Տանուլ տրված մեր նոր Հայրենական պատերազմը
Արցախյան 44-օրյա Պատերազմը իր պատմական նշանակությամբ, քաղաքական ընդգրկումով և հետևանքներով անժխտելիորեն Հայրենական Պատերազմ է:
Կա՞ արդյոք մի ժողովուրդ, որ պարտվել է իր Հայրենական Պատերազմում....Ո՛Չ:
Մենք ինչու՞ պարտվեցինք:
Անգամ Ավարայրի ճակատամարտում, որը նույնպես իր ժամանակի քաղաքական իրավիճակի պայմաններում Հայրենական կարելի է համարվել, մենք չենք պարտվել, թեև որոշ պատմաբաններ այն բնութագրեցին որպես ընդամենը Բարոյական հաղթանակ:
Ո՛չ, Ավարայրի հաղթանակը նաև ռազմական հաղթանակ էր, քանի որ այդ ճակատամարտից հետո Պարսկաստանն այլևս Հայաստանի առջև նման պահանջ չդրեց:
Ինչո՞ւ մենք մեր այս Հայրենական պատերազմում պարտվեցինք, ովքե՞ր և ե՞րբ նախապատրաստեցին մեր փառավոր Հաղթանակը դաժանորեն ջախջախելու և մեր երկիրն ու պետությունը կործանման եզրին հասցնելու, իսկ մեր ժողովրդին մեկ դար հետո ցեղասպանության վտանգի առաջ կանգնեցնելու իրողությունը:
Ունե՞նք այդ պատասխանը...Այո՛:
Նախ՝ կարծես չըմբռնեցինք, որ սա Հայրենական Պատերազմ է: Ու դա ամենաաններելին է: Ապա երեսուն տարվա վարած արտաքին ապիկար քաղաքականությունը, ռազմական անպատրաստվածությունը, տնտեսության փլուզումը, պետությունն ու երկիրը թալանող կառավարող պաշտոնյաների աստղաբաշխական գումարների հասնող հարստությունը, ժողովրդի համակերպվելը նրանց թալանի և անօրինությունների հետ և անզորությունից` արտագաղթելը, այդ բոլորից ազատվելու համար իշխանափոխության նիկոլական թատրոնին ծափահարելն ու չհասկանալը, որ այդ ներկայացումը թեև սկսվեց որպես հերոսական Ներբող, բայց շարունակվեց որպես զավեշտ-կատակերգություն, եւ ավարտին է մոտենում որպես ողբերգություն....
Բայց մենք երևի չենք հասկանում այդ ժանրերի առանձնահատկությունները և շարունակում ենք ծափահարել այս խղճուկ հերոսական Ներբողի ներկայացմանը, որի հերոսը բոլոր երեք պաշտոնակատարների անկատար ծրագիրն իրականացնող հաջորդ՝ ի պաշտոնե պաշտոնակատարն է:
Ներկայացումն ավարտվում է, իսկ մենք Բի՜՜ս ենք գոռում...
Մարի Բարսեղյան-Խանջյան
Գրող, հրապարակախոս
Կարծիքներ