Պաշտոնանկ դատախազով զբաղվում են հատուկ ծառայություննե՞րը

Պաշտոնանկ դատախազով զբաղվում են հատուկ ծառայություննե՞րը

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ավագ օգնական Տիգրան Խեչոյանի պաշտոնանկությունն անսպասելի էր ոչ միայն իրավապահ շրջանակների համար, այլեւ բոլորի, ով քիչ թե շատ ծանոթ էր դատախազության անցուդարձին։ Տիգրան Խեչոյանի հետ Գեւորգ Կոստանյանը մտերիմ է դեռեւս ուսումնառության տարիներից։



Դատախազությունում նա գլխավոր դատախազի աջ ձեռքն էր, իսկ աշխատանքից դուրս՝ մտերիմ ընկերը։ Պաշտոնյաները մոտ էին ընտանիքներով, նրանց կանայք ընկերուհիներ են, եւ Ֆեյսբուքում կարելի է գտնել Կոստանյանի տիկնոջ՝ Լիլիի, եւ Խեչոյանի կնոջ՝ Քնարիկ Մեսրոբյանի երջանիկ լուսանկարները։ Մեկ էլ հանկարծ հրաման, որը որեւէ կերպ չի բացատրվում։ «Ո՞րն է Տիգրան Խեչոյանի ազատման պատճառը» հարցին գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանն ընդամենը ասում է, որ նա ազատման դիմում է գրել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Մյուս կողմից, կուլուարներում արդեն տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ Տիգրան Խեչոյանի անակնկալ հեռացումը դատախազական համակարգից լուրջ կոռուպցիոն բացահայտումների հետ է կապված, եւ այդ բացահայտումներով զբաղվում են Հայաստանի հատուկ ծառայությունները։



Մեծ գումարներ են նշվում, մի քանի տասնյակ հազար դոլարի հասնող, որոնք վերցվել են «գործ անելու համար», սակայն հարցերի լուծումն ուշացել է, քցվածներն էլ նախ դիմել են «գողականներին»՝ գումարները հետ ստանալու համար, ապա՝ իրավապահներին։ Դատախազությունն այս լուրերը որեւէ կերպ չի մեկնաբանում։ Գլխավոր դատախազի խոսնակն ընդամենը հայտնեց, որ եթե քրեական գործ հարուցված լիներ, ապա իրենք այս մասին, անշուշտ, տեղյակ կլինեին։ Իսկ Տիգրան Խեչոյանի գոլդ համարներն անհասանելի էին ողջ օրվա ընթացքում, ինչը նման տեղեկությունների կայծակնային արագությամբ տարածման պարագայում զարմանալի չէ։