Սկլերոզի բուժման նոր մեթոդ են առաջարկել

Սկլերոզի բուժման նոր մեթոդ են առաջարկել

Բրիտանական Քեմբրիջի համալսարանի գիտնականները նոր մեթոդ են առաջարկել ցրված սկլերոզի բուժման համար։ Մեթոդի հիմքում ցողունային բջիջների ներարկումներն են, գրում է Daily Mail պարբերականը։ Ցրված սկլերոզը, հիշեցնենք, որ խրոնիկ աուտոիմունային հիվանդություն է, որի ընթացքում ախտահարվում են գլխուղեղն ու ողնուղեղը, ինչպես նաեւ՝ տեսողական նյարդերը։ Ըստ հիվանդության պրոգրեսիվության, աստիճանաբար զարգանում է վերջույթների ընդարմացումից մինչեւ պարալիզացում կամ կուրություն։ Բացի այդ, շատ մարդկանց մոտ զարգանում է երկրորդային պրոգրեսիվության ցրված սկլերոզ, որը կարող է բերել հաշմանդամության։ 

Գիտնականների մշակած նոր մեթոդը կարողանում է կասեցնել քայքայիչ հիվանդությունն ու պաշտպանել ուղեղը հետագա վնասումներից։ Բուժման հիմքում գլխուղեղում ցողունային բջիջների ներարկումն է։ Բանն այն է, որ ցրված սկլերոզի դեպքում իմունային համակարգը գրոհում է պաշտպանական սպիտակուցային եւ ճարպաթթուների շերտի վրա, որը կոչվում է միելինային կեղեւ, որը պաշտպանում է նյարդերը, որոնք ազդակները փոխանցում են գլխուղեղին։ Այն վնասվում է եւ սպիավորվում, դրա համար էլ գլխուղեղի ազդակները, օրինակ մկաններին, որոնք անհրաժեշտ են քայլելու համար, խաթարվում են։ Ցողունային բջիջները, որոնք կարողանում են տարբեր օրգանների բջիջներ եւ հյուսվածքների վերածվել, կարողանում են նվազեցնել իմունային բջիջների ակտիվությունը եւ դրանով կանխել նոր սպիների առաջացումը վերոնշյալ կեղեւի վրա։ Նոր մեթոդով թերապիայի գիտափորձերին մասնակցել է 15 կամավոր, ովքեր ունեցել են ցրված սկլերոզ։ Մեթոդի արդյունավետությունը հաստատվել է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայով։ Գիտնականները հույս ունեն, որ նման բուժման մեթոդը կարող է կասեցնել հիվանդության զարգացումը։ Միաժամանակ նաեւ նշում են, որ նոր մեթոդի կատարելագործման համար անհրաժեշտ են հավելյալ հետազոտություններ։