Դա պրոֆեսիոնալ աշխատանք էր. Հերմինե Նաղդալյանը Երևանում իրականացված հակաահաբեկչական գործողության մասին

Դա պրոֆեսիոնալ աշխատանք էր. Հերմինե Նաղդալյանը Երևանում իրականացված հակաահաբեկչական գործողության մասին

Ազգային անվտանգության ծառայության կողմից երեկ Երևանում զինված խմբի ձերբակալության միջադեպը Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում չի քննարկվել, ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Ավելին, քան մամուլում արդեն կա, ասել չեմ կարող: Ընթանում են աշխատանքներ, դա ծավալուն, մեծ աշխատանք է, որի արդյունքները արդյունքները անմիջապես չեն կարող երևալ, ուստի պիտի զինվենք համբերությամբ, մինչև պատկան մարմինները իրենց աշխատանքը ավարտեն»,- նշել է Հերմինե Նաղդալյանը:



Նաղդալյանը համաձայն չէ, որ այդ կարգի մի բան հնարավոր էր բեմականացնել: «Նման բեմադրություն անելու կարիքն ու անհրաժեշտությունը չունեինք: Բավական բարձր մակարդակով որակյալ աշխատանք են տարել: Հանրությունը պիտի գոհունակություն հայտնի, որ նման պրոֆեսիոնալ աշխատանք է տարվել, որի արդյունքում՝ առանց զոհերի և ծանր հետևանքների, պատկան մարմինները կարողացան աշխատանքը ավարտին հասցնել»:

Ինչ վերաբերում է վարկածներին, որ խմբավորումն ունեցել է քաղաքական հաշվեհարդար տեսնելու նպատակ, ԱԺ փոխնախագահը հորդորեց գնահատականներից զերծ մնալ՝ նշելով, որ որևէ մեկի կողմից շարժառիթների մասին կարծիք հայտնելը ճիշտ չէ:

Հերմինե Նաղդալյանը խորհուրդ է տվել լուրջ չվերաբերվել նաև շրջանառվող ասեկոսեներին, մանավանդ այն խոսակցություններին, թե խումբը քաղաքական հաշվեհարդարներ էր ծրագրել, կամ որ կապված էր «Նոր Հայաստան» շարժման հետ: «Դրանք խոսակցություններ են, և դուք գիտեք, թե հաճախ որքան անլուրջ են լինում խոսակցությունները»,- ասել է Նաղդալյանը և խորհուրդ տվել սպասել արդյունքներին: