Սփյուռքահայերի մուտքը Հայաստան արգելում են, հետո հորդորում` հայկական ապրանք գնել
Երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Լարսի անցակետի փակ լինել ըստ էության Հայաստանի համար մեծ ողբերգություն չէ` հայկական կողմը կարող է նոր բիզնես շուկաներ գտնել` այլ ուղղություններով. «Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ: Բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն Անկախությունն ու Սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է: Որևէ Լարսի անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»:
«Հրապարակը» զրուցել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ:
- Կարդացե՞լ եք Արայիկ Հարությունյանի հայտարարությունը:
- Սա վարչապետ կոչեցյալի նվիրյալներից մեկի «կարծիքն» է, Լարսի անցակետից գյուղմթերքներով բեռնված բազմաթիվ բեռնատարերի Ռուսաստանի կողմից չընդունման ու հետ վերադարձման մասին։ Այստեղ են ասել՝ «ձենը տաք տեղից ա գալիս»։ Ստանալով ահռելի բարձր աշխատավարձ, օգտվելով իշխանական արտոնություններից, նրան բացարձակապես չի հուզում, թե ինչպիսի կորուստներ կունենան գյուղմթերքներ արտադրողները։ Հետաքրքիր է, որ այդ անձը կոչ է անում սփյուռքահայերին հայկական մթերք և կոնյակ դնել իրենց ամանորյա սեղաններին։ Այն սփյուռքահայերին, որոնց մուտքը Հայաստան արգելված է, որոնց ուղարկած գումարները «Հայաստան» հիմնադրամին, կառավարությունը յուրացրեց։
- Ի՞նչ կարող է տեղի ունենալ-հաջորդել սրան:
- Կարծում եմ, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի վարած հակառուսական քաղաքականությանն ուղղված պատասխանի առաջին ծիծեռնակն էր սա, որին կարող են հետևել այլ, առավել ցավոտ քայլեր։ Օրինակ, բարձրացնեն գազի գինը, վերադարձնեն Ռուսաստանում աշխատող տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներին։
- Ինչի՞ են ուզում հասնել իշխանությունները նման քայլերով:
- Հայաստանում չկան իշխանություններ, կա մեկ մարդու իշխանություն։ Մյուս բոլոր իշխանական պատգամավորները, նախարարներն ու մարզպետներն, ուղղակի բարձր աշխատավարձեր ստացող կամակատարներ են։ Իսկ այդ մեկ մարդը՝ վարչապետ կոչեցյալը, 2018 թ․ սկսած իրականացնում է իրեն իշխանության բերողների հանձնարարակաները, այն է՝ հեռացնել Ռուսաստանին մեր տարածաշրջանից, որի կարևոր բաղադրիչը Արցախն ուրանալն էր, այն Ադրբեջանին հանձնելն ու Արցախը հայաթափելը։ Այս նույն համատեքստում է իշխանական լրատվամիջոցներով շարունակվող հակառուսական քարոզչությունը, ՀԱՊԿ և ԱՊՀ տարբեր մակարդակների հանդիպումների բոյկոտը։
- Իշխանավորներն ասում են` ռուսական շուկան փակվում է, նոր շուկաներ գտեք: Որտե՞ղ, ինչպե՞ս:
- Նաև տգիտություն է խոսել նոր շուկաներ գտնելու մասին։ Այն պահանջում է երկար տարիների ահռելի աշխատանք ու ծախսեր, մրցակցությանը դիմանալու համար։ Պատկերացնու՞մ եք, որ եվրոպական շուկայում հայկական գինին և կոնյակը մրցակից դառնան ֆրանսիական, իտալական, իսպանական, պորտուգալական, գինիներին և ֆրանսիական կոնյակին։ Անհնար է պատկերացնել։ Իսկ հատկապես, հայկական կոնյակը, դեռևս ցարական շրջանից Ռուսաստանում մեծ համարում ունի։ Նույնը վերաբերում է գյուղմթերքներին։ Բոլոր երկրների համար Ռուսատանն անսպառ շուկա է և շատ եվրոպական երկրներ փորձում են դիմադրել եվրոպական պատժամիջոցներին և վերադառնալ ռուսական շուկա։ Իսկ մենք, փաստորեն, կամավոր հրաժարվում ենք դրանից, վերջնականապես քայքայելով մեր գյուղատնտեսությունը, կոնյակի արտադրությունն ու գինեգործությունը, լայն ճանապարհ բացելով թուրքական ապրանքների համար։
Կարծիքներ