Հաղթանակը ոչ Էդոյինն է, ոչ Ծառուկյանինը, այն իմն է

Հաղթանակը ոչ Էդոյինն է, ոչ Ծառուկյանինը, այն իմն է

Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գեւորգյանը այսօր խորհրդարան էր եկել, նրան աջ ու ձախ շնորհավորում էին գործընկերները, պատգամավորները:
Նորաթուխ պաշտոնյայի նյարդերը առաջին փորձարկումից տեղի տվեցին, մոտեցա հաղթանակից ինքնագոհ շրջող Գեւորգյանին, հարցնելով, հաղթանակը Ձե՞րն է, Էդոյինը, թե՞ Գագիկ Ծառուկյանինը: Նորընտիրը հարցը լսելուն պես իրեն առաջին պատահած աշխատասենյակը գցեց՝ դուռը ներսից հրելով վրաս,բայց ի վերջո տեղի տվեց ու հանդարտված հետ եկավ իր «արժանիքները» ցուցադրելու:«Հաղթանակել են աբովյանցիները, հաղթանակ ենք տարել մենք մեր մեծ թիմով ու համախոհների մեծ բանակով: Ու որ ասում եք Էդիկի անունը, Էդոն իմ ընկերն ա, այդ թվում ես շատ ընկերներ ունեմ տարբեր մասնագիտության տեր մարդիկ՝բժիշկներ, դասախոսներ» հակադարձեց Գեւորգյանը,-«Իմ հաղթանակը ինձ համար համոզիչ է, դա իմ հաղթանակն է եղել: Ու մարդիկ համառորեն չեն ուզում հասկանալ, որ նույն Ծառուկյանը, նույն ինչ որ մարդիկ այս ընտրությունների հետ կապ չունեն:



Դա եղել է իմ հաղթանակը, մյուս առաջդրվածները պարտվել են ինձ»:Վահագն Գեւորգյանը վստահեցրեց, որ «կամակատար» չի դառնալու.«Առաջդրվելու որոշումը եղել է բացառապես իմը , հետո կգաք, կտեսնեք, թե մենք ոնց ենք աշխատելու, ես կաշկանդված չեմ ինչ որ մի բանով»: Իսկ ինչո՞ւ էիք ապավինել միայն թիկնապահների աջակցությանը.«Չէ մենակ թիկնապահներ չէին, Էդոն, հա, էնտեղ ա եղել, Էդոն աբովյանցի ա, կարծիք հայտնելու իրավունք ունի, մարդ, որը աբովյանի քաղաքացի լինելուց բացի մտահոգ ա նաեւ վաղվա խնդիրներով, բայց իմ կողքը եղել են շատ մարդիկ, հազարավոր համախոհներ, թիմակիցներ, այդ թվում բժիշկներ, բանվորներ, մտավորականներ»:



Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Աբովյանում տեղի ունեցած ընտրությունների մասին շարունակում են խոսել մինչ օրս, լրագրողները հենց ընտրությունների օրնարձանագրեցին, որ դրանք տեղի են ունենում Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդոյի եւ նրա հաստաբազուկ ու լայնաթիկնեղ «ախռանայի» անմիջական վերահսկողությամբ , իսկ ընդդիմադիր պատգամավորները արդեն մի քանի օր է բարձրաձայնում ընտրակեղծիքների, մասնավորապես ID քարտերով ընտրություններին մասնակցության մասին: ID քարտը, ինչպես և անձնագիրը, համարվում է անձը հաստատող փաստաթուղթ և կոչված է փոխարինելու անձնագրին, բայց մի տարբերությամբ՝ ID քարտի վրա նշված չէ այն կրողի գրանցման հասցեն, և բացի այդ, պլաստիկ քարտի վրա հնարավոր չէ կնիք դնել: Սա նշանակում է, որ ID քարտի տերը կկարողանա քվեարկության օրվա ընթացքում մի քանի անգամ մտնել նույն տեղամաս և մասնակցել քվեարկությանը:



Վահագն Գեւորգյանն ասաց, որ այդ խախտումների հետ կապված որեւէ ահազանգ չի ստացել«Ու տեղեկացված չեմ, ու ես չեմ կարծում, որ էդ ID քարտով կարող ես կրկնակի ընտրություն անել, ինչի՞ մասին է խոսքը»:
Անկուսակցականն ասաց, որ չի պատրաստվում ՀՀԿ-ին անդամակցել: