Նիկոլ Փաշինյանը՝ նորօրյա «մեկնիչ»

Նիկոլ Փաշինյանը՝ նորօրյա «մեկնիչ»

2024թ. ապրիլի 10-ին՝ ՀՀ կառավարության ծրագրի 2023թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «…Միջազգային հանրությունը ասել ա… Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը պետք ա պաշտպանվի և Լեռնային Ղարաբաղը պետք ա Ադրբեջանի կազմում ունենա ինքնավար կարգավիճակ: Հասկանո՞ւմ եք, էսա ամբողջ պրոբլեմը: …նրանք, ովքեր ստեղծել են «ինքնորոշում» բառը և եզրույթը, ասում են հարգելի հայաստանցիներ… այո, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք և դա պետք է արտահայտվի Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալու հետ: Մենք սրա հետ չենք առերեսվել: …Եվ գիտե՞ք ինչի ա Լեռնային Ղարաբաղը հայաթափվել, որովհետև մենք բոլորս չենք առերեսվել էս պարզ իրողության հետ: …որովհետև դա նշանակում էր, որ Ադրբեջանի կազմում պետք ա լինի Լեռնային Ղարաբաղ ինքնավար կարգավիճակով, որտեղ կառավարումը պետք ա իրականացնեն երկու սուբյեկտ՝ Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքը և Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը: …սա յա էղել էն բանակցային կետը, անշրջելի ժառանգությունը բանակցային, որը ես ստացել եմ ժառանգություն 2018 թվականին:»:

Մեջբերումից պարզվում է, որ՝ ըստ Նիկոլ Փաշինանի՝

• ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման համատեքստում միջազգային հանրությունը «ինքնորոշում» ասելով նկատի է ունեցել և նկատի ունի ինքնավար Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում:

• ինքը 2018 թվականին ստացել է ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման այնպիսի ժառանգություն, որով բացառվել է Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հնարավորությունը:
Հիմնվելով հարցին վերաբերելի միջազգային իրավական ակտերի, ինչպես նաև ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորմանը վերաբերող փաստաթղթերի վրա՝ ներկայացնենք, թե միջազգային իրավունքում ի՞նչ է նշանակում «ինքնորոշում» հասկացությունը, ի՞նչ իմաստ և բովանդակություն ունի այն, ինչպես նաև փորձենք հասկանալ՝ արդյո՞ք ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող փաստաթղթերով բացառվում էր Ադրբեջանի կազմից դուրս Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ինքնորոշման հնարավորությունը:    
Համաձայն 1966թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրերի 1-ին հոդվածների՝ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը։»:                

1970թ. հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագիր, որտեղ նույնպես պարզաբանված է «ինքնորոշում» հասկացությունը:     
Այսպես. «ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի ուժով բոլոր ժողովուրդներն իրավունք ունեն ազատորեն, առանց արտաքին միջամտության, որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը և հետամուտ լինելու իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը, և յուրաքանչյուր Պետություն պարտավոր է հարգել այդ իրավունքը՝ (ՄԱԿ-ի – Ս. Հ.-Ջ.) Կանոնադրության դրույթներին համապատասխան:…                                            

Անկախ և ինքնիշխան Պետության ստեղծումը, անկախ Պետության հետ միացումը կամ միավորումը, կամ որևէ այլ քաղաքական կարգավիճակի հաստատումը, որը ազատորեն որոշվել է ժողովրդի կողմից, հանդիսանում են տվյալ ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ձևեր»:    

«Ինքնորոշում» հասկացությունը պարզաբանված է նաև միջազգային իրավունքի սկզբունքներին վերաբերող միջազգային իրավական այնպիսի հիմնարար ակտերից մեկում, ինչպիսին Հելսինկյան եզրափակիչ ակտն է: 
1975թ. օգոտոսի 1-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ստորագրված Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի (ԵԱՀԽ) եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի տասը սկզբունքներից ութերորդ սկզբունքի համաձայն՝ «Ժողովուրդների իրավահավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքի հիման վրա բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն, երբ և ինչպես ցանկանում են, լիակատար ազատության մեջ, առանց արտաքին միջամտության որոշել իրենց ներքին և արտաքին քաղաքական կարգավիճակը և հետամուտ լինել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը, ինչպես իրենք ցանկանում են:»:    

«Ինքնորոշում» հասկացության բովանդակությունը ներկայացված է նաև միջազգային իրավական ևս մեկ առանցքային ակտում: 2007թ. հոկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագիր: Ըստ այդ փաստաթղթի 3-րդ հոդվածի՝ «Բնիկ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն իրականացնում են իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը։»:        

Այսպիսով, «ինքնորոշում» հասկացության պարզաբանմանը վերաբերող միջազգային իրավական բոլոր հիշատակված ակտերն անառարկելիորեն վկայում են այն մասին, որ ինքնորոշումն իր քաղաքական կարգավիճակն ինքնուրույն, առանց արտաքին միջամտության որոշելու և իր տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացմանը ազատորեն հետամուտ լինելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքն է: Եվ յուրաքանչյուր պետություն պարտավոր է հարգել այդ իրավունքը:

Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, թե ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման համատեքստում միջազգային հանրությունը «ինքնորոշում» ասելով նկատի է ունեցել և նկատի ունի ինքնավար Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում, հակասում է «ինքնորոշում» հասկացությունը սահմանող, կամ պարզաբանող միջազգային իրավական ակտերի դրույթներին:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանն, ըստ որի՝ ինքը 2018 թվականին ստացել է ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման այնպիսի ժառանգություն, որով բացառվել է Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հնարավորությունը, ապա այս առնչությամբ էլ հարկ է նշել հետևյալը:

2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների կողմից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին է հանձնվել ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին փոխանցելու համար: Փաստաթուղթն առավել հայտնի է «Մադրիդյան սկզբունքներ» անունով:
Չհանդիսանալով «Մադրիդյան սկզբունքներ»-ի պաշտպանը՝ այդուհանդերձ անհրաժեշտ եմ համարում նշել, որ համաձայն հիշյալ փաստաթղթի առաջին սկզբունքի՝ «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում,… ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են 1988թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:»:

Մեջբերումից պարզվում է, որ անորոշ ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի ընթացքում քվեաթերթիկում կարող է ձևակերպված լինել նաև նախկին ԼՂԻՄ-ին անկախ կարգավիճակի հնարավորություն տվող հարցադրում: Եվ եթե 1988թ. ազգային համամասնությամբ ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը, այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը, մասնակցեին նշված հանրաքվեին և մեծամասնությունը կողմ քվեարկեր նախկին ԼՂԻՄ-ի տարածքին անկախ կարգավիճակի հնարավորություն տվող հարցադրմանը, ապա նախկին ԼՂԻՄ-ի տարածքը ձեռք կբերեր անկախություն: Այսինքն՝ ինքնորոշվելով՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը կարող էր ունենալ անկախ պետության կարգավիճակ:

Ավելորդ չեմ համարում նշել նաև, որ համաձայն ԽՍՀՄ-ում անցկացված վերջին մարդահամարի տվյալների՝ 1989թ. հունվարի 1-ի դրությամբ ԼՂԻՄ-ի բնակչության թիվը կազմել է 189.100 մարդ, որից 145.500-ը, կամ ընդհանուր բնակչության 76.9%-ը եղել են հայեր, 40.700-ը, կամ ընդհանուր բնակչության 21.5%-ը՝ ադրբեջանցիներ, 1900-ը, կամ ընդհանուր բնակչության 1%-ը՝ ռուսներ և 1000 հոգի՝ այլ ազգի ներկայացուցիչներ, որը կազմել է ընդհանուր բնակչության 0.5%-ը:

«Մադրիդյան սկզբունքներ»-ը հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հակամարտության կողմերին ներկայացված առաջին առաջարկությունն է, որտեղ «ինքնորոշում» ասելով նկատի էր առնվում նախկին ԼՂԻՄ-ի տարածքի ինքնորոշում նաև Ադրբեջանի կազմից դուրս: Նախորդ բոլոր առաջարկությունների դեպքում նախկին ԼՂԻՄ-ի տարածքը համարվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս:         

Ամենևին էլ պատահական չէ միջնորդների մոտեցման մեջ նման արմատական փոփոխության ի հայտ գալը: Բանն այն է, որ դեռևս 2005թ. հունվարի 25-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերահաժողովն ընդունել է բանաձև ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որտեղ անուղղակիորեն խոսվում է ինքնորոշման իրավունքի մասին:                     

Փաստաթղթի 2-րդ կետում, մանավորապես, արձանագրված է հետևյալը. «Վեհաժողովը վերահաստատում է, որ տարածաշրջանային տարածքի անկախությունը և պետությունից անջատումը կարող է ձեռք բերվել միայն օրինական և խաղաղ գործընթացի միջոցով, որը հիմնված է այդ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցության վրա, այլ ոչ թե զինված հակամարտության հետևանքով, որը տանում է դեպի էթնիկ վտարման և նման տարածքի դե ֆակտո միացման մեկ այլ պետության։»:                

Մեջբերված հատվածում առկա «…տարածքի անկախությունը և պետությունից անջատումը կարող է ձեռք բերվել միայն օրինական և խաղաղ գործընթացի միջոցով, որը հիմնված է այդ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցության վրա…» ձևակերպումն անուղղակիորեն վկայում է ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության մասին:

2005թ. սեպտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ընդունած փաստաթղթում, արդեն, ուղղակիորեն վկայակոչվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Փաստաթղթի 2-րդ կետում, մասնավորապես, արձանագրված է հետևյալը. «Այն գոհունակությամբ նշում է Պրահայի գործընթացի շրջանակներում այս հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ուղիղ երկխոսության շարունակությունը և միջազգային իրավունքի լիակատար հարգանքը (մասնավորապես «Հելսինկյան եզրափակիչ ակտի» (1975թ.) 4-րդ և 8-րդ սկզբունքները. պետությունների տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը): Այն վերահաստատում է իր լիակատար աջակցությունը այս երկխոսության հաջողությանը և, այս առումով, Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին։»:

Ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «Մադրիդյան սկզբունքներ»-ին մինչ օրս հաջորդած բոլոր փաստաթղթերում, բացի 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին» հայտարարության, ուղղակի կամ անուղղակի կերպով մշտապես նշվել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների համաձայն: Խոսքն, անշուշտ, վերաբերում է ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, թե ինքը 2018 թվականին ստացել է ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման այնպիսի ժառանգություն, որով բացառվել է Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հնարավորությունը, մոլորություն է և չի համապատասխանում իրականությանը:


ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ