Ո՞րն է այդ շահը

Ո՞րն է այդ շահը

Մեջբերելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որ պատերազմից հետո դիվանագիտական ճակատում հակառակորդի հետ բանակցությունները պետք է բերեն խաղաղության եւ ապահովեն այդ համաձայնության իրագործումը, բայց ոչ ի հաշիվ մեր ժողովրդի կենսական շահերի՝ հանրաճանաչ քաղաքական մեկնաբանը եզրահանգում է, որ նա տալիս է բանակցային քառորդդարյա փուլի գնահատականը, անուղղակի արձանագրում, որ առաջին պատերազմի հաղթանակից հետո եղած բանակցության տրամաբանությունը եղել է այնպիսին, որ խաղաղությունը շաղկապվել է հայ ժողովրդի կենսական շահը զիջելուն եւ վերջում ընդհանրացնում, որ ներկայումս Երեւանը դրել է բանակցային տրամաբանությունը փոխելու խնդիր, ինչը Բաքվին դրել է բավական բարդ վիճակում, բայց կարեւորը ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի վարքի կառավարումն է, որը սնուցել է ապրիլյան ագրեսիան: Ցանկացած վերլուծություն արժանահավատ է, եթե հենվում է փաստերի վրա: Ղարաբաղյան առաջին պատերազմը մեր հաղթանակով չի ավարտվել: Այլաապես կունենայինք  ոչ թե հրադադարի մասին միջնորդավորված համաձայնագիր, այլ՝ Ադրբեջանի կապիտուլյացիայի ակտ: Ուստի  ոչ հիմնավոր է այն պնդումը, թե անցած քառորդդարյա փուլում խաղաղությունը շաղկապվել է հայ ժողովրդի կենսական շահը զիջելուն, ինչի համար հեղինակը ոչ ուղղակի, բայց թափանցիկ ակնարկով քննադատում է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանին:Ղարաբաղյան առաջին պատերազմի հետագա ընթացքը կասեցրել է Ռուսաստանը, երբ Ելցինի նախաձեռնությամբ ԱՊՀ երկրների գագաթաժողովը 1994թ. փետրվարի 18-ին ընդունել է համապատասխան հայտարարություն: Ըստ էության, պատերազմի սանձազերծման պատասխանատվությունն էլ Ռուսաստանի վրա է: Իսկ կարգավորումն ռուսական սցենարով տեղի չի ունեցել, որովհետեւ Ադրբեջանը չի համաձայնել իր տարածքում ռուսական ռազմական ներկայությանը: Ստատուս-քվոյի պահպանման իրական պատճառը դա է: Մնացածը հեքիաթների ժանրից է: Այդ թվում՝ հետապրիլյան Վիեննայի օրակարգը: Եթե Ադրբեջանը վաղը համաձայնի եւ իր տարածքում ռազմահենակայան տրամադրի Ռուսաստանին, ապա մնացածը կվերածվի տեխնիկական խնդրի: Նույնիսկ՝ Իրանի եւ Թուրքիայի համաձայնությունը: Եւ ԱՄՆ-ին ոչինչ չի մնա, քան հաշտվել իրականության հետ: Մտավարժանքների տրվելու հարկ չկա՝  Ղարաբաղյան կարգավորման հարցում Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի մասնակցությունը բացարձակապես ֆորմալ է: Եւ այստեղ գործնականում բանակցությունների տրամաբանություն փոխելու քայլերը ոչ այլ ինչ են, քան՝ հնարավորինս ավելին ստանալու մարտավարություն:  

Բայց դա, պետք է իրատես լինել, ժամանակավոր է: Իրական քաղաքական ռեժիմում հնարավոր չէ հանդես գալ պատերազմ հաղթածի դիրքերից եւ հակառակորդին մատնել անձնատվության: Եթե, իհարկե, խոսում ենք կարգավորման, ոչ թե՝ նոր պատերազմի մասին: Ի վերջո, պետք է ձեւակերպվի, թե ի՞նչ ենք հասկանում ազգային շահ ասելով: Դա Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգայնացու՞մն է, Հայաստանի հետ միավորու՞մը, թե՞՝ պատմական արդարության հաստատումը: Այսինքն, մենք ի՞նչն ենք ելակետային ընդունում: Հայկական տարածքների ընդլայնու՞մը: Թե՞ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը եւ ինքնորոշման իրավունքի իրացումը: Հույս պահել եւ, մանավանդ, ներշնչել, թե աշխարհում կա ուժի մի բեւեռ, որ նախանձախնդիր է Մեծ Հայաստանի կերտմանը եւ մեզնից ադեկվատ կեցվածք է ակնկալում, մեղմ ասած երազխաբություն է: Ինչպես եւ այն, որ Ադրբեջանի դաշնակիցն Ռուսաստանն է: Ներկայիս Ադրբեջանը Միացյալ թագավորության եւ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական պրոյեկտն է:

Ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի: Իրեն ապահովագրելու համար Ռուսաստանը պարտադրված է Ադրբեջանի հետ համագործակցել: Երբեմն՝  նաեւ ի վնաս Հայաստանի: Ինչպես որ Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան են անում:Կա՞ հնարավորություն՝ ԼՂ հարցը դուրս բերելու այդ թակարդից: Պետք է մտասեւեռվել այդ ուղղությամբ: Թե չէ «ճահճի մեջ խորանալու» համար առանձնակի ջանքեր եւ դիվանագիտական «հմտություններ» պետք չեն: Այն առանց այդ էլ դաժան հեւեեւողականությամբ մեզ կլլում է: