Ուշադիր լինել ռիսկի խմբում գտնվողների նկատմամբ և կանխարգելել՝ առողջ իմունիտետ ձեւավորելով․ Վիգեն Ասոյան

Ուշադիր լինել ռիսկի խմբում գտնվողների նկատմամբ և կանխարգելել՝ առողջ իմունիտետ ձեւավորելով․ Վիգեն Ասոյան

Ամեն տարի աշնան և ձմռան ամիսներին նկատվում է սուր շնչառական վիրուսների ակտիվացում։

Այս տարի գրիպից, Քովիդից բացի նաև այլ վիրուսներ են տարածված՝ փսխում, փորլուծություն, սրտխառնոց։ Ինչպես դիմակայել այս վիրուսներին, ո՞ր դեպքում դիմել բժշկի, ինչ կանխարգելիչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել, այս և այլ հարցերի շուրջ

«Հրապարակը» զրուցել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի  Ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավար, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, բժիշկ-ինֆեկցիոնիստ Վիգեն Ասոյանի հետ։

- Արդյոք հիմա կորոնավիրուս կա՞։

- Այո, իհարկե, կա, անհամեմատ ավելի քիչ են դեպքերը, բայց  աշնանը, ձմռանը սուր շնչառական վարակների ակտիվացմամբ պայմանավորված նաեւ քովիդի աշխուժացում է նկատվում։

- Ինչպե՞ս է այն արտահայտվում։

- Արտահայտվում է սուր-շնչառական հիվանդություններին բնորոշ  ախտանշաններով, ժողովրդական լեզվով ասած՝ գրիպանման նշաններով, մրսածության նշաններով, ջերմության բարձրացումով, հազով, ախտանշանները շատ չեն տարբերվում այլ սուր-շնչառական վարակներից։

- Ի՞նչ տարբերություն այս շտամի և տարիներ առաջ բռնկված համաճարակի միջեւ։

- Իհարկե, տարբերություն կա, եթե համեմատենք 2021թվականի հետ, երբ քովիդի շրջանառվող տեսակը դելտան էր, որը բավականին ծանր էր ընթանում, ագրեսիվ ընթացք ուներ, հաճախ ծանր թոքաբորբ էր առաջացնում, հիմա մի փոքր նվազել է ծանր ընթացքով քովիդի հիվանդությունը, փոխվել է նաև շրջանառվող շտամի տեսակը, կան հիվանդներ, կան ծանր ընթացքով դեպքեր, սակայն անհամեմատ ավելի քիչ են։

- Տարիներ առաջ քովիդի բռնկումից հետո, երբ ազգաբնակչությունը համատարած պատվաստվեց, այժմ կարո՞ղ ենք խոսել իմունիտետի առկայության մասին։

- Շատ ճիշտ արեց, որ պատվաստվեց, դա շատ կարևոր քայլ էր, այո, նաև դրանով է պայմանավորված, որ այժմ հիվանդության դեպքերը ավելի քիչ են, քան մեկ-երկու տարի առաջ։ Կարելի է ինչ-որ չափով ասել, որ ներկա պահին գոյություն ունի իմունիտետ շատերի մոտ, որը թույլ է տալիս, որ նախ մարդը նորից չհիվանդանա և չվարակվի,  երկրորդ՝ կարող է վարակվել, հիվանդանալ, բայց ոչ ծանր ընթացքով։ Վիրուսը, իհարկե, ժամանակի ընթացքում փոխվում է, 100 տոկոսանոց իմունիտետ չի լինի, բայց պատվաստումից հետո հանրային իմունիտետի ձևավորումը չափազանց  կարևոր է հիվանդության ծանր ընթացքով դեպքերի նվազեցման համար։

- Ո՞ր սեռատարիքային կազմն է ավելի խոցելի կորոնավիրուսի դեպքում։

- Կորոնավիրուսի դեպքում միշտ խոցելի են մեծահասակները՝ 60-ն անց անձինք, քրոնիկ հիվանդություն ունեցողները՝ սիրտ-անոթային խնդիր, շաքարային դիաբետ ունեցողները, երեխաները, պետք է ուշադիր լինել նրանց հանդեպ, քանի որ հաճախ վիրուսը հանգեցնում է թոքաբորբի։

 -Ինչպե՞ս հասկանալ՝ հիմա շատ տարածված ջերմությունը, հազը սուր շնչառական վարակի հետևա՞նք է, թե՞ կորոնավիրուս է։

- Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր վարակներ են տարածված՝ սուր շնչառական, գրիպի տարատեսակներ, Քովիդ, մարդը չի կարող դա տարբերակել, միայն համապատասխան հետազոտությունների, թեստավորման արդյունքում կարող ենք իմանալ՝ կոնկրետ ինչ վարակ է բուժառուի մոտ։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ հիվանդության ընթացքը, ռիսկի խմբի պացիենտներին առանձնացնել, ջերմության երկարատևությանը հետևել, երբ է պետք դիմել բժշկի, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Այո, ներկա պահին կա սուր շնչառական վարակների ակտիվացում, այդ թվում՝ քովիդի։

- Ե՞րբ դիմել բժշկի, ինչի՞ն ուշադրություն դարձնել։

- Շատ կարևոր է ուշադիր լինել ռիսկի խմբի մարդկանց նկատմամբ, նրանց մոտ  վարակը կարող է թոքաբորբ առաջացնել, սուր շնչառական հիվանդությունների առաջին ախտանշանների ի հայտ գալուց, հետո եթե ջերմության բարձրացումը պահպանվում է, պետք է դիմել բժշկի, ժամանակին բուժում ստանալ, ուշադիր լինել շնչառական օրգաններին։ Եթե ռիսկի խմբում չեք, ջերմաչափում, ջերմիջեցում, բայց եթե հիվանդությունը տևում է 3 օրից ավել, պետք է դիմել բժշկի։

- Այս սեզոնին նաև շատ տարածված են փորլուծությամբ, փսխումով, փորացավով ուղեկցվող վարակները, սա կապ ունի՞ կորոնավիրուսի հետ և արդյոք կարո՞ղ է կորոնավիրուսը այդպես արտահայտվել։

- Ոչ, դրանք կապ չունեն կորոնավիրուսի հետ, կորոնավիրուսը ավելի հազվադեպ է առաջացնում փորլուծություն, փսխում, փորացավ։ Ավելի շատ դա այլ վիրուսների հետ է կապված, մենք ունենք ուսումնասիրություն, լրիվ այլ վարակներ են հաստատվում նման ախտանիշներ ունեցող հիվանդների մոտ, կապ չունի կորոնավիրուսի հետ։

- Ձեր խորհուրդը բոլոր նրանց, ովքեր առողջ են և նրանց, ում մոտ արդեն նկատելի են նման ախտանշանները կամ արդեն հիվանդ են։

- Բոլորին նախ առողջություն եմ մաղթում, կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային կանոնները, օդափոխել տարածքները, ջերմաչափել, հաճախակի լվանալ ձեռքերը, դիմակ կրել՝ ըստ անհրաժեշտության, սահմանափակել մրսածության ախտանիշներ ունեցողների հետ շփումը, եթե կա մրսածություն` չշփվել ոչ մեկի հետ, քանի որ սուր շնչառական հիվանդությունները տարածվում են օդակաթիլային եղանակով։ Արդեն իսկ նման ախտանշաններ ունեցողները, եթե ռիսկի խմբում չեն, պետք է հետևեն հիվանդության զարգացման ընթացքին, եթե ռիսկի խմբում են, անպայման դիմել բժշկի։ 

- Սովորաբար հենց մրսածության ախտանիշներ են գալիս, ասում ենք՝ վիրուս է, արդյոք տարբերություն կա՞ վիրուս է, թե մրսածություն, դրանց ախտանշանների, բուժման մեջ։

- Մրսածությունը շատ ավելի թեթև է ընթանում, բարդություններ չի առաջացնում, վիրուսային վարակները շատ տարբեր ձև կարող են արտահայտվել տարբեր մարդկանց մոտ, հաստատ լսած կլինեք, որ ասում են՝ ամբողջ ընտանիքը հիվանդացավ, ես չհիվանդացա, բայց գուցե հիվանդացած լինի, ուղղակի չի իմանում, դա ցույց կտա հետազոտությունը։

- Արդեն մի քանի տարի է, ինչ գրիպի դեմ պատվաստվելը մասսայական բնույթ է ստացել, արդյոք սա չպե՞տք է նպաստեր գրիպի դեմ ևս հանրային իմունիտետի ձևավորմանը։ 

- Ճիշտ են անում, որ պատվաստվում են, աշնան սկզբին պետք է անպայման պատվաստվեն, հատկապես ռիսկի խմբի անձինք, դա շատ արդյունավետ և հնարավորինս քիչ կողմնակի ազդեցություններով օժտված պատվաստում է։ Գնալով շատերն են պատվաստվում գրիպի դեմ, ինչը կարևոր է և նվազեցնում է դեպքերը։ Սուր շնչառական վարակներից ամենածանրը գրիպն է, իսկ  գրիպի դեմ պատվաստումը օգնում է չհիվանդանալուն կամ հիվանդանալու դեպքում՝ բարդություններից խուսափելուն։ Կա թյուրըմբռնում, շատերն ասում են՝ գրիպի դեմ պատվաստվեցի, բայց մրսածության ախտանշաններ ունեմ, բայց հաշվի չեն առնում, որ պատվաստումը պաշտպանում է: Եթե չանեին, հնարավոր է ավելի ծանր տանեին ընթացքը, շատ հիվանդանային։ Իհարկե, գրիպն էլ է փոխվում տարիների ընթացքում, նոր տեսակներ են ի հայտ գալիս, բայց 90 տոկոսի դեպքում պատվաստումը թույլ չի տալիս, որ մարդը վարակվի կամ կանխարգելում է հիվանդության ծանր ընթացքը։

- Կա նաև այսպիսի պնդում, որ հիվանդանալուց իմունիտետ է ձևավորվում։

- Նայած որ տարիքի դեպքում է դա ասվում, եթե կա հիվանդության կանխարգելումը, պետք է ամեն ինչ անել, որպեսզի կանխարգելել այն, այլ ոչ թե սպասել, հիվանդանալ և բուժել, որովհետև հայտնի չէ՝ ով ինչպես այն կտանի։ քովիդը մեզ համար ծանր դաս եղավ, երբ մենք տեսանք, որ քրոնիկ հիվանդություններ ունեցողները կարող են ոտքի վրա տանել, իսկ կատարյալ առողջ մարդիկ՝ շատ ծանր։ Միանշանակ՝ ավելի ճիշտ է կանխարգելել, քան հիվանդանալ և բուժել։

- Մեր հասարակության մոտ տարածված է վիրուսների սեզոնին դիմակայելու համար վիտամիններ օգտագործել, զանազան ժողովրդական միջոցների դիմել։

- Կանխարգելիչ միջոցները, իհարկե, օգնում են, բայց Հայաստանում ամենալավ վիտամինը մեր միրգն ու բանջարեղենն են, դրանք շատ կարևոր են մեր իմունիտետի ձևավորման համար։ Կարևորը՝ մարդը առողջ իմունիտետ ունենա և ամեն ինչ պետք է անել առողջ իմունիտետ ունենալու համար, առաջին հերթին՝ առողջ սնվել։

- Իսկ կանխարգելիչ նպատակով քիթը անընդհատ լվանալ, ինչ-որ դեղամիջոցներ փչել պե՞տք է, թե՞ ոչ։

- Նայած ինչ դեղամիջոց է։ Մրսածության ախտանիշներ ունեցողների հետ շփումները պետք է բացառել, օրինակ՝ չհամբուրել բարևելուց, սա շատ ավելի կարևոր է, քան քիթ լվանալը։