Մաղարիչով լինի հանգիստդ, ով Ծաղկաձոր

Մաղարիչով լինի հանգիստդ, ով Ծաղկաձոր

Ծաղկաձորյան մի անձրեւառատ օր, երբ ջուրը բաժակներով գլխիդ է չռռում, իսկ ծառերն աներեւույթ, բայց ջրառատ բաժակներից հետ մնալն ամոթ են համարում, մեր «կլոր ֆառերով» «Մերսեդես բենցը» խուճապահար խցկվում է հանգստյան տան բակը: Ծաղկաձորյան մարդատյաց անձրեւը հանգստյան տան  նեղլիկ, կիսամաքուր կամ արձակ, բայց էլի կիսամաքուր սենյակներն է վազվզեցնում հանգստյան Ապպայից զարմացած ուսուցիչների ու «լեքսուսներով» «ֆիրմա» հագած չաղլիկների, որոնք, ընտրեք, կամ՝ ա) էս պահին Ապպայով հավասարեցված են ու հանգստանում են կողք կողքի, կամ բ) ընդգծում են իրենց հասարակական դիրքերի տարբերությունը՝ տեղավորվելով կիսամաքուր սենյակներից կամ նեղլիկներում, կամ լայնարձակներում:



Թուրքական ճոխ հյուրանոցներում մեղր կաթող թխվածքները, նուտելլայի սարերն ու արեւադարձային բուրգերի առատությունը օրը տասը կամ քսան դոլարով կանչում են, իսկ մեր կիսամաքուր սենյակների ու, ճիշտ է, բավարար, բայց ոչ երբեք ճոխ սննդի համար խեղճ պետությունն օրը ամենաքիչը քսանհինգ հազար դրամ է  վճարում: Օրը քսանհինգհազարանոց հանգիստ վայելող  ուսուցիչների զարմանքը մեկ թռչում է դեպի առաստաղ, զարնվում գեղեցիկ ջահերի ցոլքին, մեկ վերադառնում անցյալ՝  հիշեցնելու խեղճուկրակ դպրոցի շենքերը, որոնք սպասում են՝ նախ, աչք վիրավորելու, հետո փաղաքշելու սովորության ջերմ ալիքով: Ու խժռում ենք՝ ջեմ, կարագ, պանիր, հաց, նրբերշիկ, կաթնաշոռի ու թթվասերի մի քիչ անհասկանալի զանգված: Դե, եթե փորձես հասկանալ, չես իմանա՝ թթվա՞ծ էր, թե՞ ուղղակի էդպես թթու էր ծնվել էդ կաթնաշոռը: Ներշնչում ենք, թե թթու ծնված կլինի, ու կուլ ենք տալիս, թե չէ համարում սպառնում է մթերադատարկությունը: Ինչպես միշտ, խաբեությունը հայահանգստի մասն է. նկարում պատկերված գեղեցիկ շենքը, պարզվում է, մեզ չի տեղավորելու: Շենքի դեկորով հմայված, հասել ենք Ծաղկաձոր, բայց ապրելու ենք կողաբակի սենյակներում՝ նեղլիկ ու... կիսամաքուր: Դեկորից սավսեմ զուրկ:



Փողոցներում դժժում են փոքրիկ` չգիտես ինչ անուն տաս, մեքենաները, որոնցից օգտվելու համար էդպես էլ չիմացանք, թե ինչքան են վճարում: Միակ հետաքրքրվողը որդիս էր, այն էլ՝ երեք տարեկան է, ու իսկի էդ մեքենաների տեսքն արդեն պիտի սարսափեցներ նրան, ինչպես ինձ ու ամուսնուս, բայց, չէ՝ ամբողջ օրը պահանջում է, որ «վը՜ն»-երի մոտ տանեն իրեն: «Մամա, մարդեր են, նայի»,- ցույց է տալիս ճոպանուղու մյուս ճյուղով ապահով ցամաք վերադարձող մարդկանց, մինչ նրա առավել մեծահասակ բարեկամները, դեռ օդում կախված, միայն բարի վերադարձի հույս են մտմտում: Անդավաճանը բնությունն է՝ խիտ, փարթամ ծառերի շարքերը զովացնում են մարդուս քաղաքային դայլայլից ու բույրերից զզված հոգին, բայց բնությանը հարող փողոցն ասես Մաշտոցի պողոտան լինի՝ անտեղի շքեղություն, մեքենաներ, ճիշտ է` քանակով մի փոքր պակաս, պիցցա, սրճարան, գարեջուր, «Մարկետ», մեծ-մեծ տառերով փոքր «Ծախսաձոր», թիթիզ հագնված խաղող օրհնող բազմություն: Ու որքան էլ որդիս անտառից իջնող արջ պահանջի, կարծում եմ, արդյունքը չնչին է լինելու՝ արջը ոչ պիցցա է ուտում, ոչ էլ, կարծում եմ, գարեջրի սիրահար է, իսկ հանգստյան գոտու աղմուկից պիտի որ հեռու փախչի ու փախչի: Որդիս բավականին հիասթափված է: Փոխարենը լավ զվարճացավ հանգստյան տան նոր փռված, մուգ ասֆալտի փոքրիկ ջրափոսերով: Դրանցից մեկում, կարծեմ, անգամ փայտով ձուկ էր բռնել: Ինքն ասաց:



«Մամա, Ծախաձորում աջ կա, վըն կա, ձուկ կա, մեկ էլ որ տուն գնանք, ինձ պատին կառնե՞ս: Ես գաշոկ նստել եմ»,- նկարագրում է Ծաղկաձորը որդիս: Պատինը պլաստիլինն է, որը խոստացել եմ նրան որպես տակը չթրջելու պարգեւ: Ծաղկաձորում տակը չթրջելը հրամայական է, առանց այդ էլ՝ երբ ու ուր նստում ես, թաց է...



- Հա, Դավ ջան,- ասում եմ,- հենց Ծաղկաձորից տուն հասանք, քեզ պատին եմ մաղարիչ անելու...



 



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ