Հույսը մի խլեք

Հույսը մի խլեք

Կարիքն ու աղքատությունը, օրվա հացը վաստակելու դժվարությունները չեն կարող չչարացնել մարդկանց։ Բայց երբ բանկում գրավադրված տուն ունեցող եւ հավանաբար վարկը փակել չկարողացող մարդը ձեռքն է առնում որսորդական հրացանը եւ բանկի 32-ամյա շարքային աշխատակցին, որից ոչինչ կախված չէ, սպանում, սա խոսում է մարդու հոգեկան անհավասարակշիռ վիճակի եւ վարկերի «տակ» գտնվելու պատճառով հանրային պսիխոզի մասին։ Երբ հոր ծեծված լինելու մասին տեղեկացած 27-ամյա երիտասարդը ձեռքն է առնում հրազենն ու գնում հոր ծեծողներին պատժելու եւ զայրացած պահին անկառավարելի դառնալով երեք երիտասարդների կյանքին վերջ տալիս, սա խոսում է իրավական համակարգի նկատմամբ անվստահության, վենդետայի միջոցով բոլոր հարցերը լուծելու հուսահատության եւ այդ պատճառով մարդկանց հոգեկան առողջության խաթարվածության մասին։ Երբ մեծ խումբ երիտասարդներ, որոնց գրառումներից դատելով, լավ հայրենիքում ապրելու, իրենց երկիրը մաքուր, գեղեցիկ, բարեկեցիկ ու ապահով դարձնելու երազանքներ ունեն եւ դրան հասնելու համար ոչ թե աշխատում են, պայքարում, այլ զենք կուտակում՝ հավանաբար ահաբեկչություն իրականացնելու եւ գործող իշխանություններից ազատվելու նպատակով, ապա սա խոսում է ընտրական համակարգի չգոյության, երկրում ինչ-որ բան փոխելու նկատմամբ հավատի բացակայության մասին։ Նաեւ այն մասին, որ կարելի է ճնշելով, ահաբեկելով, վախեցնելով՝ պահել քաղաքական ուժերի «ստատուս-քվոն», սակայն երբ մարդիկ հայտնվում են դատապարտվածի անհույս եւ անզոր վիճակում, նրանք դառնում են անկանխատեսելի ու վտանգավոր։ Մարդկանցից կարելի է խլել ամեն ինչ, բայց հույսը խլել չի կարելի։ Նրանք պետք է տեսնեն փոփոխություններ անելու հնարավորությունը, որ զենք չառնեն ձեռքները։