Անի Զախարյանը «քայլ» է անում

Անի Զախարյանը «քայլ» է անում

Այսօր ժամը 18:00-ին Ազատության հրապարակում Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցության նախագահ Անի Զախարյանը կազմակերպում է բողոքի ակցիա՝ «Քայլ արա, դատիր Լևոնին, քայլ արա, դատիր Սերժին» խորագրով, որն ուղղված է լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իր հայտարարության մեջ Անի Զախարյանը գրել է․ «Մենք գտնում ենք, որ այս պահին պետությունը ներկայացնող ղեկավարը և պետության իրավապահ համակարգը դեռ համապարփակ քաղաքական-իրավական գնահատական չեն տվել մարտի 1-ի ողբերգական քաղաքական իրադարձություններին:

Մենք գտնում ենք, որ մարտի 1-ը ունի երկու պատասխանատու կողմ. առաջինը առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանն է և իր թիմում ընդգրկված անձինք, ովքեր իրենց քաղաքական քայլերով հրահրել են զանգվածային անկարգություններ, որին էլ հետևել են այդ պահին պետությունը ներկայացնող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Սերժ Սարգսյանի պատասխանատվության տակ գտնվող հակաժողովրդական քայլերը, որի արդյունքում զոհվեցին 10 ՀՀ քաղաքացիներ և վիրավորվեցին մոտ 300 մարդ: Այսինքն արդարադատությունն այս պահին ընթանում է ոչ թե արդարության, այլ քաղաքական նպատակահարմարության ճանապարհով, ինչն անընդունելի ենք համարում Անցումային արդարադատության հրամայականի ներքո»: