Քրեական հետապնդում

Քրեական հետապնդում
Ոմանց կարող է թվալ՝ ինչ մի վտանգ է իրենից ներկայացնում «Ժառանգություն» կուսակցության մի կին անդամ, որ նրա դեմ պայքարելու համար իշխանությունը գնար վերջինիս եղբոր դեմ քրեական գործ սարքելու ամոթալի քայլին՝ վարկաբեկվեր, վարկաբեկեր արդարադատության գաղափարը, նաեւ ցույց տար, որ վախենում է ինչ-որ ուժից, կրկին հայտնվեր միջազգային ատյանների ուշադրության կենտրոնում: Դեռ Նիկոլի եւ մյուս քաղբանտարկյալների հարցը չլուծված, ճնշումների նոր ֆրոնտ բացեր իր նկատմամբ: Անշուշտ, այս բոլոր փաստարկներն ապրելու իրավունք ունեն եւ առաջին հայացքից ճշմարտացի են թվում, բայց Զարուհի Փոստանջյանի եղբոր դեմ հարուցված քրեական գործով պատժիչ մեքենան մի քանի խնդիր է լուծում, որոնք պակաս կարեւոր չեն: Նախ, հասարակությանը ցույց են տալիս, որ ձեր իրավունքների համար պայքարող, բոլոր քաղաքացիական շարժումներին ու ակցիաներին ակտիվ մասնակցող Զարուհին, որը հասցրել է այս ընթացքում շատերի սերն ու հարգանքը նվաճել, մեղմ ասած, հրեշտակ չէ՝ հանցագործ եղբայր ունի, գուցե նաեւ հանցագործ գեներ՝ չէ որ անաշխատ եկամուտները, փաստորեն, այս ընտանիքում մերժելի չեն: Մյուս խնդիրը, որ այս քրգործով լուծում են, այն է, որ «Ժառանգություն» կուսակցությունն ու Զարուհի Փոստանջյանն այսուհետ իրենց ժամանակի մի ահռելի մասը պետք է հատկացնեն Տիգրան Փոստանջյանի իրավունքները պաշտպանելուն՝ նրան բանտից, դատ ու դատաստանից ազատելուն: Ինչը եւս պակաս կարեւոր չէ: Սա կխանգարի, որ անձամբ Զարուհին եւ նրա կուսակիցների մի մասը մասնակցեն, ասենք, Նալբանդյան 106 հասցեի կառուցապատման դեմ կազմակերպվելիք ակցիային: Նրանց ուշադրության կենտրոնում հիմա Տիգրանն է, նրա պաշտպանությանն առնչվող հարցերը, նրա վերաբերյալ հաղորդագրությունների տարածումը եւ այլն: