Որքան էլ վատ ապրենք, երեխաներիս մանկատուն չեմ տա

Որքան էլ վատ ապրենք, երեխաներիս մանկատուն չեմ տա

Հաճախ երեխաները հայտնվում են մանկատանը ծնողների կողմից անուշադրության արժանանալու պատճառով: 28-ամյա Քրիստինեն եւ 29-ամյա Գրիգորը, անցնելով դառը մանկություն, հենց մանկատանն էլ ծանոթացել են:



 



Որոշ ժամանակ անց՝ ամուսնացել: Սոցիալապես անապահով այս ընտանիքում շուտով 4-րդ երեխան կծնվի: Քրիստինեն ուրախ է, որ ունի 3 երեխա, իր ուրախությունը կկրկնապատկվի, եթե կարողանա նորմալ պահել ու մեծացնել նրանց. «Ճիշտ է՝ շատ դժվարությամբ եմ պահում, բայց երբեք երեխաներիս մանկատուն չեմ տա, երեխաներս իմ սրբությունն են»: Նրանց ապրուստի միջոցն ընտանեկան նպաստն է: «Ամեն օր տղայիս հետ գնում եմ բարեգործական ճաշարան եւ այնտեղից  ճաշ բերում երեխաներին, գազ ունեմ, բայց տունը գազով չեմ տաքացնում, չեմ կարող վճարել, երեխեքիս նստացնում եմ անկողնու վրա ու ադյալով փաթաթում, որ չմրսեն: Հարեւանները, բարի մարդիկ օգնում են՝ շոր, ուտելիք են տալիս, եթե փող էլ չի լինում, նիսյա եմ անում, «Փարոսը» ստանում-տալիս եմ:  Ամուսինս ինչ աշխատանք ասես անում ա, որ գոնե «Փարոսի» հետ յոլա գնանք»:



«Մի կերպ ապրում են, մեկը շոր ա տալիս, մյուսը՝ կոշիկ,  ճաշ ենք եփում՝ տալիս ենք»,- ասում են հարեւանները: Մի սենյակի մեջ հաց են ուտում, ճաշ եփում, լողանում: 4-ամյա Նվերը մի երազանք ունի՝ լավ սովորել ու ոստիկան դառնալ: Իսկ գուցե ոստիկանությունն իր հովանավորության տա՞կ առնի այս ընտանիքը եւ օգնի ապագա ոստիկանի դաստիարակությանը:



 



Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ