Արտահանձնումը՝ դատավճռից հետո

Արտահանձնումը՝ դատավճռից հետո

Ռուսաստանի Դաշնությունում խոշոր վթարի պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանին այսուհետ պաշտպանելու է 3 հոգանոց փաստաբանական թիմը, որը գլխավորելու է ՌԴ-ում հայտնի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Փաստաբանին վճարելու գործն էլ իր վրա է վերցրել Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Այդ մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով մեկնել էր ՌԴ`  Հարությունյանին հանդիպելու: ՄԻՊ-ը Հարությունյանին հանդիպել է «Մատրոսկայա տիշինա» կալանավայրում: Նրա խոսքով, Հարությունյանն արդեն իրեն լավ է զգում, աստիճանաբար դեպրեսիայից դուրս է գալիս, նույնիսկ կարողանում է երբեմն ժպտալ, չնայած դեռ բազմաթիվ վնասվածքներ ունի: Լրագրողների հարցին, թե ՌԴ-ում ունեցած հանդիպումների արդյունքում կարողացե՞լ է պարզել, թե ով է Հարությունյանին խալաթով բերել դատարան, ասաց. «ՌԴ-ն մեծ երկիր է իր ծավալներով, եւ այս խախտման բացահայտումը կարող է տեւել շաբաթներ, սրանք մի օրում, մի շաբաթում չեն լինում, պետք է պարզվի՝ արդյոք մեղավոր էր հիվանդանո՞ցը, ոստիկա՞նը, թե՞ քննիչները: Այս գործընթացը պաշտոնական ուսումնասիրման կարիք ունի»: Ինչ վերաբերում է Հարությունյանի արտահանձնմանը, ՄԻՊ-ն ասաց, որ դա հնարավոր կլինի միայն դատավճռից հետո, իսկ հիմա առաջնահերթ պետք է լուծել արդար դատաքննության հարցը: Նշենք, որ Հարությունյանը կալանավորված է հուլիսի 13-ից՝ երկամսյա ժամկետով: Նա մինչ օրս հրաժարվել է ցուցմունք տալ: Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար մեքենան դուրս էր եկել ճանապարհից եւ բախվել ուղեւորատար ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի: Վթարի հետեւանքով զոհվել էին 18 մարդ, տասնյակ մարդիկ դեռ հիվանդանոցում են: