Նոր թեկնածուների կարիք

Նոր թեկնածուների կարիք
Ընդունենք` արդեն փետրվարի 10-ն է, եւ ընտրություններին մնացել է հազիվ մեկ շաբաթ: ՀՀ նախագահի թեկնածու են առաջադրվել գործող նախագահը, Պարույր Հայրիկյանը, Տիգրան Կարապետիչը, Րաֆֆին ու մի խումբ «էպոսագետներ»: Մեծ հաշվով՝ այլընտրանքի բացակայություն: Արդյունքում՝ քվեարկության մասնակիցների աննախադեպ քիչ քանակ: Սերժ Սարգսյանը նախագահ է ընտրվում 78 կամ 88 տոկոս ձայներով, նրա մերձակա մրցակիցը հավաքում է 1,5 տոկոս:



 



Ի՞նչ է խոսում սա մեր երկրի ու հասարակության մասին: Նախեւառաջ այն, որ մենք հետեւողականորեն, քայլ առ քայլ ոչնչացրել ենք ընտրական համակարգը եւ վերադարձել սովետական «հին-բարի» ավանդույթներին: Երբ ընտրում էին մեկ թեկնածուից: Սա նաեւ վկայում է այն մասին, որ մենք պայքարի հակված ժողովուրդ չենք՝ ցանկացած ճնշման ու պարտադրանքի դեպքում անմիջապես հանձնվում ենք ու հարմարվում ստրուկի կարգավիճակին: Իսկ ստրուկներին, համաձայնեք, ոչ միայն չեն սիրում, այլեւ նրանց ոչ մի լավ բան չի սպասվում:



 



Սա խոսում է նաեւ այն մասին, որ մեր իշխանավորները, էլիտան ու մտավորականությունը ոչ մի բանի պիտանի չեն՝ ծախու են, հարմարվող, պնակալեզ ու բռնակալ: Մի խոսքով, Հայաստան երկրի շատ տխուր եւ հիասթափեցնող տեսարան է ուրվագծվում: Բնականաբար, հարց է ծագում՝ ո՞ւմ է ձեռնտու նման իրավիճակը: Հասարակությանն ու ժողովրդի՞ն. հաստատ՝ ոչ, քանի որ անազատ հասարակությունը հարգանքի արժանի չէ, անհեռանկար է ու անապագա: Իշխանությունների՞ն. կարծում եմ՝ նույնպես ոչ, քանի որ անգամ եթե դու 90 տոկոսով նախագահ ես ընտրվել, դա խոսում է ոչ թե քո անգերազանցելիության, այլ այն բանի մասին, որ երկիրը վերածել ես Թուրքմենստանի եւ դու թուրքմենբաշի ես դառել: Այնպես որ, մեզ բոլորիս նոր եւ լուրջ նախագահի թեկնածուներ են հարկավոր: