Չկա ոչ մի արդարացում, գործ ունենք ամենաթողության հետ

Չկա ոչ մի արդարացում, գործ ունենք ամենաթողության հետ

«Հրապարակի» զրուցակիցն իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն է:

- Երեկ առանձնակի դաժանությամբ խոշտանգել են քաղաքացի Սամվել Վարդանյանին` երթուղայինում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորելու համար, ինչն իրավապահները որակել են խուլիգանություն եւ քաղաքական հայացքներով պայմանավորված թշնամանք հրահրել: Երբեւէ կպատկերացնեի՞ք, որ հեղափոխություն իրականացրած իշխանությունները մի օր այս աստիճան կարող են հղփանալ:

- Տեղի է ունեցել խոշտանգում: Ցանկացած տեսակի բռնություն առավել ցածր մակարդակի է, քան խոշտանգումը: Խոշտանգումը մի երեւույթ է, որը բոլոր միջազգային կոնվենցիաներով եւ ներպետական օրենսդրությամբ ուղղակիորեն արգելված է՝ որպես այդպիսին: Մարդը, որը գտնվում է պետության որեւէ մարմնի ներքո, պարզապես չի կարող ենթարկվել բռնության, ցանկացած նման դրսեւորում կոչվում է խոշտանգում: Այդ մասին ամրագրել է ՄԱԿ-ի 1984 թվականի կոնվենցիան, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան, քաղաքական կամ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը: Նույնիսկ սահմանադրության մակարդակով կա հստակ հոդված` 26-րդ հոդվածի մասին է խոսքը, որտեղ հստակ ասվում է, որ ոչ մեկը չի կարող ենթարկվել խոշտանգման կամ նվաստացուցիչ վերաբերմունքի: Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածը նույնպես պատասխանատվություն է սահմանում խոշտանգման համար: Մենք օրենսդրական դաշտում ունենք բոլոր կարգավորումները, որով կարելի է տեղի ունեցածը որակել որպես խոշտանգում եւ դիտարկել կատարվածը որպես պետության կողմից անձի նկատմամբ բռնության, նվաստացման եւ նույնիսկ սեռական ոտնձգության դրսեւորում: Ես չեմ կարողանում այս ամենն ուղղակի պատկերացնել: Իրեն քաղաքակիրթ համարող ցանկացած պետություն տեղի ունեցածը չի կարող նորմալ համարել: Խոշտանգումն ու բռնությունն այն միակ արգելքն են, որ կարող են գործել պետության ներսում` կոնվենցիաներով եւ պայմանագրերով:

- Իշխանությունները հրաժարվում են տեղի ունեցածից, ասում են, որ ուղեկցող ոստիկանները` բոլորը միասին պետքարան են գնացել, եւ այդ պահին անհայտ անձինք հարձակվել են երիտասարդի վրա, ապա խոշտանգել նրան:

- Նախ՝ չկա իրավունք ասելու, որ պաշտպանություն իրականացնելու ընթացքում չեն իրականացրել քաղաքացու ֆիզիկական անվտանգությունը, չեն կարողացել անգամ վերահսկել: Ցանկացած տիպի գումարտակ` քրեակատարողական հիմնարկից կլինի, ձերբակալվածների պահման վայրից կլինի, թե այլ տեղից, տվյալ խումբը կոչված է անձի անվտանգությունն ապահովելուն: Եթե տվյալ խումբը չի իրականացնում իր առջեւ դրված պարտականությունը, ուրեմն պետությունը, որպես այդպիսին, իր տեղում չէ, անկախ այն բանից, թե տվյալ երիտասարդը` Սամվելը, ինչ մեղադրանքով է ձերբակալվել կամ, առհասարակ, ինչ քաղաքական հայացքներ ունի: Այստեղ չկա ոչ մի արդարացում: Գործ ունենք ամենաթողության հետ: Ես ունեմ հիմնավոր ու խոր կասկածներ, որ այստեղ կա կոնկրետ ցուցում:

- Ո՞ւմ կողմից: Փաշինյանի՞:

- Ամեն դեպքում` քաղաքական:

- Ալեն Սիմոնյանը դեպքից առաջ իր ֆեյսբուքյան էջում Հակոբ Ասլանյանին էր պաշտպանել եւ երիտասարդին սպառնացել էր:

- Դե, Ալեն Սիմոնյանը վաղուց պետք է պատասխանատվության ենթարկվեր իր բոլոր տիպի բռնարարքների համար, որոնք տարբեր ժամանակներում իրականացրել է` թքելուց սկսած, սպառնալիքներով վերջացրած: Այսօրվա վերնախավն է նման տոնայնություն գեներացրել` սարսափելի բառամթերք, ագրեսիա, ագրեսիվ գործողություններ: Նույն Ալեն Սիմոնյանը նաեւ հայտնի է հարվածներ հասցնելու դրվագներով:

- Իսկ Հակոբ Ասլանյանն ինչպե՞ս պետք է այս պարագայում իրեն դրսեւորեր:

- Հակոբ Ասլանյանը կատարվածն առնվազն պետք է դատապարտեր: Անձը գտնվել է պետության վերահսկողության ներքո, եւ նրան խոշտանգել են: Կոպիտ օրինակ բերեմ. եթե իմ նկատմամբ նույն բանն անեին, ես կդատապարտեի այդ դեպքը: Իրավագիտակցություն ունեցող ցանկացած մարդ տեղի ունեցածը կդատապարտեր: Օրենքից դուրս ցանկացած գործողություն անընդունելի է:

- Քաղհասարակությանն ուղղված մեղադրանքներ կան, թե անտարբեր են իրավապաշտպանները:

- Ես ոչինչ չունեմ ասելու: Մարդկանց իրավունքն է, ինչպես ճիշտ են գտնում, այդպես էլ կարող են արտահայտվել, եթե ցանկանում են մեզ մեղադրել, ապա ոչ մի պատասխան չունեմ: Ես միշտ իմ խղճից ու արժեհամակարգից եմ ելնում, ուստի ոչ մեկին չեմ ցանկանում հակադրվել, ոչ էլ վիրավորել, չեմ էլ պատրաստվում մարդկանց ցուցումներ տալ:

- Բայց իսկապես կան նախկին իրավապաշտպաններ, որոնք լուռ են, անցյալում խրոխտ հայտարարություններ կտարածեին, ակցիաներ կանեին:

- Դա իրենց խնդիրն է: Եթե անձն իրեն իրավապաշտպան է համարում, զբաղվում է ակտիվ իրավապաշտպան գործունեությամբ, պետք է անպայման նմանատիպ դեպքերին արձագանքի: Սա անձի կամ քաղաքական խնդիր չէ, սա պետականության խնդիր է: Մեր պետականությունը խարսխված է մարդու իրավունքների եւ ժողովրդավարական արժեքների վրա: Եթե սրանք էլ չենք պաշտպանում, ապա ի՞նչ ենք անում: