«Դոմոդեդովոյում» հակահիգիենիկ իրավիճակ է. Հայաստանը չի կարողանում 400 հոգու կարանտին ապահովել

«Դոմոդեդովոյում» հակահիգիենիկ իրավիճակ է. Հայաստանը չի կարողանում 400 հոգու կարանտին ապահովել

Արդեն երկու շաբաթ է, հայերը, ինչպես «Տերմիանալ» ամերիկյան տրագիկոմեդիայի հերոսը, ապրում են «Դոմոդեդովո» օդանավակայանում: Բայց հայկական տրագիկոմեդիայի հերոսները, ի տարբերություն ամերիկյանի, ունեն թռիչքի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, սակայն հայրենիքը հրաժարվում է նրանց ընդունել: Հայրենիքը չունի նրանց մեկուսացնելու ու 14 օր կարանտինի մեջ պահելու պայմանները, ուստի թողել է օտար ճամփեքին:

 «Ընթացքի մեջ է, կազմակերպում ենք»
Ի դեմս վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի, հայրենիքն ասում է ՌԴ-ում մնացած իր քաղաքացիներին, որ կառավարությունը փորձում է համապատասխան կացարանի հարց լուծել, որպեսզի կազմակերպի իրենց մեկուսացումը` համապատասխան ժամկետով: Սա ասվել է մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 10-ին՝ «Առավոտ» թերթի հարցմանն ի պատասխան: Այսօր՝ ապրիլի 17-ին վարչապետի խոսնակը «Հրապարակի» հարցին, թե երբ պատրաստ կլինեն մեկուսացման պայմանները մեր քաղաքացիներին Մոսկվայից վերադարձնելու համար, պատասխանեց. «Ընթացքի մեջ է, կազմակերպվում է, կոնկրետ բան չեն կարող ասել»: Մանե Գևորգյանը հիշեցրեց, որ քաղաքացիների բոլոր կարիքները հոգում է դեսպանատունը՝ սննդի, գիշերակացի, իսկ եթե նրանք հրաժարվում են գնալ հյուրանոցներ, իրենք ոչինչ չեն կարող անել: Նա նաև չգիտեր, թե քանի հոգու համար են կարանտինի պայմաններ ապահովվելու: Մեր տեղեկություններով, մոտ 3000 քաղաքացի արդեն ցանկություն են հայտնել ինքնաթիռով վերադառնալ Հայաստան: Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան տվյալների, երեկվա դրությամբ մոտ 135 հոգի օդանավակայանում էին և մոտ 300 մարդ դեսպանատունը տեղավորել է հյուրանոցներում: Փաստորեն, այս պահին մոտ 435 հոգու 14 օրով մեկուսացնելու պայման է պետք ապահովել, որը մեր պետությունն ի վիճակի չէ կատարել: 


Այս պահին տարածքում հակահիգիենիկ իրավիճակ է 
Մարդիկ չեն լողանում, քնում են հագուստով: Ոմանց բախտը բերեց: Կարողացան Երևան մեկնել մինչ օրս եղած երեք ինքնաթիռներով: Նոր մարդիկ եկան տունդարձի հույսով: Նրանք իրար չեն մոտենում՝ ոչ միայն կորոնավիրուսով վարակվելու վախից, այլև մարմնի ծանր հոտի պատճառով: Վերադարձածներից մի կին պատմեց «Հրապարակին». «Այնտեղ հնարավոր չէր շնչել: Տղամարդիկ կոշիկները հանում էին, նստարաների վրա «նասկիներով» քնում էին»: Լուր ունենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մի քանի աշխատակիցների մոտ, որոնք սերտ շփվել են օդանավակայանում հավաքված հայերի հետ, կորոնավիրուս են կասկածում: Նրանք մեկուսացման մեջ են: ԱԳՆ-ն, սակայն, հերքում է այս տեղեկությունը: «Նման խնդիր չկա», - ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: 

«Ով հիվանդ է, գնում է հյուրանոց»
«Օդանավակայանի համապատասխան ծառայություններն այս օրերին արձանագրել են սահմանված կարանտինային ռեժիմի դրույթների խախտման բազմաթիվ դեպքեր, որոնք մեծամասամբ կապված են սոցիալական հեռավորություն չպահպանելու և առողջապահական անվտանգության այլ միջոցառումներ չիրականացնելու հետ», - հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, զգուշացնելով, որ ինքնաթիռ առաջիկայում չի լինելու և քաղաքացիները կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել: 
Սակայն հայերը չեն ուզում լքել դիրքերը: «Դոմոդեդովոյում» մնացողին այսօր դժվար է բացատրել, որ իր համար ամեն ինչ արվում է, որ Հայաստանի Հանրապետությունում չկա 400 տեղանոց հյուրանոց, որտեղ ինքը ինքը կարող է 14 օր ապրել մեկուսացման մեջ: Մենք զրուցեցինք Արտյոմ անունով մի երիտասարդի հետ: «Ես եմ մարդկանց ասել, որ հյուրանոց չգնան, - ասաց նա, - եթե մենք գնանք օդանավակայանից, կարող է ամիսներով ինքնաթիռի սպասենք, իսկ ստեղի մարդիկ առաջնահերթ մարդիկ են»: Արտյոմը չի ժխտում, որ օդանավակայանում վարակվելու վտանգը մեծ է: «Շատ հավանական է, շատերը առանց մասկաների, նոր մարդիկ են գալիս, կառավարությունը մեզ չի ընդունում, տեղերի խնդիր կա, ինչպես հասկանում ենք: Բայց միայն Մոսկվայում չի կուտակումները, սաղ տեղերը՝ Սոչի, Կրասնոդար, ամեն տեղ նույն վիճակն ա»: Նա ասաց, որ հայերի մեջ հիվանդներ կան: «Ով հիվանդ է, գնում է հյուրանոց»: 
Այսօր օդանավակայանի բնակիչները փորձեցին նույնիսկ հրաժարվել դեսպանատան կողմից տրամադրվող սննդից, սակայն, ինչպես հաղորդում է հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ Մարիամ Հովսեփյանը, կարճ ժամանակ անց, կրկին ընդունեցին սնունդը:
 

«Դոմոդեդովոյում» արդեն լիդերներ կան
Մարիամն այն կամավորներից է, որոնք օգնում են հայրենակիցներին: «ՌԴ ոստիկանները առայժմ կտրուկ քայլեր չեն ձեռնարկում, օդանավակայանի աշխատողները պարբերաբար բողոքում են, իհարկե, ասում են, որ այս վիճակը չի կարող անսահմանափակ տեւել, - պատմում  է Մարիամը, - Համարյա բոլորը նոր եկածներն են, նախկին «չարտերից» մի 5-6 հոգի է մնացել՝ ամենահամեստները, որոնք խելոք նստած են հյուրանոցում ու սպասում են: Մի տղայի հետ էի խոսում, որը լիդերն է, այսպես ասած: Նա բոլորին հորդորեց իջնել ու վերցնել սնունդը, նոր մարդիկ համաձայնվեցին սնունդ ընդունել»: Մարիամը նկատում է՝ ամբողջ աշխարհը տներում նստած են, իսկ հայերը կամ Հայաստանում են ցույց անում, որ գան Ռուսաստան, կամ ստեղից են որոշել ցույց անելով գնալ Հայաստան: «Ու ամենահետաքրքիրն այն է, որ իրենք մեղադրում են բոլորին, բայց ոչ այն գործատուներին, որոնք իրենց բերել, գցել են այստեղ, հետո էլ անպատասխանատու ձևով ուղարկել են փողոց, ու չեն ուզում հոգ տանել իրենց համար»:  
Հ.Գ. Երեկ Դոմոդեվո օդանավակայանի ղեկավարությունը իր խնդրանքն է փոխանցել ՌԴ-ում ՀՀ դեսպանություն՝ հերթական անգամ հորդորելու ՀՀ քաղաքացիներին հնարավորինս սեղմ ժամկետում լքել օդանավակայանի տարածքը։