Ադիբեկյանի սոցիոլոգիան կեղծ գիտություն է

Ադիբեկյանի սոցիոլոգիան կեղծ գիտություն է

Ահարոն Ադիբեկյանի նման ևս մեկ սոցիոլոգ և Արցախին այլևս թշնամի պետք չէ: Օրը ցերեկով, Tert.am-ի հետ զրույցում այդ մարդը հայտարարել է. «12 հազար քառակուսի կիլոմետր տարածքը Արցախի 150 հազար բնակչությունն ի՞նչ է անելու»:



Պարոն Ադիբեկյան, հավանաբար տեղյակ եք, որ Ռուսաստանի տարածքը 17 մլն.125 հազար 191 քառակուսի կիլոմետր է, բնակչությունն ընդամենը 150 միլիոն (մի քիչ պակաս): Բայց ահա՝ Ճապոնիային մի կղզին ինչ է, չեն զիջում: Դոնբասից և Ղրիմից ձեռք չեն քաշում, որ պատժամիջոցներից ազատվեն: Եվ չկա մի ռուս սոցիոլոգ, որ ասի՝ այդ անծայրածիր Սիբիրը մեր ինչի՞ն է պետք, ի՞նչ ենք անելու: Հավանաբար դա նրանից է, որ ռուս սոցիոլոգի համար Ռուսաստանը նախևառաջ հայրենիք է և հետո միայն տարածք, իսկ Ադիբեկյանի համար՝ հակառակը:



Երկրներ կան, որոնց մեծ մասը անապատ է, Ավստրալիայի գրեթե 70 տոկոսն անմարդաբնակ է և հարմար էլ չէ բնակեցման համար, բայց փորձեք մի թիզ հող խլել կամ մի ավազաթումբ:



Ադիբեկյանի հարցադրումը շատ ավելի վտանգավոր է, քան այն, ինչ մեզ համար նախապատրաստում են հզոր երկրների մայրաքաղաքներում: Մենք իրավունք չունենք Ադիբեկյանի նման մտածելու: Արցախի ամեն թիզ հողը անվտանգության երաշխիք է, անկախության երաշխիք, զարգացման երաշխիք: Ու եթե բան է, ստիպված ենք լինելու սակարկել, իսկ դրա հեռանկարն այնքան էլ անիրատեսական չէ Պուտին-Սարգսյան հանդիպումից հետո, ապա միայն ու միայն Արցախի լիակատար անկախությունն ու անվտանգությունը պետք է լինի յուրաքանչյուր թիզ հողի արժեքը:



Էդիկ Անդրեասյան