Փաշինյանն իր իշխանությունից դուրս ունի այս 5 հոգին, որոնց հետ կարող է հանգիստ նստել նույն սենյակում` խոսել, լուսանկարվել

Փաշինյանն իր իշխանությունից դուրս ունի այս 5 հոգին, որոնց հետ կարող է հանգիստ նստել նույն սենյակում` խոսել, լուսանկարվել

Երբ յուրաքանչյուր ամիս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը պարտաճանաչորեն հանդիպում է արտախորհրդարանական մի քանի կուսակցության ներկայացուցիչների հետ, եւ նրա մամուլի ծառայությունն էլ նույն պարտաճանաչությամբ հաղորդագրություն եւ հանդիպման փաստը հաստատող լուսանկար է տարածում, սկսվում է քննարկում այն մասին, թե ինչ նպատակ են հետապնդում այդ հանդիպումները, ում են ներկայացնում այդ կուսակցությունները, ինչ արդյունավետություն ունեն դրանք: Շատերը հեգնում եւ ծաղրում են հանդիպման մասնակիցներին, մյուսները դա բացատրում են Փաշինյանի՝ ազատ ժամանակն ինչ-որ կերպ լցնելու ցանկությամբ: Մինչդեռ այդ հանդիպումները ցույց են տալիս Հայաստանի ոչ միայն իշխանության, այլ նաեւ պետության ողբերգության մասշտաբները, բացահայտում Փաշինյանի հանրային մեկուսացման իրական չափերը:

Փաշինյանը, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, հասկանում է, որ ինքը հանրության հետ կապի ու հարաբերության խնդիր ունի, ինքը՝ որպես պետության ղեկավար, պետք է գոնե ինչ-որ կերպ շփվի այն հասարակության հետ, որի ղեկավարն է համարվում: Աշխարհում դա ընդունված կարգ է, երբ պետության ղեկավարները շփվում են հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ՝ այդ նույն հանրությունից չմեկուսանալու եւ հանրության հետ հետադարձ կապ ունենալու համար: Հայաստանի իշխանության նախկին բոլոր ներկայացուցիչներն այս կամ այն կերպ շփվել են հասարակության հետ. Ռոբերտ Քոչարյանը հանդիպում էր ուսանողների կամ մտավորականության ներկայացուցիչների հետ, Սերժ Սարգսյանը նույնիսկ իր տան մոտ հավաքված կոնդեցիների հետ էր երբեմն խոսում՝ նրանց բնակարանային խնդիրների մասին: Իսկ ո՞ւմ հետ կարող է խոսել Նիկոլ Փաշինյանը, որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, որ Փաշինյանը գոնե մի քանի վայրկյանով կարող է կանգնեցնել իր հսկայական ավտոշարասյունը՝ իր հետ խոսելու ցանկություն ունեցող քաղաքացիների հետ շփվելու համար:

Փաշինյանը ոչ միայն խուսափում է, այլեւ սարսափում հանրային շփումից: Նա կարող է խոսել իր ղեկավարած կուսակցության, խորհրդարանական խմբակցության կամ կառավարության անդամների հետ: Մարդկանց, ովքեր իրեն միայն գովերգում ու փառաբանում են, ովքեր իրեն չեն ասի մարդասպան, թուրք, դավաճան, կապիտուլյանտ կամ հողատու, քանի որ Փաշինյանի նկատմամբ լոյալության համար պետական բյուջեից աշխատավարձ են ստանում եւ օգտվում իշխանության ընձեռած մյուս արտոնություններից: Փաշինյանը չի կարող հանդիպել ո՛չ մտավորականների, ո՛չ եկեղեցու ներկայացուցիչների, ո՛չ դասախոսների եւ ուսանողների, ո՛չ առեւտրականների կամ հողագործների, ո՛չ զոհված կամ կենդանի զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների հետ: Անգամ զինվորական հրամանատարներն են նրան մեղադրում բանակում կատարվող սպանությունների ու ողբերգությունների համար:

Ժամանակին Փաշինյանն այցելում էր մարզեր, որից առաջ մարզպետներին ու տեղի ուժային կառույցների ղեկավարներին հանձնարարում էին հատուկ սելեկցիա իրականացնել եւ հանդիպումներին բերել ստուգված ու հուսալի մարդկանց՝ ավելորդ անախորժություններից խուսափելու համար: Հիմա նման հանդիպումներ կազմակերպելն էլ է դարձել անհնար. դժվար է գտնել հուսալի մարդկանց, դժվար է մինչեւ վերջ ստուգել մարդկանց եւ վստահ լինել, որ ինչ-որ մեկը չի ասի իր մտածածը Փաշինյանի եւ նրա իշխանության մասին: Փաշինյանը գիտի, որ հայ հանրությունն ատում եւ զզվում է իրենից, իսկ այդ ատելությունն ու զզվանքը չզգալու միակ ձեւը հանրությունից մեկուսանալն է:

Միակ տեղը, որտեղ Փաշինյանն իրեն ապահով է զգում, բացի իր թիմակիցներից, արտախորհրդարանական ուժերի հինգ հոգանոց ֆորմատն է, որի անդամները մինչեւ վերջ ստուգված են, մինչեւ վերջին մարդը հուսալի: Փաշինյանը գիտի, որ այդ մարդկանց շրջապատում կարող է իրեն վստահ զգալ, չվախենալ վիրավորանքից ու մեղադրանքներից: Ճիշտ է՝ այդ ձեւաչափում ընդգրկված կուսակցությունները նախկինում ավելի շատ էին, ժամանակի ընթացքում դրանց մեջ էլ հայտնվեցին ոչ հուսալիներ ու կասկածելիներ, որոնք կա՛մ իրենք հեռացան, կա՛մ հեռացվեցին, որ Փաշինյանը հանդիպումից առաջ փոքր մտահոգություն անգամ չունենա դրա ընթացքի վերաբերյալ:

Օրինակ, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը, խոսելով այդ հանդիպումներին իր մասնակցության մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անգամ եթե սխալ եմ արել, որ մասնակցել եմ արտախորհրդարանական ուժերի ձեւաչափով այդքան ծամծմված հանդիպումներին, թող դա լինի իմ ամենամեծ սխալը քաղաքականության մեջ»։ Փորձելով արդարացնել իր մասնակցությունն այդ հանդիպումներին, նա գրել է. «2022թ․հուլիս ամսից չեմ մասնակցել այդ հանդիպումներին, իսկ մասնակցության նպատակը եղել է բացառապես ստեղծված ծանր իրավիճակում երկրի առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու նպատակով կոնցեպտուալ հարցերն անմիջապես գործող իշխանությանը ներկայացնելու հանգամանքը եւ գործադիր իշխանությունից երկրի իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալը»: 

Բոլոր այն մարդիկ, ովքեր մասնակցել են Փաշինյանի հետ հանդիպումներին, պետք է հասկանան, որ դրանք սոսկ հանդիպումներ չեն եղել ինֆորմացիայի փոխանակման համար, այդ հանդիպումներին մասնակցությունը համագործակցություն է Փաշինյանի ռեժիմի հետ` դրանից բխող քաղաքական հետեւանքներով: Մարդիկ չեն մոռացել, թե ինչպես էր ինքը 2021 թվականի խայտառակ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանին անձամբ շնորհավորում եւ նրա ներկայությամբ հայտարարում, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ստեղծված «որոշակի քաղաքական ճգնաժամը հաղթահարված է»:

Դե, տարածքները հանձնեցինք, հազարավոր հայ զինվորների կյանքը զոհեցինք, կապիտուլյացիան ստորագրեցինք, անցավ գնաց, դա այլեւս անցյալում է: Ու հնարավոր չէ Փաշինյանի հետ համագործակցել, նրա իշխանությունն ընդունելուց ու լեգիտիմացնելուց հետո հայտարարել, թե մեր արածն ի՞նչ է որ` հանդիպել ենք երկրի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար: Իսկ հիմա ինչո՞ւ չի մասնակցում մարտահրավերները դիմագրավելուն. այլեւս մարտահրավերներ չկա՞ն, թե՞ Փաշինյանն ինքն է որոշել, որ Նորիկյանն այլեւս չի կարող մասնակցել մարտահրավեր դիմագրավելուն:

Փաշինյանն իր իշխանությունից դուրս ունի այս 5 հոգին, որոնց հետ կարող է հանգիստ նստել նույն սենյակում, խոսել, լուսանկարվել` մտավախություն չունենալով, որ այդ մարդիկ իր մասին կասեն այն, ինչ իրականում մտածում են, իսկ ինքն էլ դա կներկայացնի որպես հանրային շփում: Նայելով տարածվող լուսանկարներին եւ հանդիպման մասնակիցների լարված դեմքերին՝ երեւում է, որ նրանցից եւս գերմարդկային ճիգեր են պահանջվում իրենց զսպելու եւ Փաշինյանի մասին իրենց մտածածը չարտահայտելու համար: Բայց քանի դեռ նրանք որոշակի անձնական շահերից ելնելով կարողանում են իրենց զսպել, Փաշինյանը կարող է այդ հանդիպումները ներկայացնել որպես հանրային շփման հաջողված եւ ապահով միջոց:

Ավետիս Բաբաջանյան