Ինչո՞ւ են բարձրացրել «Աստղիկ» ԲԿ-ի պետպատվերի գումարը

Ինչո՞ւ են բարձրացրել «Աստղիկ» ԲԿ-ի պետպատվերի գումարը

Առողջապահական կազմակերպությունների՝ 2019 թվականի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային գումարների նախագծով, այսինքն՝ պետպատվերով, որոշվել է «Աստղիկ» ԲԿ-ին տրամադրել 2 միլիարդ 641 միլիոն դրամ, անցյալ տարի տրամադրվել էր 1 միլիարդ 579 միլիոն։

Այս տվյալները նույն առողջապահության նախարարության տրամադրած փաստաթղթերից են։ Նախարարությանը գրավոր հարցում էինք ուղարկել՝ հասկանալու համար, թե ի՞նչ հիմքերով է բարձրացվել ԲԿ-ին տրամադրվող գումարի չափը։ Ի՞նչ նոր ծրագրեր պետք է իրականացնի «Աստղիկ» բժշկական կենտրոնը՝ նկատի ունենալով, որ որոշ պետական բժշկական հիմնարկներինը կրճատվել էր։

Նախարարութունից տրամադրվել է հետևյալ պատասխանը․ «Առողջապահական կազմակերպությունների 2019 թվականի պայմանագրային գումարները հաշվարկվել են կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշմամբ սահմանված կարգով: Պայմանագրային գումարների հաշվարկման համար հիմք են հանդիսանում նախորդ տարվա ընթացքում փաստացի կատարված և ֆինանսավորված աշխատանքների ծավալները և դրանք համադրելով բազմաթիվ այլ ցուցանիշների հետ (տվյալ տարածաշրջանում բնակվող բնակչության թիվը, վերակառուցված և բժշկական սարքավորումներով վերազինված բժշկական կազմակերպությունների առկայությունը, ընդհանուր հիվանդացության մակարդակը, ծավալված մահճակալների թիվը և դրանց զբաղվածությունը, կազմակերպության կողմից վճարովի հիմունքներով մատուցված բժշկական օգնության և սպասարկման ծավալները, հեռավորությունը Երևանից):

Կազմակերպություններում բնակչության համար պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու հավասար պայմանների ապահովման նպատակով կազմակերպությունների պայմանագրային գումարների միջև առկա անհամամասնությունների աստիճանական վերացման համար 2019 թվականի պայմանագրային գումարների հաշվարկման ընթացքում կիրառվել են համահարթեցման մոտեցումներ: «Աստղիկ» բժշկական կենտրոնի կողմից 2018 թվականին պետական պատվերի շրջանակներում ֆինանսավորվել է 1,944,566.0 հազար դրամի աշխատանքներ, որը և հիմք է հանդիսացել 2019 թվականի պայմանագրային գումարի հաշվարկման համար: Հաշվի առնելով այս հանգամանքը կազմակերպության 2019 թվականի աճը կազմել է ոչ թե 1.0 մլրդ դրամ, այլ 696.6 մլն դրամ: Կազմակերպության 2019 թվականի պայմանագրային գումարը կազմում է 2,641,224.0 հազար դրամ:

Աճը ուսումնասիրելու համար պետք է անդրադառնալ կազմակերպության կողմից իրականացվող ծառայությունների բազմազանությանը: Կազմակերպությունում միայն ամբուլատոր-պոլիկլինիկական, հեմոդիալիզի, ծննդօգնության և սրտի վիրահատությունների 2019 թվականի պայմանագրային գումարը կազմում է 1,889,828.0 հազար դրամ: Վերը թվարկված կյանք փրկող, առողջապահական գերակայություններ և պետության կողմից ամբողջությամբ հատուցվող ծառայությունները կազմում են ընդհանուր պայմանագրային գումարի շուրջ 72 տոկոսը: Արդյունքում ընդհանուր պրոֆիլի ծառայությունների իրականացման համար կազմակերպությունում նախատեսված է 751.4 մլն դրամ: Այս պայմանագրային գումարի շրջանակներում պետք է իրականացվեն բոլոր այն ծառայությունները, որոնք իրականացվել են 2018 թվականին, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում կազմակերպության կողմից իրականացվելու են նոր ուռուցքաբանական և ակնաբուժական ծառայություններ»,- պատասխանել է նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վահե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ «Աստղիկ» ԲԿ-ն պատկանում է նախկինում գործարար պատգամավոր, ներկայումս խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյանին։