Գնացեք տուն, ամոթ է

Գնացեք տուն, ամոթ է

ՀՀ ոստիկանությանը խորհուրդ եմ տալիս… ոչ, ՀՀ ոստիկանությունից պահանջում եմ թույլ տալ Դավիթ Սանասարյանին եւ Անդրիաս Ղուկասյանին 72 ժամ նստել Հանրապետության հրապարակի «գորգին»: Մեծ բան չէ ուզածները, բայց այն, ինչ տեղի կունենա նրանց հետ 72 ժամ կիզիչ արեւի տակ նստելուց, հավատացնում եմ, կգերազանցի բոլորի սպասելիքները: Կարծում եմ` 120 աստիճան ջերմությամբ գորգին նստելուն պես նույնիսկ հայտնի մազոխիստ Անդրիաս Ղուկասյանն այնպես կսկսի վազել դեպի շատրվանները, որ ոչ մի ոստիկան հետեւից չի հասնի:



Նրանք ո՞ւմ տեղն են դրել հայ ժողովրդին, որ մի բան էլ հրավիրում են «գորգ»: Հաստատ ձեռ են առնում, որովհետեւ ոչ մի խելացի մարդ ստվերում 40 աստիճան շոգին ժողովրդին պայքարի չի հրավիրի մի տեղ, որտեղ, մեղմ ասած, բուսականությունն այնքան էլ առատ չէ:
Կարճ ասած` այն, ինչ այս օրերին անում են Դավիթ Սանասարյանն ու Անդրիաս Ղուկասյանը, որեւէ առնչություն չունի որեւէ պայքարի հետ: Դա մեզ ընդամենը հեռավոր կերպով հիշեցնում է Շանթի հինգրոպեանոց հեղափոխության «անզեն» տարբերակը` կոմիկական դրվագներով հարստացված: Մի բան պարզ պետք է լինի «առաջնորդներ» Սանասարյանի եւ Ղուկասյանի համար` եթե ժողովուրդը չի գալիս, մեկ-երկու փորձից պետք է հասկանալ, որ սկսում ես նմանվել այն միմոսին, որին արդեն ոչ ոք մանրադրամ չի տալիս խեղկատակությունների համար: Դաժան է, իհարկե, բայց սա է իրականությունը:
Ես չէի ցանկանա առանց փաստերի կասկած հայտնել Սանասարյանի եւ Ղուկասյանի ազնիվ մղումների մասին, բայց նրանց այս քայլը` փորձել շարունակություն հաղորդել ինչ-ինչ տեղերից (չի բացառվում` հենց Բաղրամյան 26-ից) կազմակերպված «Ոչ թալանին» շարժմանը (պատգամավորների պատը, որ վերջն էր), մեղմ ասած, քաղաքական դիլետանտություն է, եթե չասենք` անգրագիտություն: Բանն այն է, որ Սանասարյանն ու Ղուկասյանն այս ամենն սկսեցին այն բանից հետո, երբ իշխանությունները հայտնի ջրոցիից եւ սրտաճմլիկ աղբամանաքաշքշոցից հետո հանդիսատես ժողովրդի առաջ իրենց սուրը փառքով դրեցին պատյան` ՀԷՑ-ին`«քըխ», իրենց` «պուպուշ» հանելով: Էլեկտրաէներգիան չի թանկանա, մինչեւ տը, տը, տը… Նույն ձեռագիրն է, ինչ որ տրանսպորտի թանկացման կամ կուտակային կենսաթոշակի դեպքում` խոստումներ, փափուկ բարձեր, ինչից հետո ժողովրդի նյարդերն արագ թուլանում են: Սրա ինչի՞ն շարունակություն տաս:



Սանասարյան-Ղուկասյան զույգը լավ կաներ` մի քիչ էլ քաղաքական պայքարի պրակտիկա ուսումնասիրեր: Օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանի փորձը, ով հացադուլներ ու ծոմապահություններ է անում պահքի օրերին` մազոխիզմը զուգակցելով հաճելիի հետ: Դե, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ այնքան խելացի էր, որ ամռան ամիսներին ֆորումին ուղարկում էր հանգստյան վայրեր, իսկ ինքը փոքր խմբերով երկխոսում էր իշխանությունների հետ: Թե մեկ եւ թե մյուս դեպքում ձեռքբերումներն ակնհայտ են` համապատասխանաբար 5 եւ 7 մանդատ խորհրդարանում:
Իսկ ինչո՞ւ արհամարհել Հայաստանի բոլոր ժամանակների ամենակարկառուն գործչի` Հայրիկյանի փորձը: Հիշում եք, թե ինչպիսի թամաշա ապահովեց, հետո էլ, որպես պարգեւատրություն, 20 միլիոն վաստակեց:



Ասելս այն է, որ պայքարի ձեւերը շատ են, իսկ Սանասարյանն ու Ղուկասյանը կպել են Հանրապետության հրապարակի շիկացած «գորգին»: Կարիք չկա, կարծում ենք, այնպես անել, որ ժողովուրդը վերջնականապես հուսահատվի՝ մտածելով, որ ինքն այլեւս անընդունակ է առաջնորդներ ու որեւէ բանի ղեկավար ծնել: Եռյակի արածն էլ բավական էր:
Ամոթ է, գնացեք տուն: