Կայուն ճահիճ

Կայուն ճահիճ
Մինչ աշխարհը փոթորկվում է, եւ տարբեր երկրներում մարդիկ, հավատալով իրենց ուժին, փողոց են ելնում ու փորձում են փոխել իրենց կյանքն ու իշխանություններին՝ որպես այդ կյանքի բարեփոխման միջոց, մեր երկրում հաղթանակում է «կայունությունը» պահպանելու համընդհանուր ձգտումը: Տվյալ դեպքում, որքան էլ համոզեն, թե կայունությունը դրական երեւույթ է, դժվար է դրան հավատալ, քանզի ճահիճն էլ է կայուն, իսկ մեր կայունությունը հենց ճահիճ է հիշեցնում: Ճահիճ, որտեղ ոչ մի շարժում, ոչ մի փոփոխություն պահանջված չէ: Եվ ոչ միայն փող ու հարստություն տնօրինող իշխանության կողմից, այլեւ, որքան էլ զարմանալի է, նաեւ՝ ընդդիմության: Վերջին հանրահավաքից հետո մարդիկ պատմում էին, թե եգիպտական դեպքերից ոգեւորված բազմությունն ինչպես էր խնդրել ընդդիմության ներկայացուցիչներին, թե՝ անժամկետ նստացույց հայտարարենք, եւ ինչպես էր Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն իր հռետորական ողջ տաղանդն օգտագործելով համոզել, որ դա չանեն: Սակայն անգամ եթե ընդունենք, որ ընդդիմությունն իրեն պատրաստ չի համարում հեղափոխություն անելուն, եւ միայն դա է այս պասիվության պատճառը, ապա իշխանության մեջ կատարվող իրադարձություններն ավելի հուսահատեցնող են: Իբր որեւէ տիպի ու կարգի ընտրություն շատ էր կատարվում, հիմա էլ մեր կառավարող կոալիցիան որոշել է առաջիկա վեց-յոթ-տասը տարում պահպանել ուժերի ներկա հարաբերակցությունը: Այնպես անել, որ եւ օրենսդիր, եւ գործադիր մարմիններում առաջիկայում որեւէ բան չփոխվի, եւ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ հարաբերակցությունը, այսինքն՝ քաղաքական ճահիճը սրբորեն պահպանվի: Հանկարծ մի պորտֆել կամ մի մանդատ որեւէ մեկն ավելի չունենա, քան այսօր: Իսկ դա մի բանի մասին է խոսում՝ նրանք պարզապես թքած ունեն ժողովրդի, նրա քվեի ու կարծիքի վրա: