Ռեյտինգայինո՞վ, թե՞ առանց դրա

Ռեյտինգայինո՞վ, թե՞ առանց դրա

Անտիկ շրջանի հունական քաղաքական մշակույթը՝ պոլիսային դեմոկրատիան, միջնադարում վերածնվել է Իսլանդիայում համաժողովրդական ժողովի տեսքով (ալթինգ՝ 930 թ): Սակայն ժամանակակից պառլամենտարիզմի սկիզբը դրվել է Անգլիայում 1215 թ.-ին Ազատությունների մեծ խարտիայի ընդունմամբ գումարված «թագավորական ընդհանուր խորհրդով»: Նախկինում ևս երկրում գործել են նման խորհուրդներ, սակայն դրանք եղել են թագավորին կից խորհրդատվական մարմիններ: Խարտիայի հիման վրա ստեղծված բարոնների (խոշոր ֆեոդալների) խորհուրդն իրավունք ուներ քննարկելու և թագավորին թույլատրելու մինչ այդ ավանդույթի ուժով ընդունված հարկերից (դրանք 4 տեսակի էին) բացի այլ հարկատեսակներ մտցնելը:

Հետագայում այդ խորհուրդն անվանվեց պառլամենտ, և վայրիվերումներով (պառլամենտի դիրքերի ուժեղացում-թուլացում և նույնիսկ ժամանակավորապես արգելում) հասավ մեր ժամանակները՝ ընթացքում հարկայինից բացի ներառելով դատական և օրինաստեղծ ոլորտները:

Պառլամենտում անդամակցությունը սկզբնական շրջանում ըստ ազնվանական ծագման էր, իսկ այնուհետև այն ներառեց նաև ընտրության տարրեր վարչական շրջաններից (կոմսություններից) և խոշոր քաղաքներից: Ընդ որում, ընտրողների քանակի և ներկայացուցիչների թվի հարաբերակցությունը խիստ տարբեր էր, մինչև որ ուշ միջնադարում սահմանվեց որոշակի քանակ. 1-ին անգամ՝ մեկ ներկայացուցիչ 54.000 ընտրողներից, հետագայում այն փոփոխվեց՝ պայմանավորված բնակչության և ընտրողների թվի ավելացմամբ: Ընտրող լինելու համար հենց սկզբից սահմանվեց ունեցվածքային ցենզ, որը վերացավ 20-րդ դարում: 20-րդ դարասկզբին վերացավ նաև կանանց ընտրության արգելքը: 20-րդ դարում, ի վերջո, վերացավ ընտրողներին գնելու պրակտիկան: Այնպես որ ընտրակաշառք հասկացությունը զուտ հայկական երևույթ չէ, և ժամանակ էր պետք, որպեսզի այն աստիճանաբար վերանար: 

Երկպալատ անգլիական պառլամենտի Համայնքների պալատի ընտրական համակարգն այսօր խառը մեծամասնական-համամասնական է՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն միայն կուսակցությունները, սակայն ընտրվելու համար կուսակցության յուրաքանչյուր անդամ համապատասխան ընտրատարածքում պայքարի մեջ է մտնում մրցակից կուսակցությունների անդամների դեմ: Ընտրապայքարը շահելու դեպքում կուսակցականները հավաքվում են պառլամենտում, և ըստ անդամների քանակի ձևավորվում է կառավարող կուսակցությունը և ընդդիմությունը: Ի դեպ, կառավարող կուսակցության պատգամավորների թվից առանձնանում են նախարարները, իսկ վարչապետը հաղթած կուսակցության ղեկավարն է, որը մնացածների նման ընտրություններում պայքարում է ընտրվելու համար:  

Այդ համակարգը քաղաքական մշակույթի զարգացվածության առումով լավագույն տարբերակն է, քանի որ կուսակցական ցուցակից զտում է նրանց, ովքեր խորհրդարան մուտք գործելու արժանի չեն: Հայաստանում 2015 թ.-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում ընդունվեց դրա վատագույն տարբերակը՝ համամասնական-վարկանիշայինը: Դա նպաստում է, որպեսզի  խորհրդարան մուտք գործեն թե՛ համամասնական ցուցակում ընդգրկված, սակայն բացի կուսակցության ղեկավարի վստահությունը վայելելուց այլ արժանիք չունեցողները, թե՛ նրանք, ովքեր կարող են ընտրակաշառք բաժանել՝ դրա համար  «գործի դնելով» թաղային հեղինակություններին: 

Ենթադրվում է, որ հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հենց համամասնական-վարկանիշային տարբերակով: Ի դեպ, ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ընթացքում ներկայացվել է մաքուր համամասնական ընտրակարգի երկու տարբերակ՝ փակ և բաց ցուցակներով: Առաջինը իշխանության ներկայացրածն էր, երկրորդը՝ ընդդիմության: Լավագույն միջազգային՝ տվյալ դեպքում անգլիական, տարբերակին որոշակիորեն մոտ է հենց բաց ցուցակը, քանի որ դա թույլ է տալիս ընտրողին ընտրություն կատարելու ոչ միայն կուսակցությունների, այլև ամեն մի առանձին կուսակցական ցուցակում ներառված անունների միջև: Այդ դեպքում, սակայն, որոշակիորեն պահպանվում է ընտրակեղծարարության զուտ հայկական տարբերակի հնարավորությունը՝ երբ կուսակցական փողատերերը փող են բաժանում երկու-երեք խոշոր ընտրատարածքների մի քանի տասնյակ ընտրատեղամասերի ընտրողների շրջանում՝ ապահովելով խորհրդարան մուտք գործելու հնարավորությունը: Չնայած այդ երևույթին, բաց ցուցակն, այնուամենայնիվ, լավագույն ընտրական համակարգն է: 

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ