Բոլորը դեպի ԵԱՀԿ եւ Մինսկի խումբ

Բոլորը դեպի ԵԱՀԿ եւ Մինսկի խումբ

Երեկ Հայաստանում վերջապես հայտարարվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը: Դա հրամայական անհրաժեշտություն էր` Հայաստանում արդեն քանի ամիս ձգվող ներքաղաքական կաթվածահար վիճակը կարգավորելու համար: Բայց ոչ միայն: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ են, քանի որ 2020-ի նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությամբ արգելակված ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբում վերստին ակտիվանում է, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի այցը հենց դա էր ազդարարում, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ եւ ադեկվատ իշխանություն` Մինսկի խմբի գործընթացին ղարաբաղյան խնդրի կարգավորմանը առավել արդար եւ հայանպաստ լուծում տալու համար: 

Յուրաքանչյուրն էլ գիտակցում է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում չի լինելու հաղթող ուժ, ամենայն հավանականությամբ, հաջորդ խորհրդարան կանցնեն նախկին նախագահներ Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, Սարգսյանին, նաեւ Փաշինյանին եւ Ծառուկյանին ներկայացնող ուժերը, չի բացառվում` եւս մեկ-երկուսը, սակայն նրանցից ոչ մեկը 20-25 տոկոսի չափ ձայն էլ չի ստանա, ինչը նշանակում է, որ անխուսափելիորեն կազմավորվելու է կոալիցիոն իշխանություն` գուցե նույնիսկ բոլորովին անսպասելի դաշինքներով, դիմակայություններով եւ դասավորություններով, սակայն վստահաբար` կարճատեւ կյանքով: Գուցե հունիսի ընտրություններին հաջորդող մեկ տարում նոր արտահերթ ընտրություններ կլինեն, բայց դա է ներկա ճգնաժամը հանգուցալուծելու ճանապարհը, այլ ճանապարհ չկա: Բոլոր խորհրդարանական երկրներում էլ ճգնաժամերը հանգուցալուծվում են մի կամ մի քանի արտահերթ ընտրություններով:

Էականը այն էր, որ այդ ճիշտ ճանապարհին կանգնենք, եւ որքան հնարավոր է արագ միջազգային դիվանագիտական հարթությունում կատարյալ սնանկության հասած Փաշինյանի կառավարությունը հեռանա, եւ նոր իշխանությունը ոչ թե միջազգային ատյանում կարողանա Հայաստանը ներկայացնել առանց Մոսկվային քծնելու եւ դեպի Մոսկվա նայելու, այլ հավասարապես Վաշինգտոնի, Փարիզի եւ Մոսկվայի հետ աշխատելով, քանի որ Մինսկի խմբի գործընթացը վերականգնվում է, եւ հենց այդ ձեւաչափում էլ տեսանելի ապագայում ԼՂՀ խնդիրը լուծում է ստանալու: 

ԼՂՀ-ի շուրջ կարգավորման գործընթացի ակտիվացման մի հավաստումն էլ երեկ Վիեննայից տարածված զուգահեռ հայտարարություններն էին ԵԱՀԿ գործող նախագահի` Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերի մասին: Երկու հայտարարություններում էլ բառացի կրկնվող նույն պարբերություններն էին` տարբեր հերթագայությամբ, եւ երկուսում էլ Անն Լինդեի անունից հայտարարվում էր. «Իբրեւ ԵԱՀԿ պաշտոնավարող նախագահ, ես կատարելապես սատարում եմ Մինսկի խմբի համանախագահների  եւ անձնական ներկայացուցչի ջանքերին խաղաղության եւ համապարփակ ու կայուն կարգավորման հասնելու ուղղությամբ: ԵԱՀԿ-ն եւ միջազգային հանրությունը էական դերակատարում ունեն առկա խնդիրները լուծելու եւ առաջ շարժվելու ուղիներ գտնելու հարցում»:

Սա ասվել է Հայաստանում, բացարձակ համընկնելով նրան, ինչ ասում է Հայաստանը ԼՂՀ խնդրի կարգավորման մասին` սկսած դրա կարգավորված չլինելուց մինչեւ Մինսկի խմբում կարգավորվելու անայլընտրանք հեռանկար: Նույնը ասվել է նաեւ Ադրբեջանում` ի պատասխան Իլհամ Ալիեւի բարբաջանքի եւ ներքին լսարանի համար էժանագին քարոզչության, թե ինքը լուծել է ԼՂՀ խնդիրը: Այո, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների խախտումով եւ ուժի կիրառումով Ալիեւը փոխել է ԼՂԻՄ տարածքների շուրջ գտնվող յոթ շրջանների վերահսկողին, այժմ դրանք ոչ թե Ստեփանակերտը, այլ Բաքուն է վերահսկում, բայց դրանից, ինչպես Գերմանիայի ԱԳ նախարարն էր դեռ ընթացող պատերազմի օրերին ձեւակերպել` ԼՂՀ խնդիրը որեւէ կերպ չի լուծվում: Եվ հիմա միջազգային հանրությունն է դա հայտարարում Բաքվում, ի գիտություն Ալիեւի եւ որ ավելի էական է` Ադրբեջանի ժողովրդի: Իսկ դա նշանակում է, որ Ալիեւը պետք է լեզուն կտրի եւ գնա բանակցությունների` աչքի առջեւ ունենալով միջազգային հանրության կողմից ԼՂ անկախությունը ճանաչելու հեռանկարը: