Նախ պետական համակարգում աշխատողների վրա են փորձում, վերջիններս սթրեսի մեջ են

Նախ պետական համակարգում աշխատողների վրա են փորձում, վերջիններս սթրեսի մեջ են

Պետական համակարգի շարքային աշխատողները, հանրային ծառայողները վերջին շրջանում սթրեսի մեջ են։ Բանն այն է, որ մինչեւ մայիսի 1-ը նրանք պետք է գույքի, եկամուտների ու շահերի հայտարարագիր ներկայացնեն։ Սա նորամուծություն է, նախկինում այդպիսի պարտավորություն ունեին ավելի բարձր, ղեկավար պաշտոններ զբաղեցնողները, հիմա նրանց ավելացել են նաեւ սովորական աշխատողները։ Մի տարբերություն կա, սակայն․ եթե ղեկավար պաշտոններ զբաղեցնողների հայտարարագրերով զբաղվում է Կոռուպցիայի կախարգելման հանձնաժողովը, ապա շարքային աշխատողների հայտարարագրերով՝ Պետական եկամուտների կոմիտեն, որը հայտարարագրերն ընդունում է միայն էլեկտրոնային եղանակով, ինչն էլ իր հերթին լրացուցիչ բարդություններ է առաջացրել պետական աշխատողների համար։ Մասնավորապես, գործադիր իշխանությունում որպես քաղծառայող աշխատող մեր զրուցակիցն ասաց, որ ՊԵԿ կայքում համապատասխան հայտարարագիրը լրացնելու համար էլեկտրոնային ստորագրություն է պետք ունենալ, իսկ էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելը նոր անձնագիր կամ երկրից ելքի վիզա ստանալու պես դժվարին մի պրոցես է, այսինքն՝ օրերով հերթեր, նյարդեր, ժամանակ եւ այլն։

Պետական եկամուտների կոմիտեից եւս հայտնեցին, որ համակարգ մուտք գործելու համար նույնականացում է պետք անել, որի համար էլեկտրոնային ստորագրություն է պետք։ ՊԵԿ-ից նաեւ փոխանցեցին, որ հայտարարագրման պահանջը կապված է համընդհանուր հայտարարագրման ծրագրի հետ, եւ սա, փաստորեն, դրա առաջին փուլն է։ Համակարգ մուտք գործելու համար հանրային ծառայողները, իսկ մեկ տարի անց՝ նաեւ մյուս քաղաքացիները, պետք է կատարեն հետեւյալ գործողությունները․ բջջային հեռախոսի միջոցով մուտք գործելու համար պետք  է նույնականացման քարտով եւ բջջային հեռախոսով այցելել բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, նույնականացման քարտ չունենալու դեպքում պետք է անձնագրայինից գնալ եւ ստանալ: Բջջային կապի օպերատորի սպասարկման կենտրոնում բջջային հեռախոսահամարի քարտը փոխարինել նոր ID SIM քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում տեղադրել նոր քարտ, այնուհետեւ սպասարկող անձնակազմի օգնությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը, ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաեւ ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով, կամ այցելել համապատասխան կայք։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը եւս մեզ հետ զրուցում ասաց, որ քաղծառայողներին ուղղված հայտարարագիր ներկայացնելու պահանջը համընդհանուր հայտարարագրման ծրագրի փորձնական մասն է։

«Ընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը, որը ՊԵԿ-ի լիազորության ներքո է, կիրառվելու է փուլային տարբերակով։ Այսինքն՝ իրենք համակարգն ուզում են փորձարկել, որպեսզի քաղաքացիների համար հնարավոր սպասվող խնդիրները չեզոքացված լինեն։ Հիմա առաջինը՝ պարտավորությունը սահմանել են հանրային ծառայողների եւ բիզնեսների համար, այս մարդիկ առաջին անգամ այս տարի հանդիսանալու են հայտարարատուներ»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ֆիզիկական համընդհանուր հայտարարագրման եւ պաշտոնատար անձանց հայտարարագրերի միջեւ կան անհասկանալի տարբերություններ․ «Օրինակ, այս դեպքում «եկամուտ»-ը լրիվ այլ սահմանում ունի, քան պաշտոնատար անձանց հայտարարագրի մեջ է, ծախսը՝ եւս, ինչը մի տեսակ աբսուրդ է, բայց օրենքն այդպես ընդունվել է, այդպես էլ կիրառման ենթակա է։ Հիմա Դուք պատկերացրեք՝ եթե ես պաշտոնատար անձ եմ, ինձ համար եկամուտը լրիվ ուրիշ բան է, Դուք քաղաքացի եք, եւ Ձեզ համար լրիվ ուրիշ բան է։ Դա նույնն է, որ մեքենային մի դեպքում այլ անվանում տան, մյուս դեպքում՝ այլ, բայց դրանից էությունը չի փոխվում, մեքենան մեքենա է, բայց մեկն ուզում է ասել՝ ավտոմեքենա, մյուսը՝ մեքենա, բայց ես՝ որպես քաղաքացի, դրա համար ավել գործողություն եմ անելու, եւ ծախսի տեսանկյունից էլ պետության վրա ավելի շատ է նստելու, որովհետեւ ստացվում է, որ ես պետք է պահեմ երկու տարբեր համակարգ, դրա սպասարկման եւ մյուս ծախսերը կրկնակի են դառնում։ Այսինքն՝ ճիշտ որոշում չի կայացվել, որպեսզի այդ համակարգերն այնպես ինտեգրված լինեն, որ մի գործողությամբ մարդը կարողանա իր հետ կապված տվյալները ներկայացնել, պետությունն էլ դա ճիշտ ձեւով օգտագործի»։