Արցախում «Դանիել-յուգե՞նդց» է ստեղծվում

Արցախում «Դանիել-յուգե՞նդց» է ստեղծվում

Որոշ լրատվամիջոցներ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրերին անգամ չեն խորշում հանգերգել «զանգվածային ընտրախախտումների» եւ «կաշառատվության» ու «ընտրացուցակների կեղծման» մասին: Ինչպես ժողովուրդն է ասում՝ գողն առաջինն է գոռում՝ բռնեցեք գողին: Ստեփանակերտում եւ գյուղական համայնքներում տեղեկություններ են տարածվել, որ Արցախի համապետական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանի կառավարության կողմից հայաստանյան երկու ՀԿ-ներին պետական բյուջեից հատկացված միջոցներով կազմավորվել են հանրային կարծիքի ուսումնասիրության եւ մեթոդական աջակցության խմբեր, որոնք քարոզարշավի ամբողջ ընթացքում զբաղված են եղել հօգուտ Մասիս Մայիլյանի հոգեորսությամբ: Եւ դրա դիմաց առատորեն վարձատրվել են: Ինչպես ասում են՝ ըստ օդում կախված լուրերի, Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում ուսուցիչներին տրվել է 200 000 դրամ հավելավճար, որպեսզի նրանք «հեղափոխություն» քարոզեն: Ստեփանակերտում իրազեկ մարդիկ ասում են, որ Հայաստանի կառավարությունից ստացած գումարների հաշվին կազմավորվել են «Դանիել-յուգենդ» խմբեր, որոնք պետք է լինեն ապագա «հեղափոխության» առաջատար ուժը:

Ըստ երեւույթին, լուրերն այնքան էլ հեռու չեն իրականությունից: Այլապես ո՞վ է միջոցներ տրամադրում Արցախի հեղափոխական կուսակցության առաջնորդ Արթուր Օսիպյանին՝ զանգվածային միջոցառումներ, ավտերթեր իրականացնելու եւ որոշակի մարդկային զանգված հավաքելու, նրանց առօրյա կարիքները հոգալու համար: Ստեփանակերտում Արթուր Օսիպյանին ճանաչում են որպես Անդրեաս Ղուկասյանի եւ նրա շրջապատի հետ քաղաքական եւ բիզնես կապեր ունեցող անձնավորության: Որքանո՞վ է հավաստի, որ Անդրեաս Ղուկասյանն է ֆինանասավորում Արթուր Օսիպյանին՝  այս պահին դժվար է ասել: Բայց այն, ինչ հանրությունն է ասում, ամենայն հավանականությամբ հիմնավոր է՝ Հայաստանի կառավարության կողմից դիտորդական առաքելության նպատակով հատկացված գումարների մեծ մասը որպես «փոխհատուցում» բաշխվել է «Դանիել-յուգենդ»խմբերի անդամներին: Հավանաբար, Արցախի պատկան մարմինները եւ Հայաստանի կառավարությունն ու հանրությունը պետք է լումա առ լումա հաշվետվություն պահանջեն Դանիել Իոաննիսյանից՝ որտե՞ղ, ի՞նչ նպատակով եւ ինչքա՞ն գումար է ծախսել: Այլապես տպավորություն է, որ արցախյան ընտրությունների «կեղծված լինելու» մասին նրա քարոզչությունը սեփական «վրիպումների» համար ինդուլգենցիա ստանալու համար է: