Կվերականգնեն Հեմինգուեյի՝ Կուբայի կալվածքը

Կվերականգնեն Հեմինգուեյի՝ Կուբայի կալվածքը

Կուբայի և ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են համատեղ նախագծի իրականացման մասին` 860 000 դոլար ընդհանուր արժողությամբ, որի նպատակն է վերականգնել գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էռնեստ Հեմինգուեյի տունը, որտեղ նա գրել է իր ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը` «Ծերունին և ծովը»:



Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` Finca Vigia կալվածքը, որտեղ գրողը բնակվել է 1939-1961 թվականներին, գտնվում է Կուբայի մայրաքաղաք Հավանայի մերձակայքում:



Նախագիծը ներառում է նաև տանը կից արհեստանոցի կառուցումը, որտեղ հետագայում կտարվեն հեղինակի անձնական նամակներն ու սևագրերը և այլ բազմաթիվ փաստաթղթերի վերականգնման աշխատանքները:



Հեմինգուեյի կալվածքը վերականգնելու շուրջ բանակցությունները Կուբայի իշխանությունների հետ սկսվել էին դեռ 2005-ին, սակայն ԱՄՆ-ի և Կուբայի միջև բարդ հարաբերությունների պատճառով նախագծի իրականացումն անհնար էր:



Հեմինգուեյի այրին տունը նվիրաբերել է Կուբայի իշխանություններին, որպեսզի վերջիններս այն վերածեն թանգարանի, որտեղ գտնվում են գրողի գրքերը, հագուստը և անգամ ոգելից խմիչքներում պահվող մողեսների հավաքածուն: