպեսզի օբյեկտիվ քրեական գործ ընթանա:



- Բայց  ոստիկանները բռնի ուժով են նրանց բերման ենթարկել, ոչ թե հրավիրել:



- Այդ մեկնաբանությունները լրատվականից ճշտեք, քանի որ դա եղել ա քննչական հանձնարարություն, եւ քրեական գործողությունների շրջանակում կատարվում ա գործողություններ: Նրանց մեղադրանք չի առաջադրվել: Բոլորը վկայի կարգավիճակում են եղել: Ոստիկանը չի խոչընդոտել, նա հասարակական կարգն է պահպանում: Ես չեմ ուզում իմ քաղաքացին դառնա իրավախախտ:



- Իսկ ուզո՞ւմ եք, որ ուղեվարձը դառնա 150 դրամ:



- Ես, որպես ոստիկանության սպա, իրավունք չունեմ դա քննարկեմ: 



- Պարոն Կարապետյան, ոստիկանության վարքից ակնհայտ է, որ խուճապի եք մատնված, բերման եք ենթարկում ակտիվիստներին, այսինքն՝  մտահոգված եք, որ բողոքի ցույցերի ալիքը կարող է հանգել հեղափոխության փորձերի՞:



- Չեմ կարծում, որ քաղաքում կարող ա հեղափոխականներ լինեն: Հեղափոխականներ չեն կարող լինել, օրենքը գործում ա, մենք օրենքն ենք պահում:



- Կարո՞ղ եք մատնանշել մի դեպք, որ ցուցարարներն օրենք են խախտել:



- Հարուցվել է քրեական գործ 316 հոդվածի հատկանիշներով, այս հոդվածը քրեորեն պատժելի արարք է ու ամրագրված է Քրեական օրենսգրքում, ահա, թե որտեղ է խախտվել:  



- Հնարավո՞ր է ցուցարարների նկատմամբ ոստիկանության ճնշումները շարունակվեն ավանդական ձեւերով՝  բռնի ուժի գործադրում, սպառնալիքներ եւ այլն:



- Ցանկացած օրինախախտի նկատմամբ պարտավոր ենք  սահմանված կարգով ադեկվատ քայլեր կատարել, որ պայքարեն սահմանադրական ճանապարհով, այլ ոչ թե օրենքը խախտելով, թող դիմեն դատական ատյաններ: Հնարավոր չէ՝ մարդը պաստառով կանգնի, ոստիկանը նրան բերման ենթարկի, չկա նման բան: 



- Պարոն Կարապետյան, կմեկնաբանե՞ք  ոստիկանության տարածած հայտարարությունը, որով սպառնում եք պատժել վարորդների հոգեվիճակը խաթարողներին: Ինչ ասել է՝ խաթարել հոգեվիճակը:



- Երբ որ վարորդի դիմապակուն փակցնում են ինչ-որ մի առարկա, դա նրա տեսադաշտի վրա է ազդում,  փակում է, որը կարա բերի վրաերթի, վթարի…



- Հնարավո՞ր է պատասխանատվության ենթարկեք շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր քաղաքացիներին անվճար տեղափոխում են, ինչ-որ տեղ խաթարելով վարորդների հոգեվիճակը:



- Եթե օրենքը խախտեն՝ միանշանակ, կենթարկվի ցանկացածը, ոչ միայն ակցիայի մասնակիցները:



- Ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիների պայքարը բխում է նաեւ ոստիկանների շահերից, ովքեր ստանում են ցածր աշխատավարձ: Ի՞նչ եք կարծում, նրանք ինչպե՞ս պետք է դուրս գան սոցիալական վիճակի վատթարացման պատճառով փողոց ելած քաղաքացիների դեմ:



- Ոստիկանը նախեւառաջ մարդ է ու նվիրյալ, իսկ քանի որ նվիրյալներ են, հետեւաբար, պետք ա ըմբռնումով մոտենան ու պաշտպանեն օրենքը:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ