Դաժան ճակատագրի գերիները

Դաժան ճակատագրի գերիները
Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի սրահում դեկտեմբերի 15-ին բացվեց երեք երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ «Ակտ 1» խորագրի ներքո, հանձնակատար` Անի Հայկազուն: Ժորա Գասպարյան, ծնվել է 1990-ին, Էջմիածնում, Գայ Ղազանչյան` 1991թ., Երեւան, Ռուբեն Գրիգորյան` 1990թ., Նոր Հաճն: Երեքն էլ ավարտել են Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան: Կողքից նրանց դիտելիս աշխույժ, սրամիտ, երիտասարդներ էին: Ներկայացված նկարները դիտելիս երեքն էլ մտահոգված էին կյանքի անկանխատեսելի դրսեւորումներով, անհանգստացած էին անորոշ եւ քմահաճ ճակատագրի անակնկալներից: Նպատակներից, ծրագրերից խուսափեցին խոսել, կարծես վախենում էին իրենք իրենց աչքով տալ: Նկարներում գերիշխում էին էքստրեմալ կյանքով ապրող մարդիկ, ճակատագրեր:



Գույները մռայլ են, սառը: «Անկում», «Կիրք», «Խնդրում եմ լռություն»…(Գայ Ղազանչյան), «Հատման կետ», «Ճնշում», «Գիշեր», «Արգելված կիրք», «Հավերժական իշխանություն»…(Ռուբեն Գրիգորյան), «Հիասթափություն», «Ավերակների ուրվականը», «Բռնություն», «Անտառային ոգիներ», «Դիվահարներ», «Փախուստ իրականությունից»…(Ժորա Գասպարյան):



Զարմանալի նրբանկատությամբ ներկայացված էին մեր օրերում իշխող չարացած ոգին ու նրա սառած շունչը, որտեղ մարդը, որպես անզոր անհատ, տառապում է, գոհ չէ իր գոյությունից եւ, ամենագլխավորը` մենակ է եւ անտեր: Մարդիկ են, որոնք սխալ ժամանակներում են աշխարհ եկել ու ինքնաբացահայտման փնտրտուքից հոգնել-հասել են հոգեխանգարմունքի: Բոլորն էլ դաժան ճակատագրի գերիներն են: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ 2012թ. հունվարի 15-ը: Ի դեպ, մուտքն ազատ է:



ՀԳ - Ցուցահանդեսի դիտումից հետո, երբ դուրս եկանք փողոց ու նայեցինք շուրջներս քայլող մարդկանց դեմքերին, նկատեցինք նույն պատկերը` անորոշություն ու անվստահություն, վախ ու մենակություն:



Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ