Ողջո՜ւյն արխադաշ Ալուն. հաղթա՜նակ գործին Իլյիչի

Ողջո՜ւյն արխադաշ Ալուն. հաղթա՜նակ գործին Իլյիչի

Հիմա ո՞վ կարող է իմանալ, թե 1924 թվականին այս տողերը գրելիս ինչ էր մտածում Եղիշե Չարենցը: Չէ՞ որ ընդամենը 3 տարի դրանից առաջ «Իլյիչի եւ Ալու» միջեւ կնքվեց «բարեկամության ու եղբայրության պայմանագիրը» (հայտնի է նաեւ «Մոսկվայի պայմանագիր», «Լենին-Քեմալ պայմանագիր» անվանումներով), որովհետեւ «Հասկացել էր Ալին. Լենին- բեյուկ խալիֆ, - Լենին կառոշ»։

Ինչու Մոսկվայից այդքան հեռու Տրապիզոնում նավակի թիավար Ալին հաս­կա­ցել էր, որ Լենինը մեծ խալիֆ է, իսկ 100 տարվա ընթացքում հայ քաղաքական, պետական գործիչներն այդպես էլ դա չեն հասկացել: 100 տարի է, ինչ մեր որոշ հան­ճարներ պնդում են, որ այդ պայմանագիրը կարող է չեղարկվել. Почем был опиум для народа? Այդ օպիումի ազդեցության տակ միլիոնավոր հայեր հավատացել են, որ 2021 թվականի մարտի 16-ին մի արտասովոր բան է լինելու, ինչպես որ ՏՏ ոլորտի ներ­կայացուցիչները մեծ աղմուկ էին բարձրացրել 2000 թվականի գալստյան առի­թով եւ ստեղծված աժիոտաժի միջոցով լավ փող «սարքեցին»: 

2000-ին ո՛չ Նոստրադամուսի կանխատեսումն իրականացավ, ո՛չ էլ ՏՏ ոլորտի գուշակների: Թեպետ Նոստրադամուսի պահով զգույշ լինենք՝ «Աշխարհի վերջն» էլ ինչպե՞ս է լինում: Աշխարհի վերջը սկսվում է, երբ արժեքները, որոնք մարդուն տարբերում են կեն­դանուց, ոտնահարվում են զանգվածաբար, երբ աշխարհը կառավարվում է հուզական եւ այլ մարդկային հատկանիշներից զերծ, արհեստական բանակա­նութ­յամբ:

2021-ին էլ ինչ-որ բան եղավ, ավելի ստույգ՝ դրանից մի քանի ամիս առաջ: Հազարավոր հայերի արյան «շնորհիվ» էլ ավելի ամրապնդվեց ռուս-թուրքական համագործակցությունը՝ «հիմնված խորապես գիտակցված, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի ու շահերը հաշվի առնելու, համատեղ արդյունավետ աշխատանքի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների բարեկեցության ու բարգավաճման վրա՝ հանուն տարածաշրջանում եւ ընդհանուր առմամբ եվրոպական աշխարհամասում խաղաղության, անվտանգության ու կայունության»,- պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ այսպիսի մեկնաբանությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ-ն: 
Բա ի՞նչ էիք կարծում, հայերի համար երկու մեծ տերություն պետք է գնային առճակատմա՞ն: Այո, ժամանակին այդ պայմանագիրը խաբեություն է պարունակել, ավելի ճիշտ՝ թուրքերի խաբեություն եւ բոլշեւիկների ինքնախաբեություն: Սովորաբար, քաղաքացիական իրավունքում նման բացահայտման դեպքում պայմանագիրը ճանաչվում է առոչինչ: Ու ոչինչ, որ այդ ժամանակ պայմանագրի կողմերը միջազգայնորեն ճանաչված չեն եղել: Բարի կամքի մասին է ասվել: «Բարի կամքը» սովորաբար թելադրվում է ռազմական ուժով:

Սա Real Politics է՝ արհեստական բանականության նման մի բան: Ինչ «հարմար» ստացվեց. Արցախը վերադարձավ ի շրջանս «Լենին-Քեմալ պայմանագրի»: Եթե հայերն այլ մայրցամաքում լինեին, ամեն բան հնարավոր կլիներ: Բայց այստեղ, այս տարածաշրջանում, այսպիսի պայմանագրի առկայության պայմաններում, մի՞թե հեռանկար ուներ ղարաբաղյան շարժումը (առավել եւս, որ ի սկզբանե հայտնի էր, որ Սերգոն վատ է ապրելու): 

Գուցեեւ ունենար, եթե դատարկ ամբիցիաներ ունեցող, ինքնահաստատման ձգտող անձինք չմասնատեին հասարակությունը (ամեն ինչ սկսվեց «պոլի փետից». թող պոլի փետ ըլնի, մերն ըլնի), եւ այն միասնական լիներ, եթե պետական ապարատում լինեին ոչ թե «պոլիփետեր», այլ պետական մտածողությամբ մարդիկ,  պետական շահերը գերադասեին անձնականին, եթե զարգացած տնտեսություն լիներ, առաջավոր սպառազինություններով զինված բանակ ունենայինք, եթե ընչաքաղցության, ագահության որդը մեզ չհոշոտեր ներսից, եթե չգլորվեինք գավառականության ճահիճը: Բայց պատմության մեջ չեն լինում «եթե»-ներ: Համենայնդեպս՝ մեր թշնամիների համար հեշտ չէր լինի իրագործել նախորդ աշնան սցենարը, իսկ իրագործելու դեպքում կպարտվեին բոլորը… ինչի գիտակցումն էլ զսպող դեր կխաղար:
«-Ալի՛, Լենին յոկ», բայց չմտածես, հաղթելու ես: 

ՀԳ. Բոլշեւիկները միայն 24 տարի անց հասկացան, որ խաբված են թուրքերի կողմից. իրենց ակնկալիքները չարդարացան: Փակ բանակցություններում ԽՍՀՄ-ը սկսում է հող նախապատրաստել եւ արդեն 1946-ին պաշտոնապես հնչեցնում է պահանջը՝ վերադարձնել 1921 թվականի պայմանագրով հանձնված հողերը: Այդ պահանջը մերժվում է. Թուրքիային պաշտպանում են Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն: Կոմունիստները վախենում են, իսկ Ստալինի մահից անմիջապես հետո նրանք կամովին հետ կանչեցին Թուրքիային ներկայացված բոլոր պահանջները: 
Ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ Ռուսաստանին մեղադրել պետք չէ: 100 տարի առաջ լինել-չլինելու առաջ կանգնած Թուրքիան ապացուցեց իր կենսունակությունը, ավելին, այդ նույն ժամանակ մեկնարկած Ադրբեջանի նախագիծը նույնպես հաջողվեց իրագործել: Իսկ Ռուսաստանը մեծ տերություն է՝ նույնքան մեծ հիմնախնդիրներով: Ի դեպ, խորհրդային նախկին մենշեւիկ դիվանագետ, «невозвращенец» Գեորգի Սոլոմոնովը Փարիզում 1930-ին հրապարակված «Среди красных вождей» աշխատանքում բերում է իր հետ Լենինի խոսակցության մի դրվագ.  «Дело идет о создании социалистического государства… Отныне Россия будет первым государством с осуществленным в ней социалистическим строем… А… вы пожимаете плечами! Ну, так вот, удивляйтесь еще больше! Дело не в России, на нее, господа хорошие, мне наплевать - это только этап, через который мы проходим к мировой революции».

Այն ժամանակ գուցե պետք էր հասկանալ, որ Լենինն առավել եւս թքած ուներ տասնյակ փոքր երկրների վրա: Այժմ նույնքան կարեւոր է հասկանալ, որ ոչինչ չի փոխվել աշխարհաքաղաքականության մեջ: Մինչդեռ մենք նման պարապ գործով չենք կարող զբաղվել, մենք այլ գերխնդիր ունենք. մի քանի երրորդ ուժեր ու հազար ու մի կուսակցություն պետք է ստեղծենք՝ ընտրությունները սարի հետեւում չեն…Այսօրվա իրողություններին համահունչ՝ Լենինի խոսքը կլիներ այսպիսին. «Дело не в Армении и в Арцахе, на них, господа хорошие, мне наплевать - это только этап, через который мы проходим к бархатной мировой революции - становясь бастионом демократии».

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ