Անբնական ու անտրամաբանական

Անբնական ու անտրամաբանական

Մի «գաղտնիք» բացեմ. ժամանակին, որպես հասարակական կազմակերպության անդամ, միշտ լսում էի ՀՀ երրորդ նախագահին: Իսկ հետո եկավ մի պահ, որ հոգնեցի ու այլևս չէի  լսում: Բայց երբ նա իր դարակազմիկ մտքերն էր բարձրաձայնում, ասենք, «խիարի թարս աճելու» վերաբերյալ՝ անպայման ծանոթանում էի ելույթի կամ հարց ու պատասխանի այդ հատվածին: Այսօր արդեն ոչ թե հոգնել, այլ տհաճությամբ եմ լսում ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի «մտքերը»: Գիտեմ, որ այդ հարցում ինքնատիպ չեմ. նույնն բանն են զգում բոլոր նորմալ, գրագետ ու հայրենասեր մարդիկ: Բայց, ի տարբերություն շատ-շատերի, ես չեմ հայհոյում ու անիծում նրան ու չեմ ցանկանում նրա մահը: Ուզում եմ, որ նա ապրի հնարավորինս երկար: Ու ապրի  անպայման Հայաստանում: Բնականաբար, պաշտոնից զրկվելուց հետո: Իսկ այդ բանն էլ տեղի ունենա հնարավորինս արագ: Որպեսզի կարողանանք վերականգնել մեր պետությունը: Իսկ ինքն էլ միայնության մեջ, առանձնացած մի վայրում խորհրդածելու երկար հնարավորություն ունենա:  Բայց դա նորություն չի՝ դրա մասին բազմիցս եմ գրել:

Մի ժամանակ մտածում էի, որ դա կարող է տեղի ունենալ քաղաքակիրթ ճանապարհով՝ ընտրություններով ու Ազգային ժողովի քվեարկության միջոցով: Բայց քանի գնում՝ այնքան փոքրանում է այդ հնարավորությունը: Կարելի է ասել, որ արդեն հավասարվել է զրոյի: Դրա ցուցիչը, նախ, իշխող խմբակցության անդամների վարքն է: Խոսքի մակարդակում այն հանգիստ կարող է բնութագրվել որպես ամենաթողություն: Հասկանալի է, որ դրա հիմքը վարչապետի աթոռից կառչած անձի բարյացակամ վերաբերմունքն է: Ինչը, միաժամանակ, ընտրողների առաջնային մանդատով օժտված այդ անձանց «փչացնելու» տարբերակ է: Իհարկե, «մեծարգո վարչապետը» դրանով չի բավարարվում. նա իր թիմակիցներին թույլատրում է ավելի լուրջ զանցանքներ ու նույնիսկ հանցանքներ: Բայց այդ ամենն արձանագրվում է և սպասում է իր «իքս ժամին»: Ի դեպ, նույն վարքի համար շարքային քաղաքացիներն ու հատկապես ընդդիմադիր անձինք կհայտնվեին ճաղերի հետևում:

Բայց որպեսզի իրավապահ համակարգի կողմից ապահովվի նիկոլանման արձագանքը՝ նույն վերաբերմունքը պետք է առկա լինի նաև այդ համակարգի անձանց նկատմամբ: Իհարկե, ոչ բոլորի, այլ այն աշխատակիցների, ովքեր զբաղվում են ակտիվ գործիչների վրա գործ սարքելով: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նկատմամբ նրանց հավատարմությունն ապահովելու համար էլ կարող է կիրառվել երկու տարբերակ: Մեկը հայաստանյան մասշտաբով աննորմալ մեծ եկամուտներ (աշխատավարձ և պարգևավճար) տրամադրելն է: Ի դեպ, դա գործում է նաև իշխող խմբակցության անդամների առումով: Ինչը հանգիստ կարող ենք բնութագրել որպես կաշառատվություն:
Երկրորդը նրանց (իրավապահների) վերաբերյալ կոմպրոմատներ հավաքագրելն է: Ինչը կարող է անել այդ համակարգի մրցակից կառույցը: Դա մոտավորապես նման է հանցագործ աշխարհի որևէ խմբավորման անդամների միջև ձևավորվող փոխադարձ պատասխանատվության երևույթին: Սակայն այդ երևույթը շատ ավելի ճիշտ ներկայացված է ռուսերեն «круговая порука» արտահայտությամբ: Հատկապես այն դեպքում, երբ խոսք է գնում հենց հանցագործ խմբավորումների մասին: Միշտ հեռու եմ եղել դավադրապաշտությունից, սակայն տվյալ դեպքում այլ մեկնաբանություն լինել ուղղակի չի կարող:

Ինչպես տեսնում ենք, այսպիսի դասավորության մեջ ցեմենտող դեր են կատարում փոխադարձ պատասխանատվությունը («круговая порука»-ն) ու եկամուտների չափը: Եվ եթե չլիներ առաջին գործոնը, միևնույն է, երկրորդի շնորհիվ կստացվեր համարյա նույն բանը: Որովհետև այդ համակարգի ներկայացուցիչները հասկանում են, որ «մեծարգո վարչապետին» պաշտոնից հեռացնելու դեպքում շատերը կզրկվեն աղքատ երկրի մակարդակով ահագին այդ եկամուտներից: Հատկապես որ բնական և տրամաբանական չէ, որպեսզի արտաքին հսկայական սպառնալիքներ ունեցող պետությունում իրավապահ կառույցների աշխատակիցները մի քանի անգամ ավելի շատ եկամուտ ստանան, քան սահմանին դիրքեր պահող պայմանագրային զինծառայողները: Եվ, բնականաբար, նոր իշխանության դեպքում առաջին հերթին վերացվելու է այդ աննորմալությունը: