Հայաստանում ինչ-որ շատ լուրջ բան են քննարկում

Հայաստանում ինչ-որ շատ լուրջ բան են քննարկում

Լավ, բա ի՞նչ անի Սերժ Սարգսյանը, ո՞ւմ հետ քննարկի սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որ հետո, հանրաքվեի դնելիս չմտածի` կանցնի՞- չի անցնի, կանցնի՞-չի անցնի...



Կարծում եմ` ՀՅԴ-ն շտապեց հայտարարել, որ սահմանդրության բարեփոխումներն ու կառավարման խարհրդարանական ձևին անցումն իր 25 տարիների պայքարի հաղթանակն է: Այդ հայտարարությունն իսկական բրոունյան շարժում է առաջացրել քաղաքական դաշտում: Մյուսները հո չեն նախանձում, հո չեն նախանձում ՀՅԴ-ին: Սեժ Սարգսյանին թողած` սոցցանցերի իրենց ողջ հրետանին շուռ են տվել ՀՅԴ-ի դեմ` մոռանալով նույնիսկ, որ իրենք էլ որոշ ժամանակ առաջ բարեփոխումներ էին ուզում:



Լևոն Զուրաբյանին այսօր նախագահականից զանգել և հրավիրել են սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկման: Նա հրավերն այնպես է մերժել, ասես փող են ուզել իրենից: Ասել է` չեմ գա, որովհետև այս փոփոխությունները Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելու համար են: Հավատացեք` մի ուրիշ տեսակ խելացի պետք է լինել, այսքան գրելուց ու ասելուց հետո էլ նման բան հայտարարելու համար: ՀԱԿ-ը ոչ մի կերպ չի ուզում հասկանալ, որ եթե սահմանադրությունը չփոխվի, ինքն է հավերժանալու, որպես թանգարանային էքսպոնատ:



ՕԵԿ-ը ՀԱԿ-ին տվել` անցել է: Ասում են` եթե մեր առաջարկությունները նախագահը չընդունի, ապա նրա հետ հանդիպման գնալը անիմաստ է: Անիմաստ է... Փաստորեն ահագին աճել են որպես ընդդիմադիր, եթե չասենք` դարձել բոլորովին "անբարոյական": Գոնե հայտարարեն, թե ի՞նչ առաջարկներ են արել, որ բարեփոխումների այդ հաստափոր փաթեթում տեղ չի ճարվում դրանց համար: Վստահ ենք` կամ ախմախություններ են, կամ էլ նույն բանը այլ խմբագրությամբ կա արդեն և իրենք հիմա էպատաժվելու խնդիր են լուծում` տեսեք-տեսեք, մենք էլ այնքան "բարոյական" չենք, որքան Սերժ Սարգսյանն է կարծում:



"Ժառանգությունը", երբ հարցնես, քննարկումների մեջ է Րաֆֆի Հովհաննիսյանը, հիշում եմ, մի առիթով ասաց, որ իր կուսակցության անդամներն ազատ են իրենց ուզած հայտարարություններն անելու, իսկ նրանց արած հայտարարությունները քննարկվում են արվելուց հետո: Հիմա, երբ հարցը դրված է` գնա՞լ նախագահի հետ հանդիպման, թե՞ չգնալ, բոլորը լռել են, իսկ լավագույն դեպքում ասում են` հարցը քննարկման փուլում է: Աստված սիրեք` շատ չքննարկեք, որովհետև հանկարծ կարող եք որոշել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գնա նախագահական: Գիտեք, չէ՞,, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանը գնում չընտրված հարգարժան նախագահ պարոն Սերժ Սարգսյանի մոտ:



ԲՀԿ: Սա արդեն բոլորովին այլ թեմա է, իսկը` քաղաքականության այլընտրանք: Ասում են` մեզ հրավեր չեն ուղարկել: Որ մի քիչ էլ սպասեք, հարգելիներս, հատուկ ինքնաթիռ կուղարկեն: Այ ձեր ցավը տանեմ, Վենետիկի մի ամբողջ հանձնախումբ էր վեր կացել, եկել Հայաստան, որ ձեզ ասի` ակտիվ եղեք, մասնակցեք քննարկումներին, մենք նայել ենք, նորմալ փաթեթ է, դուք էիք գնացել Վենետիկ, որտեղ ձեզ, Նաիրա Զոհրաբյանի ասած` որպես թիվ մեկ ընդդիմադիր ուժի խնդրել էին լրջորեն զբաղվել այս գործով, իսկ դուք ասում եք` մեզ չեն հրավիրել: Կարելի էր, թերևս, ավելի ազնիվ լինել և հայտարարել` մեզ ասվծ է դեմ լինել և վերջ: Այդ դեպքում դուք ավելի ընկալելի կլինեիք, հավատացնում եմ: Իսկ թե որտեղից է ասված, թույլ տվեք չմանրամասնել: