«Արձակ-2011» մրցանակաբաշխությունն ավարտվեց

«Արձակ-2011» մրցանակաբաշխությունն ավարտվեց
«Անտարես» գրահրատարակչության եւ «Գրանիշ» գրական ակումբի համագործակցությամբ երեկ հայտնի դարձան «Արձակ-2011» պատմվածքի մրցանակակիրները: Շորթ-լիստ դուրս եկած 19 պատմվածքների հեղինակներին հանձնվեցին դիպլոմներ, հատուկ մրցանակներ: Առաջին մրցանակը շնորհվեց արձակագիր Հրաչյա Սարիբեկյանին՝ «Ապորիա» պատմվածքի համար, երկրորդ մրցանակը հանձնվեց Արմեն Օհանյանին՝ «Կիկոսի վերադարձը» պատմվածքի համար, երրորդ մրցանակին արժանացավ Հովհաննես Երանյանի «Զավակս» պատմվածքը: Արձակագիր Հրաչյա Սարիբեկյանի կարծիքով, սա աննախադեպ մրցանակաբաշխություն էր իր բնույթով, քանի որ Հայաստանում պատմվածքի համար նախատեսված մրցանակային հոնորարի չափը հիմնականում միշտ ցածր է լինում:



Եվ մի հետաքրքիր բան էլ՝ մեզ մոտ չկար «շորթ-լիստ» հասկացությունը, որ առկա է համարյա բոլոր լուրջ մրցանակներում, եւ, ամենակարեւորը, որ իրոք հրաշալի անակնկալ էր ու էլի աննախադեպ «19 պատմվածք» գրքի լույսընծայումը եւ ցուցադրությունը հենց մրցանակաբաշխության ընթացքում, որ լավագույն նվեր է գրողների համար: Ասեմ, որ այս մրցանակաբաշխությունն անցկացվեց եվրոպական չափանիշների համաձայն: «Ապորիա» պատմվածքի մասին Հրաչը նշեց, որ այն իր համար էքզիստենցիալ ապորիայի մեջ հայտնված մարդու պատմություն է, որը գնում է հիվանդ մորն այցելելու եւ գտնում նրան մահացած, իսկ անկողինը՝ հարդարված:



Արմեն Օհանյանի համար այս մրցանակն առաջինն էր, որ, իր ասելով, ուրախալի է եւ հաճելի, բայց մյուս կողմից, ըստ Արմենի, մի քանի լուրջ խնդիրներ կան, որոնց մասին արժե խոսել, քննարկել, բանավիճել: «Կարդալով բոլոր 121 պատմվածքները եւ ծանոթանալով ու փորձելով հասկանալ նրանց բովանդակությունը՝ կարող եմ ասել, որ հայ արձակը ողբալի վիճակում է՝ այն պարզ պատճառով, որ չկան  ազատագրողներ, որովհետեւ գրողները չեն ստեղծում այն տարածքը, տեղը, միջավայրը, այն իրականությունը, որտեղ ես կցանկանայի ապրել»,- ասում է Արմենը:



Արձակագիր, հրապարակախոս Հովհաննես Երանյանի կարծիքով, լավ կլիներ մրցանակն անվանակարգերով տրվեր, «ասենք՝ յուրօրինակ լեզվամտածողության, կերպարների կամ սյուժետային հետաքրքիր լուծումների համար, այլ ոչ առաջին տեղ, երկրորդ կամ երրորդ տեղ, որովհետեւ գրականությունը մրցավազք չէ: «19 պատմվածք» գրքի համար ասեմ, որ դեռ նոր եմ թերթում, եւ ինձ համար հաճելի է, որ, ըստ կազմակերպիչների, բոլոր պատմվածքները կթարգմանվեն անգլերեն, եւ գիրքը կհրատարակվի անգլերեն լեզվով: Սա ավելի ուրախալի է, որովհետեւ ամենակարեւորն է, այսօր մեզ շատ է անհրաժեշտ հայ արձակ թարգմանել եւ ներկայացնել դրսում»:



Ամփոփելով տարին եւ գրականության հետ կապված մրցանակաբաշխությունները՝ կարելի է ասել, որ «Անտարես» գրահրատարակչության կողմից հայտարարված եւ անցկացված մրցանակաբաշխությունն առաջինն էր իր ինքնատիպ ձեւով եւ բովանդակությամբ, ինչպես նաեւ մրցանակաբաշխությունը որպես իրադարձություն ներկայացնելու երգեցիկ շոուով: Հուսանք, որ այն ամեն տարի կշարունակվի, կդառնա ավանդույթ: