Սերժ Սարգսյանի փոխլրացնող հյուրախաղերը

Սերժ Սարգսյանի փոխլրացնող հյուրախաղերը

Երեկ Ղազախստանի Բորովոյե կոչվող գյուղաքաղաքում (ըստ ղազախների՝ այն կոչվում է Բորովոյե, ըստ բելառուսների եւ կիրգիզների` Բուրաբայ) կայացել է ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ: Ինչպես եւ վայել է այդ կառույցին, նախօրեի ուշ երեկոյան էլ չկար տեղեկատվություն, թե նիստն ինչ օրակարգով է գումարվում, ինչ հարցեր են քննարկվելու:



Եվ դա այն դեպքում, երբ հոկտեմբերի 15-ին մեկնարկել էր ՌԴ նախագահի պաշտոնական այցը Աստանա. Պուտինն էլ, Նազարբաեւն էլ մամուլի համար բավականաչափ խոսել էին, անգամ այն թեմաներով, որոնցից հեռու են (հակառակ պարագայում չէին հայտարարի, թե սուննիների եւ շիաների հակամարտությունը հորինվածք է, Սիրիայի պատերազմը միջկրոնական բախում չէ, աշխարհի սխալ ընկալումներն էլ ուղղելու համար Աստանան ու Մոսկվան «Իսլամն ընդդեմ ահաբեկչության» խորագրով միջազգային համաժողով են անցկացնելու), սակայն ոչինչ չէին խոսել ԵՏՄ-ի մասին, կարծես այն գոյություն էլ չունի:



Հինգ հոգով՝ վեց երգ



Ինչեւէ, երեկ Բորովոյեում կամ Բուրաբայում ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստը կայացավ, եւ, նույն նիստի մասին մասնակից հինգ նախագահները վեց տեքստ տարածեցին:
Ղազախստանի նախագահականի տարածած տեքստից հասկացվում է, որ նիստը բացել է Նազարբաեւը, նրա նախաձեռնությամբ էլ մասնակիցներն առանձնահատուկ կանգ են առել ԵՏՄ-ի գործունեությունը «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» հետ ներդաշնակեցնելու վրա:



Բելառուսի նախագահականի տարածած տեքստից հետեւում է, որ նիստը փակել է Լուկաշենկոն եւ արդյունքներն ամփոփելիս ընդգծել, որ Ռուսաստանն ու Ղազախստանը, համաձայն ընդունված որոշման, պետք է լրջորեն աշխատեն Ղրղզստանի հետ սահմանին, որպեսզի այդ երկրի ժողովուրդն զգա ԵՏՄ-ից եկող օգուտը, եւ «Ղրղզստանը չափսոսա, որ միացել է Եվրասիական տնտեսական միությանը»:



Ղրղզստանի նախագահականի կայքը տեղեկացրել էր, որ ԵՏՄ նախագահները նիստից առաջ նկարվել են (թեեւ լուսանկարներից դա արդեն տեսանելի էր), այնուհետ, ինչպես եւ սպասելի է, մեջբերել էր Լուկաշենկոյի խոսքի վերոհիշյալ հատվածը եւ դրանով էլ ավարտել:



Կրեմլի կայքը մեկ օր տեւած նիստերի մասին (ԵՏՄ նեղ կազմով, հետո՝ ընդլայնված կազմով) ընդամենը հինգ տող էր հաղորդել. առաջին երեք տողում ասել էր, որ ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստ է գումարվել, չորրորդ տողով հայտնել էր, որ փաստաթղթերի փաթեթ է ստորագրվել, հինգերորդ տողով էլ ասվել էր, որ խորհրդի հաջորդ նիստը կկայանա տարեվերջին, Մոսկվայում:



ՀՀ նախագահականի հաղորդագրությունում մի քիչ այս էր ասվել, մի քիչ այն, սակայն էականը` տարածված տեքստից դատելով, Սերժ Սարգսյանը ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին ֆիզիկական ներկայություն ապահովելուց այն կողմ ոչ մի հարց չի բարձրացրել, որեւէ խոսք չի ասել, այլապես դրանից մեկ-երկու տող մեջբերում կարվեր:



Ստացվում է, որ Սարգսյանն իր համար ամենակարեւոր հարթակում` ԵՏՄ ղեկավար մարմնի նիստում, լռում է: Դա ինչո՞վ է բացատրվում: Ելույթի թեմա՞ չկա… ի՞նչ անուն կարելի է տալ նրան, որ 2015թ. ավարտին ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհուրդը որոշում է ընդունել «2015թ. ԵՏՄ-ի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին»: Ինչպես կարելի է տարեվերջին ծրագրեր հաստատել ավարտվող տարվա գործունեության մասին:



Կամ Ղազախստանը, Բելառուսն ու Հայաստանը ճառել էին Իսրայելի հետ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի շուրջ պաշտոնական բանակցություններ սկսելու մասին: Եփած հավը կծիծաղեր… Իսրայելը պիտի հարաբերություններ զարգացնի այն Ռուսաստանի ու դրա գրպանային կառույց ԵՏՄ-ի՞ հետ, որն Իրանի հեղափոխության պահապանների գնդի al-Quds Force-ին է հովանավորում, վերջինիս հրավերով ու ցուցումներով Սիրիայում ռմբակոծություններ է իրականացնում, դրանով Իսրայելի երդվյալ թշնամի al-Quds Force-ի եւ նրան ենթակա «Հեզբոլլահի» համար Մերձավոր Արեւելքում գործունեության նոր որակ ու դաշտ ապահովում: Երեւում է՝ Կրեմլում ինչ-որ մեկի միտքը վերջին պահին աշխատել էր, եւ Կրեմլի հրապարակած որոշումների ցանկում, որոնք ընդունվել են ԵՏՄ խորհրդի երեկվա նիստին, Իսրայելին վերաբերող փաստաթուղթ չի հիշատակվել:



Վերջապես ամենահետաքրքիրը ԵՏՄ կոչվող անհեթեթությունների արկղից. այդ կառույցը երեկ ընդունել է ԵՏՄ-ին անդամակցելու եւ անդամակցությունը դադարեցնելու կարգի մասին որոշում: Ծագում է հարց. եթե անդամակցելու կարգը նոր է հաստատվում, այդ դեպքում ի՞նչ հիմքով ու կարգով էր Հայաստանն ամիսներ առաջ անդամակցում ԵՏՄ-ին:



Ամենքին էլ հասկանալի է, որ նման իրավիճակում լռությունը լավագույն կեցվածքն է: Սակայն ԵՏՄ միջոցառումների մասին տիրող լռության ֆոնին ավելի է ընդգծվում լուրերի տարափը, որ ՀՀ նախագահականն ընդամենը կես ամիս առաջ կազմակերպել ու տեղում էր ԱՄՆ-ից:



Վաշինգտոնյան ֆարսը



Ընդ որում՝ ՀՀ նախագահականը Վաշինգտոնից լուրերի տարափ էր կազմակերպել այն պարագայում, երբ ակնբախ էր, որ Սարգսյանին ԱՄՆ-ում ոչ Սպիտակ տան հետ, ոչ նույնիսկ ավելի լայն` ԱՄՆ գործադիր իշխանության հետ պաշտոնական որեւէ հանդիպում ունենալ չի հաջողվում:



Ամենքը հիշում են, որ այս տարի առաջին անգամ Սարգսյանը Վաշինգտոն մեկնեց մայիսին, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու առիթով, սակայն, Վաշինգտոնում գտնվելով, այդպես էլ ԱՄՆ գործադիր իշխանությունների հետ հանդիպում կամ բանակցություն չունեցավ: Հայտնի է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը մասնակցել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված էկումենիկ պատարագին, սակայն, Սպիտակ տան կայքում ոչ պատարագի, ոչ էլ Բայդենի մասնակցության մասին ոչինչ չէր հաղորդվել, ինչը նշանակում է, որ կամ պատարագին կարեւորություն չի տրվել, կամ էլ Բայդենի մասնակցությունը մասնավոր, ոչ պաշտոնական բնույթ է կրել: Սարգսյանի վաշինգտոնյան այցի մնացյալ հատվածը` առեւտրային պայմանագրի կնքում, Կապիտոլ Հիլում մի քանի կոնգրեսականների ու սենատորների հետ հանդիպում, ցուցադրությունների ու գրադարանների այցելություն, արդեն զբոսաշրջություն էր:



Սեպտեմբերյան այցին էլ նույն պատմությունն է կրկնվել: Նյու Յորքում Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, ինչն էլ ավելի էական է. Սարգսյանը հրավիրվել եւ մասնակցել էր ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի գագաթնաժողովին: Դարձյալ Նյու Յորքում ԱՄՆ նախագահի եւ առաջին տիկնոջ անունից ՄԱԿ-ի նստաշրջանին մասնակցող պետությունների եւ կառավարությունների ղեկավարների պատվին տրվող ամենամյա ճաշկերույթ-ընդունելությանն էլ Սարգսյանը նկարվել էր հյուրերին ողջունող Միշել եւ Բարաք Օբամաների հետ: ՀՀ նախագահականն անմիջապես տարածել էր հազվագյուտ լուսանկարը` հավելելով, թե Սարգսյանն ընդունելության ընթացքում խոսել էԱՄՆ նախագահի հետ: 



Իսկ ահա Վաշինգտոնում, որը ճիշտ տեղն է ԱՄՆ իշխանությունների հետ հանդիպելու եւ խոսելու, Սարգսյանը ոչ մի ուշագրավ հանդիպում չէր ունեցել: Հայաստանի ներքին լսարանի վրա տպավորություն գործելու համար Carnegie Endowment-ում եւ Raoul Wallenberg Foundation-ում Սարգսյանի մասնակցությամբ միջոցառումների մասին էին հաղորդումներ տարածվել: Հատկապես Wallenberg Foundation-ի հանդիպումն այնպիսի ձեւակերպումներով ու փաթեթավորմամբ էր նախագահականից լուսաբանվել, որ առաջին հայացքից կթվար՝ Սարգսյանին ԱՄՆ կոնգրեսում են հյուրընկալել: Մինչդեռ իրականում ԱՄՆ Կոնգրեսի սրահներից մեկում ընդունելություն կազմակերպողը, որոշ կոնգրեսակաների հրավիրողն ու Սարգսյանին հյուրընկալողը եղել էր ոչ այլ ոք, քան արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը:



Ահա թե ինչպես: Ռաուլ Վալլենբերգն այն շվեդ դիվանագետն է, որը Երկրորդ աշխարհամարտի տարիներին հազարավոր հրեաների է փրկել գերմանական համակենտրոնացման ճամբարներ տարվելուց, սակայն հետագայում` չնայած նման անձնազոհ ու հերոսական կենսագրությանը, գերեվարվել էր խորհրդային КГБ-ի կողմից եւ անհայտ պայմաններում կնքել մահկանացուն: Ի հիշատակ Վալլենբերգի մեծագործությունների, արգետինացի մի հրեա գործարար` Բարուջ Թենեմբաումը, 1960-ականներին հիմնադրում է Casa Argentina en Jerusalem անվամբ կազմակերպություն` հրեաների եւ կաթոլիկների միջեւ շփումներ հաստատելու, նաեւ Ռաուլ Վալլենբերգի կյանքն ու գործն աշխարհին ներկայացնելու համար: 2000-ականների սկզբից կազմակերպությունը վերանվանվում է Raoul Wallenberg International Foundation, որի ֆինանսավորումն ու ղեկավարումը 2009-10թ.-ից ստանձնում է Թենեմբաումի ընկեր Էդուարդո Էռնեկյանը: Բնականաբար, Էռնեկյանի ընդգրկումով հիմնադրամի աշխատանքներին ավելանում են Հայոց ցեղասպանության ուղղությամբ միջոցառումներ եւ աշխատանքներ: Հիմնադրամը բազմիցս հյուրընկալվել է, երբեմն էլ ինքն է միջոցառումներ կազմակերպել ու հյուրընկալել Կապիտոլ Հիլի պատերից ներս, այդ թվում՝ ի պատիվ Սերժ Սարգսյանի ընդունելությունը, սակայն հազիվ թե ԱՄՆ կոնգրեսը դրա հետ այլ առնչություն ունի` լոգիստիկ-ֆինանսականից բացի:



Սարգսյանն էլ, առիթից օգտվելով, միջոցառմանը հանդես էր եկել «Այսօր այստեղ՝ Կապիտոլ Հիլում ելույթ ունենալով…» բառադարձումներով: Կապիտոլ Հիլում ելույթ ունենալն այն է, երբ պաշտոնապես ԱՄՆ կոնգրեսի ղեկավարությունն է հրավիրում ելույթ ունենալ:



Այնպես որ, հաստատվում է հայտնի ասույթի ճշմարտացիությունը. «Երկու երանի մի տեղ չի լինում»: ԵՏՄ-ում Սարգսյանը հանդիպում է ղեկավարների, բայց խոսելու թեմա չկա, եւ լռում է: ԱՄՆ-ում որքան ասես թեմա կա, եւ աջուձախ խոսում է, սակայն ղեկավարները չեն նրա ունկնդիրները: Ի՜նչ ասես… փոխլրացնող հյուրախաղեր:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ