Ինչ գիտեն Ռուսաստանում ղարաբաղյան խնդրի մասին

Ինչ գիտեն Ռուսաստանում ղարաբաղյան խնդրի մասին

Ռուսները քիչ են տեղեկացված ղարաբաղյան հակամարտության մասին, սակայն հույս են հայտնում, որ այն խաղաղ լուծում կստանա: Այս մասին ИНТЕРФАКС-ին տեղեկացրել են Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի սոցիոլոգները:

Կենտրոնի տվյալներով՝ ներկա պահին ամեն չորրորդ ռուսաստանցին (24%) Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է համարում: Նման դիրքորոշում ավելի շատ ունեն բարձրագույն կրթությամբ անձինք (26%), քան հարցման մյուս մասնակիցները (13%):



Հարցման մյուս մասնակիցների կարծիքների հարաբերակցությունը հետևյալն է՝ 11%-ը կարծում է, որ տվյալ տարածքը Հայաստանի մաս է կազմում, իսկ 9%-ը՝ որ Ադրբեջանի մաս է կազմում: Հարցվողների կեսը (53%) դժվարացել է պատասխանել տվյալ հարցին:



Հարցումն իրականացվել է օգոստոսի կեսերին՝ Ռուսաստանի 130 բնակելի թաղամասում և 42 շրջանում, երկրամասում և հանրապետությունում, որին մասնակցել է 1600 մարդ:




Օգոստոսին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին տեղեկացված է ռուս քաղաքացիների 45 տոկոսը, որից 10 տոկոսը մանրամասն տեղեկատվություն ունի: Միաժամանակ՝ ռուսների կեսը (56%) հնարավոր է համարում հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչին ավելի շատ հակված են պատկառելի տարիքի ներկայացուցիչները: