Յո՞ երթաս, պարո՛ն նախարար

Յո՞ երթաս, պարո՛ն նախարար

Լոռու մարզի ուսուցիչներիս մտահոգող բազում խնդիրներին ավելացել է եւս մեկը` Կրթության ազգային ինստիտուտի Լոռու մասնաճյուղի ճակատագրի անորոշությունը: Անհանգիստ ու մտահոգ ենք, քանի որ այս կառույցը երկար տարիներ կրթական աջակցություն եւ օգնություն է կազմակերպել Լոռու մարզի ուսուցիչներիս, մանկավարժներիս, հոգացել մեր կրթական, մանկավարժական կարիքները: Սակայն ուսուցիչներին բազմակողմ օգնություն եւ աջակցություն կազմակերպած կառույցն այսօր կարող է լուծարվել:

Մեզ համար ավելի քան անհասկանալի են դրա իրական պատճառն ու հետեւանքները: Հասկանալի չէ, թե ովքեր են փոխարինելու երկար տարիների իրենց աշխատանքային փորձով ուսուցիչների վերապատրաստումը յուրատեսակ մասնագիտություն դարձրած, բանիմաց եւ հմուտ այն մասնագետներին, որոնք տարիներ շարունակ ոչ միայն վերապատրաստման դասընթացներ են անցկացրել, այլեւ ուսուցիչների կարիքներին համապատասխան՝ կազմակերպել են սեմինարներ, խորհրդատվություններ, հեղինակել են մեթոդական եւ մասնագիտական գրքեր ու հոդվածներ: Ուսուցչի հետ անընդհատ, շարունակական շփումը եւ այդ շփման ընթացքում նրան տրվող անհատական օգնությունը` դասալսումների, դրանց վերլուծությունների, առաջավոր փորձի ներկայացման եւ փոխանցման իմաստով, մասնաճյուղի կարեւոր գործառույթներից է, որը տարիների ընթացքում նպաստել է մեր մասնագիտական աճին ու զարգացմանը:

Ուզում ենք զգուշացնել եւ հիշեցնել, որ մեզնից շատերը տարբեր ժամանակներում մասնակցել են հասարակական եւ կրթական տարբեր կառույցների տարբեր ծրագրերով անցկացվող դասընթացների, բայց շատ բան մնացել է միայն տեսական եւ ոչ այնքան հասկանալի իմացական մակարդակում. նույնիսկ տրամադրված բազմատեսակ գրականությամբ այդ բացը չէր լրացվում, քանի որ վերապատրաստողներին պակասում էին շատ կարեւոր փորձն ու փորձառությունը, դպրոցի եւ ուսուցչի իրական հնարավորությունների  եւ մասնագիտական կարիքների իմացությունը: Եվ այս դեպքում էլ մեր բարեկամն ու աջակիցը մնացել է Կրթության ազգային ինստիտուտը, մասնավորապես՝ այդ ինստիտուտի Լոռու մասնաճյուղը:

Արդեն հոգնել ենք կառուցում-վերակառուցում՝ անպտուղ, շատ դեպքերում՝ վտանգավոր գործընթացներից, երբ չկան անգամ կադրերի վերընտրման, օպտիմալացման հստակ չափանիշներ եւ չափորոշիչներ:
Եվ վերջում.

•  Յո՞ երթաս, պարո՛ն նախարար:

Լոռու մարզի մի խումբ ուսուցիչներ