Վթարի ենթարկված ավտոբուսի վարորդի ընտանիքը դեռ չի որոշել՝ գնա՞լ Ռուսաստան, թե՞ ոչ (լուսանկարներ)

Վթարի ենթարկված ավտոբուսի վարորդի ընտանիքը դեռ չի որոշել՝ գնա՞լ Ռուսաստան, թե՞ ոչ (լուսանկարներ)

«Քինգ դելյուքս» ընկերությունից Hraparak.am-ին տեղեկացրին, որ ընկերության սեփականատերը Արթուր Հարությունյանը (Պալաչ) դեռ Հայաստան չի վերադարձել. «Կվերադառնա, երբ հետաքննությունն ավարտված կլինի».- ասաց աշխատակիցներից մեկը:



Ի դեպ, Արթուր Հարությունյանը հայտարարել է, որ փաստաբան է վարձելու վարորդի՝ Գառնիկ Հարությունյանի համար, ով դժբախտ պատահարի ժամանակ եղել է ավոտբուսի ղեկին: Այս մասով Գառնիկ Հարությունյանի ընտանիքի անդամները տեղյակ չէին, իրենք էլ դեռ մտածում են՝ արդյոք արժի՞ նոր փաստաբան վարձել, թե՞  տրամադրված հանրային պաշտպանը պատշաճ կպաշտպանի նրա իրավունքները. «Դե հիմա այդ մասին պետք է որոշենք, հարցեր են, պետք է կողմնորոշվենք, թե ինչ ենք անելու, ինչպես: Ռուսաստան մեկնելու մասին էլ դեռ չենք կողմնորոշվել, հիմա այդ հարցն ենք քննարկում: Եղբորս հետ էլ չենք զրուցել, նրա մոտ բջջային հեռախոս չկա, ինչ տեղեկատվություն ունենք, ամբողջը լուրերից ենք».- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Հարությունյանը՝ Գառնիկ Հարությունյանի եղբայրը:



Նշենք, որ Գառնիկ Հարությունյանը Արամուս գյուղից է, ամուսնացած է, ունի 2 որդի, որոնք այժմ ծառայում են ՀՀ ԶՈՒ-ում: Ընտանիքը ապրում է սոցիալապես ծանր պայմաններում: Հարազատների խոսքով՝ նա փորձառու վարորդ է եւ չէր խաղա այդքան մարդու կյանքի հետ: Բայց թե ինչն է եղել վթարի պատճառը, առայժմ միայն վարկածներ են շրջանառվում: 



Հիշեցնենք, որ  նոյեմբերի 3-ին, ժամը 04.44-ին, ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Ժամը 10.00-ի դրությամբ պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 33-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային ԲԿ-ներ, մասնավորապես Ուզլովայա ԲԿ: Մոսկվայում վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում է Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանի «Քինգ դե լյուքս» ընկերությանը:



Լուսանկարները՝ Վահե Ավանեսյանի ֆեյսբուքյան էջից