Պարզ միջոցներ՝ ինսուլտի պրոֆիլակտիկայի համար 

Պարզ միջոցներ՝ ինսուլտի պրոֆիլակտիկայի համար 

Չինացի գիտնականները պարզել են, որ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, այդ թվում նաեւ ակտիվ տնային աշխատանքը եւ հեռուստացույցի էկրանի դիմաց անցկացրած ժամանակի սահմանափակումը էականորեն նվազեցնում են ինսուլտի հավանականությունը։ Այս մասին հայտնում է Stroke պարբերականը։ Մոտ 400 հազար կամավորների մոտ 8 տարի շարունակ իրականացրած մշտական դիտարկումները բավական հետաքրքիր պատկեր են պարզել։ Այդ ութ տարիների ընթացքում արձանագրվել է 6983 ինսուլտի դեպք։ Միաժամանակ, երբ վերլուծել են կամավորների կենսակերպը, աշխատանքի, հանգստի, ֆիզիկական ակտիվության հետ կապված տվյալները, պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր ավելի ակտիվ ֆիզիկական կյանք են վարել, ինսուլտի հավանականությունը 17 տոկոսով քիչ է եղել։

Գիտնականները նաեւ պարզել են, որ չափազանց երկար քնելու սովորությունը, հաճախ ավտոմեքենայով կամ հանրային տրանսպորտով տեղաշարժվելը, քայլելու սահմանափակումը, ինչպես նաեւ գաջեթներով կամ հեռուստաէկրանի առաջ չափից դուրս շատ  ժամանակի անցկացումը ինսուլտի հավանականությունը մեծացնում է 43 տոկոսով։ Այս ամենի հիման վրա չինացի գիտնականները հորդորում են հաճախ քայլել, ապրել ակտիվ ֆիզիկական կյանքով, ներառյալ նաեւ զբաղվել տան գործերով՝ մաքրություն եւ այլն, կենսակերպը դարձնել ավելի առողջ եւ շարժուն։